|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Մայրությունը պաշտամունքի առարկա է եղել անհիշելի ժամանակներից: Մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի անբաժանելի և կարևոր մասն են: Առողջ, կիրթ և հայրենասեր սերնդի դաստիարակությունն առաջին հերթին և արդարացիորեն գնահատվում է որպես հայ մայրերի արժանիք և սխրանք:
Այդ սխրանքի վկան էինք մենք 100 տարի առաջ, երբ հայ մայրերը աքսորի ճանապարհին, անապատի ավազների վրա գրելով, մաշտոցյան այբուբենն էին ուսուցանում իրենց զավակներին՝ հավատալով իրենց և մեր փրկությանն ու վերապրումին: Այսօր մենք մեծարում ենք մեր մայրերին. նրանք են մեր ժողովրդի հավերժության առաջին երաշխավորը:
Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին են արժանացել ցեղասպանության ենթարկված հայ կանայք` ի դեմս այսօր էլ իրենց ընտանիքներին մայրության ջերմությունը պարգևող և տոկունության օրինակ ծառայող մեր քսան վերապրած հայրենակցուհիների:
Կրկին շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ բոլոր մայրերին մաղթում եմ ընտանեկան երջանկություն և մայրական հպարտություն»: