կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 14:05
Առանց Կատեգորիա

Մտերիմից` հակառակորդ, կամ հարաբերական հարևանություն

Մտերիմից` հակառակորդ, կամ հարաբերական հարևանություն

Կոթին է: 4 կողմը սարեր, ինքն էլ` արանքում: Բայց ոչ թե խեղճացած, այլ խրոխտ: Խրոխտ իր անցյալի ու ներկա հերոսներով: Հպարտությամբ նշում են` ամենամեծ գյուղն է ու հակառակորդի հետ ամենաերկար սահման ունեցողը` 38 կմ:

 

Սահմանին մոտ` հենց բլրի տակ, բնակվում է Հարությունյանների ընտանիքը: Տան անդորրը մերթ ընդ մերթ խախտվում է կարի մեքենայի ձայնից: Տիկին Ամալյան «խաթիջան է կարում, որ ճաշի վրեն ձեռները չվառի»:

 

Լիպարիտը գյուղի խանութպանն էր: Նրա ապրանքի անունը թնդում էր նաև հարևան գյուղերում: Սակայն հիմա «հարևան» ասվածը հարաբերական է. հարևանից անցումը հակառակորդի հաշված վայրկյանների ընթացքում տեղի ունեցավ: Ժպիտով հիշում է` ադրբեջանցիները կիլոմետրեր կտրում-անցնում էին` իր խանութից գնումներ անելու համար:

 

Լիպարիտը նշում է, որ խանութում աշխատում էին երկուսով, վարիչը ինքն էր, կինն էլ` իր աշխատողը: Ադրբեջանցիները նրանից օղի, գինի, սննդամթերք էին տանում իրենց հարսանիքների համար: Մտերմությունն այժմյան հակառակորդի հետ միայն գործընկերային չէր: Մտերիմ են եղել ուրախության և տխրության պահերին էլ:

 

Լիպարիտի կինը հիշում է, թե ինչպես էին գնացել իրենց ադրբեջանցի ծանոթի թաղմանը: Նրանց ադաթները չգիտեին ու քիչ էր մնում ամոթով մնային: Տիկին Ամալյան հիշում է, որ հավաքված էին սովորականի պես, մեկ էլ տեսան, որ իրենց խումբը կանգնած է, իսկ ադրբեջանցիներից ոչ մեկը չկա: Նրանք վազելով էին տանում իրենց հանգուցյալին:

 

Առաջին անհանգստությունը զգացին, երբ լուր հասավ, թե իրենց գյուղից ինչ-որ մեկին ադրբեջանցիները ծեծել են: Հետո վատ լուրեր Ղարաբաղից ու…

 

Լիպարիտի առաջին շփումը հակառակորդի հետ եղավ 9 տարի ընդմիջումից հետո: Ոչ իր կամքով` գերի էր ընկել: Հիշում է, որ իր հետ գերի էր ընկել նաև իր ընկերը` Արտուշը: Լիպարիտը համոզում է ադրբեջանցիներին, որ Արտուշի խելքը պակաս է, նրան բաց են թողնում: Ադրբեջանցի հրամանատարի մոտ տանելիս ասում են, որ թշնամի են բերել, իսկ Լիպարիտը պատասխանում է, որ իրենից ի՞նչ թշնամի, չէ՞ որ իրենք մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ են եղել: Լիպարիտը ավելի ուշ ազատության մեջ է հայտնվում: Հիմա կնոջ հետ տան գործերով են զբաղված:

 

Երեխաները գնացել են Ռուսաստան: Կապը միայն հեռախոսով է: Կարոտում են, հուզվում: Երեխաների հետ խոսելիս նշում են, որ իրենց մոտ պատերազմ չկա, և կրակոցներ չեն լսվում: Տիկին Ամալյան հանգստացնում է երեխաներին` նշելով, որ խաղաղությունը մոտենում է: Լիպարիտի կինն այժմ գուլպաներ է գործում և հպարտությամբ նշում, որ «խառը տարիներին» 5 զույգ գուլպա է գործել ուղարկել սահման: Հիմա էլ է գործում, չգիտի` ում համար, ասում է` ով կարիքը ունի: