կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-12 14:51
Հասարակություն

«1,5 մլն նահատակների արյունն ավիշ դարձավ մեր եկեղեցու ու ժողովուրդների կյանքին». ԱՐԱՄ Ա. Տեսանյութ

«1,5 մլն նահատակների արյունն ավիշ դարձավ մեր եկեղեցու ու ժողովուրդների կյանքին». ԱՐԱՄ Ա. Տեսանյութ

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա կաթողիկոսն իր երախտիքի խոսքն ասաց սրբազան քահանայապետ Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

 

«Ինչպես երկրորդ դարի եկեղեցու հայր Տերտուղյանոսն է ասել՝ նահատակների արյունն ավիշ դարձավ եկեղեցու կյանքի ու վկայության, այնպես էլ 1,5 մլն նահատակների արյունն ավիշ դարձավ մեր եկեղեցու ու ժողովուրդների կյանքին՝ մեզ տալով հավատքի և հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու ու նույնիսկ իմացյալ մահով նահատակվելու սրբազան քաջությունը։ Եվ այսօր այս արարողությամբ մենք հոգեպես կլիցքավորվենք մեր նահատակների հավատքով ու մանավանդ սրբազան կտակով: Ցեղասպանությունն անհերքելի և անմոռանալի փաստ է, որը խորապես հիմնված է ժամանակակից պատմության էջերում և առավելապես հայերի գիտակցության մեջ: Հետևաբար, բոլոր փորձերը այն ջնջելու և մոռացության մատնելու դատապարտված են անհաջողության»: Միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը մարդու դեմ ուղղված հանցագործություն է և դրա դատապարտումը, ճանաչումը և փոխհատուցումը միմյանց հետ փոխկապակցված են։ Արդարությունը մարդու կողմից չի ստեղծված, այլ տրված է աստծու կողմից, հետևաբար անարդարությունը մեղք է աստծու դեմ»,-ասաց նա։

 

Արամ Ա-ն շեշտեց, որ, բացի 1,5 մլն զոհերից, ոչնչացվել, բռնագրավվել կամ կորսվել են հազարավոր պատմական, կրոնական և մշակութային ժառանգություն հանդիսացող եկեղեցիներ և վանքեր, ինչպես նաև բարեգործական կենտրոններ և համայնքներ:

 

Արամ Ա կաթողիկոսը նաև կարևորեց այն փաստը, որ կաթոլիկ եկեղեցու կողմից այսօր սրբադասված Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։