Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Արմավիրի հ.4 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվն օրեր առաջ անակնկալի է եկել, երբ պատահաբար տեղեկացել է, որ իրենց դպրոցը մեկ այլ ավագ դպրոցին միավորելու որոշում է կայացվել․ բանն այն է, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին առանց ծանուցելու և տեղեկացնելու դպրոցի միավորման հարցը, կառավարության որոշման նախագծի տեսքով, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դրվել է քննարկման։
Ըստ նախագծի՝ Արմավիրի հ.4 ավագ դպրոցը պետք է միավորվի Արմավիրի Ռ. Եղոյանի անվան հ․1 ավագ դպրոցին։ Տեղեկությունն անակնկալի է բերել նաև հ.4 ավագ դպրոցի աշակերտներին ու ծնողներին, ինչով էլ պայմանավորված՝ աշակերտները, իմանալուն պես, քաղաքում ստորագրահավաք են կազմակերպել՝ հանրային փաստարկված աջակցություն ունենալու համար։
Yerevan.Today-ի հետ զրույցում Արմավիրի հ.4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանն ասաց, որ այսօր դպրոց է այցելել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ու պաշտոնապես հայտնել որոշման նախագծի մասին․ «Մարզպետարանի կրթության վարչության պետից եմ իմացել, որ իրենք գալու են, մեկ շաբաթ առաջ նախարարություն նամակ եմ ուղարկել, բայց չեն պատասխանել, սա արդեն մարդու իրավունքների խախտում է, ստացվում է՝ մարդու ճակատագիրը որոշում են ու ոչինչ չեն ասում։Հարցնում եմ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի շուրջ քննարկումն ի՞նչ ընթացք է ունենալու չպատասխանեց․ այսինքն՝ դու ո՞նց ես միավորում, եթե դեռ այդ նախագիծը չի հաստատվել։ Փոխնախարարն արդեն իր համար ստեղծված պատնեշով և իր փաստարկներով էր եկել, որ մեր հարցը, իրենց հարմար ձևով, լուծեր և գնար․․․ Ասում է՝ որակ ենք ուզում, ձեր ավագ դպրոցը չի արդարացնում իրեն, ստացվում է, որ փոխնախարարը կասկածի է ենթարկում դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակը, այն դեպքում, երբ ունենք կամավոր ատեստավորված 12 ուսուցիչ, որոնցից 6-ը հավելավճար են ստանում, և 3 տարակարգ ստացած ուսուցիչ»։
Փոխնախարարից դպրոցի տնօրենը փորձել է պարզել, թե ի՞նչ են նախատեսում աշխատանքը կորցրած ուսուցիչների համար, ինչպե՞ս են լուծելու գործազուրկ ոսուցիչների հարցը։ «Տարիֆիկացիայով տրված է, որ քո մի ուսուցիչն ունի 7 ժամ, մյուսը՝ 12 ժամ, բնականաբար 7 ժամ ունեցող ուսուցիչը չունի այդքան աշխատելու ջիղ, դրա համար էլ չի կարող շարունակել իր աշխատանքը»,-փոխնախարարի այս խոսքերը մեջբերեց Անի Քալաշյանը՝ արձագանքելով․ «Այսինքն՝ ստացվում է՝ ովքեր քիչ ժամերունեն, աշակերտների թվաքանակով պայմանավորված և այլն, իրավունք չունե՞ն ապրելու, պետք է գործից դուրս գա՞ն»։
Ի դեպ, դպրոցները միավորելու առաջարկն անելիս ԿԳՄՍ նախարարությունը հաշվի է առել այն, որ թիվ 1 ավագ դպրոցն ունի առավել բարենպաստ շենքային պայմաններ, մինչդեռ մեզ հետ զրույցում հ.4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանն ասաց, որ նախարարությունից խոստացել էին մինչև 2026թ.-ն իրենց դպրոցն ընդգրկել պետական ծրագրերով հիմնանորոգվող կրթական հաստատությունների ցանկում և չեն կատարել խոստումը։
«Այն, որ մեզ բացահայտ խաբել են՝ փաստ է, ինձ ասել են, որ ներառել են վերանորոգվող դպրոցների ցանկում, բայց, փաստորեն, չեն էլ ներառել, դեռ մի բան էլ արանքից դուրս են թողել, գուցե հաշվարկել են, որ վերանորոգումն ավելի թանկ կարժենա, որոշել են միավորեն՝ ցավող ատամի տրամաբանությամբ․ երբ ատամդ ցավում է, փող չունես բուժելու հանում ես և նետում մի կողմ, մենք նույն փչացած ատամի կարգավիճակում ենք իրենց համար, որ ներդրում անելու փոխարեն որոշում են՝ գլխատել»։
Նշենք որ Արմավիրի հ․4 ավագ դպրոցն ունի 244 աշակերտ, 33 ուսուցիչ․ տնօրենը չբացառեց, որ իրավական ճանապարհով կփորձեն տեր կանգնել իրենց իրավունքներին։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, մինչ այս պահը, նախագծի վերաբերյալ դեմ է արտահայտվել 85 տոկոսը․ որոշման նախագիծը հիշյալ կայքում կմնա մինչև 18.06.2023-ը։
Աղբյուրը՝ Yerevan.Today