Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուս-թուրքական լարված հարաբերությունները ռազմական գործողությունների չեն տանի, սակայն հարաբերությունների վատացումը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանային ուժերի հարաբերակցության վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ըստ նրա` Թուրքիան պատերազմի չի գնա, քանի որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը նրան չեն քաջալերում այդ հարցում, իսկ ՌԴ-ն, եթե բացահայտ գործողությունների էլ չդիմի, քրդական գործոնը կօգտագործի` Օջալանի քրդական կազմակերպությունը զինելու և հետագայում օգտագործելու համար:
«Ադրբեջանը հիմա վատ իրավիճակում է հայտնվել, քանի որ չի կարող ինչ-որ քայլ անել` առանց ԱՄՆ-ի, Թուրքիայի թույլտվության, սակայն, մի կողմից էլ, չգիտի ինչպես լավացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ադրբեջանը երկու կրակի արանքում է` չի հասցրել ՌԴ-ի հետ հարաբերությունները լավացնել, մյուս կողմից էլ` Թուրքիայի հետ խնդիրներ ունի, քանի որԹուրքիային հասկացրել է, որ եթե վերջինս ուզում է` Ղարաբաղյան հարցում իրեն աջակցի Ադրբեջանը, պետք է Կասպից ծով թողնի Ադրբեջանին»,- ասաց Նավասարդյանը:
Նրա կարծիքով` իրադարձությունները ուսուցողական բնույթ ունեն ՌԴ-ի համար, քանի որ նա, կարծես, մոռացել էր անցյալը և արդեն Թուրքիայի մասին սկսել էր խոսել որպես ստրատեգիական գործընկերոջ: «Այս ամենը ցույց տվեց, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի հետ հարևանություն անելը: Բայց մենք էլ պետք չէ շատ ոգևորվենք, այլ պետք է սթափ գնահատենք իրավիճակը»,- ասաց Նավասարդյանը:
Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանի կարծիքով նույնպես` լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց փոքր կոնֆլիկտներ կլինեն:
«Նման իրավիճակում Ռուսաստանն ուղղակի չէր կարող չպատասխանել Թուրքիային, սակայն պատասխանելով ընկնում է ծուղակի մեջ` տնտեսական և քաղաքական առումներով: Հիմա ինչ էլ անի Թուրքիան ՌԴ-ի դեմ, պարսավանք չի համարվի», - ասաց նա: