կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-01 14:37
Հասարակություն

Թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո

Թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց-հիմնադրամում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դպրոցը, ՀՀ կառավարության որոշմամբ,  պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ:

 

Նախարարը նշել է, որ, իրավական նոր կարգավիճակով պայմանավորված, օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվի դպրոցի կառավարման մարմինների ձևավորում, որից հետո կհայտարարվի տնօրենի թափուր տեղի մրցույթ:

 

Ներկայացնելով հարցի իրավական կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցը Մայթ Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց: «Ե՛վ Մայր Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայր Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ դպրոցի շենքն ունի վերանորոգման անհրաժեշտություն:

 

Ա. Աշոտյանի խոսքով՝ հարցը քննարկվել է Վեհափառ հայրապետի հետ, ով ևս մտահոգ է խնդրով և պատրաստ է քայլեր ձեռնարկել դպրոցն ավելի մրցունակ և արդիական դարձնելու ուղղությամբ: Նիստի ընթացքում թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ են ընտրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:

 

Նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարը շրջել է դպրոցում, զրուցել ավագ դասարանների աշակերտների հետ նրանց մասնագիտական կողմնորոշումների, ավարտական և ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի մասին: