կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 14:45
Տնտեսական

Վարչապետի կողմից ստեղծված մթնոլորտը դուր չի գալիս հարկային մարմիններին. ԲՀԿ-ական պատգամավոր

Վարչապետի կողմից ստեղծված մթնոլորտը դուր չի գալիս հարկային մարմիններին. ԲՀԿ-ական պատգամավոր

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար  Գուրգեն Արսենյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով ներկա տնտեսական վիճակի մասին, դժգոհություն հայտնեց, որ երկրում նոր բարիք չի ստեղծվում, և առանց դրա, մնում են միմիայն խոսակցություններ ու վարկածներ` դատարկ տեղում: Հարկային մարմիններն էլ ստուգումներ են անցկացնում ու այնպես տուգանում, որ մի քանի հոգի միանգամից փակում են իրենց ՓՄՁ-ները ու հեռանում Հայաստանից:


Yerkir.am-ի հարցին` հավատո՞ւմ է վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կառավարության նիստերից մեկում հնչեցրած այն հայտարարությանը, որ հարկային մարմինները պետք է նվազագույնի հասցնեն ստուգումները, պատասխանեց. «Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի ցանկություններին և նրա կողմից իրականացվող գործողություններին, ես, իհարկե, վարչապետի հետ երկար տարիների ընկերություն եմ արել, բայց ես նրա փաստաբանը չեմ: Ես գիտեմ կառավարության ներսում վարչապետի կողմից տարածվող տրամադրությունները և այն մթնոլորտը, որը ստեղծվել է նրա կողմից: Դա դուր չի գալիս հարկայինի աշխատողներին: Որովհետև այդ մթնոլորտում գերակա է վարչապետի կողմից հարկայինի գործողությունների ագրեսիվությունը նվազեցնելու տենդենց: Վարչապետի կողմից հարկային մարմինների վրա  որոշակի ճնշում է գործադրվում, որ նրանք պակասեցնեն իրենց կողմից իրականացվող ճնշումը տնտեսվարողների վրա: Դա ողջունելի է իմ կողմից»,- ասաց Գուրգեն Արսենյանը:


Իսկ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում  պատասխանեց նաև այդ հարցին` ճի՞շտ է, որ ճնշում է հարկային մարմիններին: «Մենք ուզում ենք, որ բիզնեսն աշխատի օրենքի շրջանակներում, հավասար պայմաններում: Եթե որևէ ապօրինի միջամտություն կլինի բիզնեսին, մենք անպայման կարձագանքենք: Մենք այդ ամենին պետք է հետևենք ու հետևողական ենք լինելու»,- ասաց  նա: