կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 16:17
Մշակույթ

Դուդուկ լավ նվագելու համար առաջին հերթին պետք է հայ լինել

Դուդուկ լավ նվագելու համար առաջին հերթին պետք է հայ լինել

Երիտասարդ դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը վերջերս Ռումինիայի տարբեր քաղաքներում հանդես է եկել յուրօրինակ համերգներով` տարբեր ազգությունների երաժիշտներ իրենց ազգային գործիքներով կատարել են Ռումինիայի ժողովրդական երգերը: Երաժիշտն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան` Գեւորգ Դաբաղյանի ղեկավարությամբ, հիմա աշխատում է կոնսերվատորիայում, ազգային նվագարանների պետական նվագախմբում` որպես դուդուկահար, Գուրջիեւի անվան ժողգործիքների համույթի անդամներից է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում երաժիշտը նշեց, որ սա արդեն երկրորդ անգամ էր, որ համագործակցում են մոլդովացի, թուրք, իրանցի, գերմանացի, իսպանացի, բրիտանացի եւ հայ երաժիշտները:

 

«Առաջին անգամ 2013-ին «Ֆեյսբուք»-ով իրանցի մի տղայից` Մեհդի Ամինիանից, առաջարկ ստացա, որ ուզում են համերգ կազմակերպել` տարբեր երկրների ժողովրդական գործիքներով ներկայացնենք ռումինական երաժշտություն: Գաղափարը շատ դուր եկավ, բայց լուրջ չվերաբերվեցի, քանի որ «Ֆեյսբուք»-ով էր հրավերը, սակայն ամիսներ անց ինձ հրավիրեցին Ռումինիա: 10 օր շրջեցինք ամբողջ Ռումինիայի վառ ֆոլկլոր ունեցող գյուղերում ու քաղաքներում, ձայնագրեցինք նրանց երաժշտությունը, հետո մենք գործիքավորեցինք դրանք մեր ձեւով»,- պատմեց Հովհաննիսյանը` հավելելով, որ ռումինացիներին շատ են դուր եկել ստացված երգերը:

 

Խոսելով դուդուկի մասին` երաժիշտը նշեց, որ դուդուկ լավ նվագելու համար առաջին հերթին պետք է հայ լինել, ծնվել եւ ապրել Հայաստանում, քանի որ օդը, ջուրը, կենցաղն ազդում են հոգեբանության վրա` դուդուկն ամենահայկական գործիքն է:

 

«Ինչպես հայն է ամեն տեղ գնալիս կարողանում է ընկերանալ, շփվող է, դուդուկն էլ է այդպես` կարողանում է մերվել ցանկացած երաժշտության մեջ` դասական, ջազային, ֆոլկ, ուղղակի պետք է զգույշ լինել, որ վուլգար ու անճաշակ չլինի այդ համադրությունը: Իսկ ճիշտ համադրել մենք մեր վարպետներից ենք սովորել, անգամ օտար նախագծերում փորձում ենք դուդուկը հայերեն ներկայացնել»,-ասաց Հովհաննիսյանը:

 

Ըստ նրա` Հայաստանում դժվար է կայանալն ու ինչ-որ բանի հասնելը, բայց նա, ով իր առջեւ նպատակ է դրել, պետք է անտեսի դժվարություններն ու լավատեսորեն տրամադրվի:

 

«Եթե յուրաքանչյուր մանրուքից տխրենք եւ հիասթափվենք, ուրիշ ոչ ոք մեր փոխարեն մեզ համար ճանապարհ չի հարթելու: Համապատասխան մթնոլորտն առաջին հերթին մենք` երիտասարդներս, պետք է ստեղծենք, չպետք է սպասենք, որ նախարարություններն ու նախարարները ստեղծեն մթնոլորտ»,- ասաց Հովհաննիսյանը: