- Պարո՛ն Դարբինյան, հայ ժողովրդի համար Շուշին տնտեսական, քաղաքական ու մշակութային առումներով ի՞նչ նշանակություն է ունեցել:
- Շուշին հայոց նշանավոր քաղաքներից է, որը եղել է և՛ տնտեսական, և՛ մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Այդ հնագույն քաղաքում զարգացած են եղել մետաքսագործությունը, գորգագործությունը և այլ արհեստներ, իսկ մշակութային առումով հայտնի են Թեմական և Օրիորդաց վարժարանները: Շուշիում են տպագրվել նաև բազմաթիվ թերթեր և հանդեսներ: Նշանավոր դեմքերից շատերը նույնպես շուշեցի են եղել՝ պատմաբան Լեոն, Մուրացանը, դերասան Վաղարշ Վաղարշյանը, պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը և ուրիշներ: Ցավոք, Շուշիի ճակատագիրը ողբերգական ավարտ ունեցավ: Թուրք թաթարները քաղաքում մի քանի անգամ կազմակերպել են հայության ջարդեր: Արցախյան ազատամարտից առաջ ամենամեծ կոտորածը եղել է 1920 թ.-ի մարտին, երբ հայաթափվեց Շուշին: 19-րդ դարի վերջին քաղաքի բնակչությունը հասավ ավելի քան 40.000-ի, որի կեսից ավելին հայեր էին. կային նաև թաթարներ, ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Փաստորեն 1990-ական թթ.-ին նույն քաղաքականությունը շարունակվեց Շուշիի հայության նկատմամբ: Շարժման նոր փուլի սկսվելուց հետո քաղաքն իսպառ հայաթափվեց:
- Արցախյան պատերազմում Շուշիի գրավումը ի՞նչ հետևանքներ ունեցավ. ըստ Ձեզ՝ որո՞նք էին հաղթանակի գլխավոր նախադրյալները:
- Շուշիի ազատագրումը դարձել էր կենսական խնդիր: Քաղաքն «իշխում» է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Շուշիում տեղակայված հրթիռակայաններից պարբերաբար հրետակոծվում էր Ստեփանակերտը. մի կողմից Խոջալուն էր, մյուսի կողմից՝ Շուշին, որի բարձունքից շնչահեղձ էր լինում ԼՂՀ մայրաքաղաքը: Դա լուրջ խնդիր էր, որը լուծել էր պետք: Ազատագրումն իրականացվեց 1992 թ.-ի մայիսի 8-ի և 9-ի ընթացքում: Ռազմական գործողությունն իրականացվեց 4 հիմնական ուղղություններով` միաժամանակյա հարձակումներով:
Շուշիի ազատագրումն աներևակայելի սխրանք էր, որ գործեցին մեր ազատամարտիկները: Ե՛վ թվաքանակի, և՛ ռազմական տեխնիկայի առումով թշնամին գերազանցում էր, իսկ քաղաքի դիրքը Ստեփանակերտից գտնվում էր 1500 մետր բարձրության վրա: Թվում է, թե այդ կարճ ժամանակահատվածում դժվար էր պատկերացնել անհնարին թվացող բերդաքաղաքի ազատագրումը, բայց, արի՛ ու տե՛ս, որ մեր հերոսներն արեցին դա, ընդ որում՝ փայլուն կերպով: Եվ ահա մայիսին 9-ին ազատագրելով Շուշին՝ քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա կրկին բարձրացվեց հայոց եռագույնը:
Եվ, իսկապես, Արցախյան ազատագրական պայքարում Շուշի քաղաքի ազատագրումը պատմական լուրջ նշանակություն ունեցող իրադարձություն էր, որը համարվեց հայոց պատմության հերոսական պայքարի էջերից մեկը: Քաղաքի ազատագրումը ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ այն բեկումնային դարձավ պատերազմի ողջ ընթացքի համար: Պետք է կարևորել նաև այն իրողությունը, որ Շուշիի գրավումը բարոյահոգեբանական հսկայական նշանակություն ունեցավ. հայ մարտիկն աշխարհին ու իրեն ապացուցեց, որ կարող է այնպիսի սխրանք գործել, որ աներևակայելի ու անհնարին կարող էր համարվել: Ավելի ամրապնդվեց նաև մեր հավատը վերջնական հաղթանակի նկատմամբ, իսկ ադրբեջանցիների համար հակառակ ազդեցությունն ունեցավ, և այդ պարտությունը մեծ հարված էր նրանց համար: Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտը վերջնականապես շունչ քաշեց:
-Ի՞նչ մասնակցություն ունեցավ ԵՊՀ-ն Շուշիի ազատագրմանը և առհասարակ Արցախյան գոյապայքարում:
- Հարյուրավոր համալսարանականներ էին լծվել այդ գործին: Նրանցից մի մասը մասնակցեց Շուշիի ազատագրմանը: Գիտեմ, որ Պատմության ֆակուլտետից մասնակցել են ուսանողներ Թաթուլ Հարությունյանն ու լիբանանահայ Նազարեթ Աղբանյանը: Անշուշտ, Մայր բուհը նույնպես իր ներդրումն ունեցավ այդ պատմական հաղթանակի գործում: Մեր ֆակուլտետից պատերազմին մասնակցած 15 ուսանողներից 7-ը, ցավոք, զոհվեցին:
Քառօրյա պատերազմն էլ մեզ ցույց տվեց, որ իսկապես մենք ունենք այնպիսի երիտասարդություն, որով կարող ենք հպարտանալ:
Հովհաննես Վարդանյան