Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում սուրբ և անմահ պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աշխարհասփյուռ հայությանը փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հաղթական ավետիսը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Հայրապետական պատարագին մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, այս օրերին Հայրենիքում գումարված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 88-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցները` գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում ուխտավորներ:
Արարարողության ընթացքում Նորին Սրբությունը բերկրառատ տոնի կապակցությամբ հայրապետական իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին:
«Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայրենիս և ի Սփյուռս,
Քրիստոսի հրաշափառ Հարության ուրախությունն է վերստին թևածում մեր հոգիներում: Բերկրում ենք յուղաբեր կանանց նման, ովքեր թափուր տեսան Փրկչի գերեզմանը և հրեշտակներից լսեցին Նրա Հարության ավետիսը: Ցնծում ենք վերնատանը հավաքված առաքյալների և Էմմավուսի ճամփորդների պես, որոնց հարուցյալ Տերը երևաց և փարատեց նրանց տարակույսներն ու տրտմությունը: Հարության լույսի շողերով այլևս լուսավորված է խավարյալ երկինքը, թոթափված են խաչելության վիշտն ու տխրությունը: Բացված է դրախտը և խորտակված է դժոխքը, պարտված է մահը և հաղթանակած՝ կյանքը:
Քրիստոս՝ Փրկիչ մեր Տերը, խաչի վրա Իր զոհագործությամբ և հրաշափառ Հարությամբ մարդկության համար դարձավ փրկության պատարագ, որ բաշխվում է ամենուր՝ հավատքով ընդունողներին: Տերունական անգին փրկագործությունը Երկնից արքայությունը ժառանգելու շնորհին է արժանացնում հավատացյալ հոգիներին, ինչպես և շարականագիրն ասում է. «Յարեաւ խաչեալն եւ յարոյց զձեզ ընդ ինքեան»:
Մեր ժողովրդի ընթացքը պատմության հոլովույթներում հաճախ եղավ նմանություն Քրիստոսին: Հաճախ չարչարանաց Գողգոթա բարձրացանք, խաչակից եղանք Տիրոջը և Նրա Հարության հավատքով հարություն առանք: Տիրոջ շնորհով մեր ժողովուրդը հաղթահարեց իր դեմ մոլեգնած դավերն ու ավերները, հալածանքներն ու կոտորածները և վառ պահեց հույսը իր վերածննդի, իր ապահով ու լուսավոր կյանքի:
Քրիստոսի Սուրբ Հարության լուսապայծառ տոնի այս հիասքանչ օրը մենք աղոթում ենք նաև Ցեղասպանության մեր նահատակների համար: Մեկ դար առաջ էր, երբ մեր ժողովրդի զավակները հայ և քրիստոնյա լինելու համար անլուր տառապանքներով Ցեղասպանության ենթարկվեցին: Նրանք նահատակության պսակն ընդունեցին առաքյալի խոսքի ճշմարտությունն ունենալով իրենց սրտում. «Եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում» (Բ Կորնթ. Ե 1): Աշխարհին, ողջ մարդկությանը մեր ժողովուրդը իր նահատակությամբ և իր հարուցյալ կյանքով վկայեց հարության հրաշքի ճշմարտությունը: Եղանք խաչյալ, եղանք վշտահալած, բայց ոչ հուսահատ, վիրավոր, բայց ոչ տկար, աշխարհասփյուռ, բայց ոչ անհայրենիք: Կորուսյալ հայրենիքի սերը սրտում` մեր ժողովուրդը պատմական Հայաստանի արևելյան հատվածում վերակերտած պետականության ներքո և սփյուռքի համայնքներում նոր կյանք վերընձյուղեց՝ հավաստելով, որ իր կենաց ծառը՝ հավատքի անսասան վեմին արմատացյալ, կենսատու զորությամբ պտղաբերում է և ազգն ու հայրենիքը շենացնող զավակներ ծնում:
Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման համար մեկ դար պայքարեցինք և շարունակում ենք պայքարել` արդարության հաղթանակի հավատով: Աշխարհը երբեմն լսեց մեզ, երբեմն անտեսեց, որովհետև միշտ չէ որ ունկնդիր է և հավատարիմ Քրիստոսի բերած խաղաղության և մարդկանց մեջ հաճության պատգամին, ի հետևանս որի` մարդկության նորագույն պատմությունը կրկին մթագնեց նոր ցեղասպանությունների և պատերազմների խավարով: Այսօր էլ մարդկային կյանքն ալեկոծվում է հակամարտություններով ու արյունահեղություններով: Մարդկության օրրան Երկիր մոլորակի վրա տենչալի խաղաղությունը և համընդհանուր հաճությունն ու համերաշխությունը տակավին մնում են որպես չիրականացված երազանք: «Աստուած մահ չի ստեղծել, եւ Նա չի ուրախանում ողջերի կորստեան համար»,- ուսուցանում է աստվածաշնչյան իմաստությունը (Իմաստ. Ա 13): Ավելին` խաչյալ և հարուցյալ Իր Միածին Որդու միջոցով Աստված պարգևել է շնորհը մահվանից հառնելու, որը պարտավորեցնում է ազգերին և պետություններին միասնական ու միահամուռ կամք դրսևորել՝ կանխելու համար մարդկության խաղաղությունն ու բարօրությունը վտանգող սպառնալիքները, առավել նախանձախնդիր լինելու արդարության ու ճշմարտության հաստատման, եղեռնագործությունների համընդհանուր դատապարտման գործում, այլապես աշխարհի չարաղետ ընթացքները պիտի շարունակեն առաջնորդել դեպի նոր ողբերգություններ: Մարդկությունը պարտք ունի սրբելու աշխարհում ծովացող արցունքը, լուսավոր մանկություն երազող որբ ու կարոտյալ երեխաների անօգնական հայացքների, լաց ու ճիչի առջև լռեցնելու որոտները մահաբեր զենքերի, արմատախիլ անելու աղքատության չaարիքը: Խաչելությունն աշխարհում պետք է հաղթահարվի և փոխարինվի հարությամբ:
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր, երբ ունկնդիր ենք «Յարեաւ խաչեալն և յարոյց զձեզ ընդ ինքեան» ավետիսին, քաջալերվենք հոգով, ապրենք որպես Քրիստոսի հետ մահից վեր հառնած ժողովուրդ, Քրիստոսին հավատարիմ և հարության զորությունն ունեցող ժողովուրդ: Դիմագրավենք մեր կյանքի մարտահրավերները և նեղությունների ու դժվարությունների չարչարանաց մեր խաչը ծաղկյալ դարձնենք բոլորանվեր մեր ջանքերով, հայրենանվիրումի ու ազգանվիրումի նոր գործերով: Ազգային, պետական, հասարակական մեր կյանքը, հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը շենացնենք «զի Աստուած ընդ մեզ է» աներկբա հավատով և քայլենք դեպի վերելքի նոր հորիզոններ և դեպի հաղթանակը մեր արդար դատի:
Քրիստոսի Սուրբ Հարության տոնի խնդությունը Մեր հոգում` Մեր բարեմաղթանքներն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին:
Մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսով ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին և Առաջին Տիկնոջը, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն` մաղթելով արգասալի ծառայություն և նոր ձեռքբերումներ՝ հանուն մեր երկրի հզորության և մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի: Մեր բարեմաղթանքները և օրհնությունն ենք բերում այստեղ ներկա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նախագահ տիար Պերճ Սեդրակյանին և Միության անդամներին, ովքեր հայրենիքում անցկացնում են Միության տարեկան համագումարը: Սուրբ Հարության ավետիսով Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով գործոց հաջողություններ՝ ի խնդիր մեր երկրների բարեկամության ամրապնդման և գործակցության զորացման:
Քրիստոսի Հարության տոնի առիթով շնորհավորում ենք հավատավոր Մեր զավակներին ի սփյուռս աշխարհի և մեր Սուրբ Եկեղեցու ուխտյալ սպասավորներին՝ բերելով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և հայցելով զորակցությունն ու ամենառատ շնորհները հարուցյալ մեր Փրկչի:
Աղոթում ենք, որ Ամենակալն Աստված Իր անսահման ողորմության ներքո պահպանի աշխարհը համայն, զորացնի մարդկանց սրտերում խաղաղության, արդարության ու ճշմարտության հոգին և օրհնի ապահով ու երջանիկ կյանք կառուցելու մարդկային ջանքերը: Մեր հայցն ենք բարձրացնում երկինք, որ Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը, հավատքով պայծառ և ոգով արի` աշխարհասփյուռ մեր ժողովրդին և Իր կենարար շնորհներով առաջնորդի ընթանալու դեպի կյանքի լուսավոր հորիզոններ:
Թող հարուցյալ Տիրոջ սերը և խաղաղությունը լինեն մեզ հետ` այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն»: