Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Մոսկվայում օրերս կայացան ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւ դրան հետեւող ավանդական համատեղ ասուլիսը։ Հայտնի է, որ այդ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն այցի օրակարգով, մասնակիցների ելույթներով եւ լրագրողներին տրված պատասխանների բովանդակությամբ: Նախապես մշակված ու կողմերին ուղղված հարցերի բնույթը, պատասխաններում օգտագործվող բառերն ու ձեւակերպումները, անգամ մասնակիցների դեմքերի արտահայտությունները մտածելու տեղիք են տալիս ժանրի սիրահարներին։ Չնայած ի սկզբանե պարզ էր, որ սպասվում է բարդ քննարկում, այնուամենայնիվ, հաշվի առնելով բոլոր նշված հանգամանքները` երկկողմ հանդիպման հանրայնացված հատվածը լավատեսության հիմքեր չի տալիս։
Դժվար է ասել, թե ինչով էր պայմանավորված Ս. Լավրովի անդրադարձը 2020 թ. հայ-ադրբեջանական պատերազմին՝ հանրային միջոցառմանը նախորդած «դռների հետեւում» քննարկումների ընդհանուր տպավորությա՞մբ, թե՞ հայ լրագրողի «ելույթով»։
Ճանաչելով նախարար Լավրովին դեռեւս ՄԱԿ-ում համատեղ աշխատանքի տարիներից՝ կարող եմ կռահել, որ նրա հորդորը հազիվ թե ուղղված լիներ պատմաբաններին՝ ուսումնասիրելու, թե «ինչպես եղավ այդ ամենը»։ Ասելով՝ «բոլորը գիտեն, որ հրադադարի հասնելու հնարավորություն կար ավելի շուտ, քան այն ի վերջո եղավ»՝ ՌԴ ԱԳ նախարարը փաստացի կոչ արեց հայկական կողմին՝ դադարեցնել «դրսում» մեղավորներ փնտրելը։
Դրա փոխարեն նա առաջարկեց իր հայ գործընկերոջը՝ զբաղվել բուն դիվանագիտությամբ եւ շահագրգիռ կողմերի հետ ձգտել «շահերի հաշվեկշռի» ապահովման։ Այստեղ է, որ հայկական կողմը չկարողացավ կամ չցանկացավ հստակ ձեւակերպել իր նպատակները։ Ակնհայտ է, որ այսօր մեր բանակցողները հայտնվել են իրենց տված խոստումների, ստանձնած պարտավորությունների, վախերի եւ իրարամերժ իղձերի թակարդում։ Մինչդեռ նպատակակետի բացակայության պարագայում անիմաստ է դառնում թե՛ քարտեզ, թե՛ կողմնացույց։
Նման իրավիճակի մասին են վկայում ՀՀ բանակցողների իրարամերժ քայլերը։ Այսպես, թեեւ ՀՀ վարչապետը Մոսկվայում Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նպատակով ընդունում է մոսկովյան, այլ ոչ բրյուսելյան տարբերակը, հետագայում պարզվեց, որ, դրան զուգահեռ, Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում էր հայ-ադրբեջանական սահմանին երկու տարով եվրոպական դիտորդների տեղակայման հարցը։ Եվ սա՝ այն դեպքում, որ այսօր անգամ շարքային քաղաքացիներն են մտահոգ ռուս-արեւմտյան հարաբերությունների շարունակական վատթարացմամբ եւ Հայաստանի վրա դրա բացասական ազդեցությամբ։ Պատահական չէր, որ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ս. Լավրովն Արեւմուտքի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում որակեց «դիվանագիտական ռեյդերություն», անուղղակիորեն անդրադարձավ այդ «արշավանքում» Հայաստանի ներդրմանը եւ հղում կատարեց 2020թ. նոյեմբերի հայտարարությանը՝ ակնարկելով դրույթների իրականացման ընթացքում կողմերի «պարկեշտությունը»։ Եթե մտաբերենք վերջերս ՌԴ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնչեցրած ձեւակերպումները եւ գնահատականները հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ, հասկանալի է դառնում, թե ինչով էր պայմանավորված Ս. Լավրովի անցումը քաղաքական տիրույթից բարոյական տիրույթ։
Իսկ անդրադառնալով ՀՀ-ՌԴ բազմակողմ համագործակցությանը՝ նա հույս հայտնեց, որ Երեւանը կմիանա ՀՀ-ում կազմակերպության դիտորդներ տեղակայելու մասին ՀԱՊԿ-ի որոշմանը։ Կհաջողվի՞ արդյոք հայկական կողմին՝ նորից խուսափել նման որոշումից՝ կպարզվի մոտ ապագայում։ Եթե, փոփոխելով համաձայնեցված փաստաթղթի մեկ-երկու ստորակետ կամ բառ, ստիպված լինենք ընդունել այն, ապա ուշագրավ կլինի տեսնել Բրյուսելի արձագանքը։
Եթե նման սցենար իրականացվեր մինչեւ Վ. Պուտինի՝ 2007թ. մյունխենյան հիշարժան ելույթը, կարող էինք խոսել «փոխլրացման» կամ գոնե «բազմավեկտոր» արտաքին քաղաքականության մասին։ Ցավոք, ներկա պայմաններում երկու բացահայտ հակառակորդ ճամբարների դիտորդների տեղակայումը ՀՀ-ում, ավելի հավանական է, որ կվերածվի արկածախնդրության, քան կնպաստի կայունությանը եւ խաղաղությանը։
Չհիմնավորված եւ հաճախ քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված դիվանագիտությունը հանգեցրել է նրան, որ սակավաթիվ բարեկամ երկրների համար մենք դառնում ենք անկանխատեսելի գործընկեր, իսկ թշնամիների համար՝ անվնաս հակառակորդ։ Մինչդեռ միջպետական հարաբերություններում հենց կանխատեսելիությունն է հանդիսանում փոխվստահության առաջին նախապայմանը։ Մեր սխալներն ու բացթողումները թույլ են տալիս մեր թշնամուն՝ արհամարհել, շրջանցել հայկական շահը եւ մեզ համար կենսական հարցերը մեր թիկունքում քննարկել երրորդ կողմերի հետ։ Պատահական չէ, որ հենց վերջիններս են ներկայում մեզ հիշեցնում մեր շահերի մասին։
Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ անհասկանալի էր Ս. Լավրովի հղումը Դոնբասին եւ Կոսովոյին՝ որպես ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովման նախադեպեր, առավել եւս, որ դրան չհետեւեց որեւէ մեկնաբանություն ՀՀ ԱԳ նախարարի կողմից։ Անկասկած, այս երեք հակամարտությունները, ունենալով որոշ ընդհանրություններ, ունեն նաեւ արմատական տարբերություններ։ Ակնհայտ է նաեւ, որ Դոնբասի խնդիրը, մեղմ ասած, հեռու է հանգուցալուծումից։ Ի տարբերություն դրան, բալկանյան կարգավորումն ընթանում է Կոսովոն եւ Սերբիան Եվրոպական Միության՝ որպես միասնական վերազգային կառույցի կազմում ինտեգրման թրենդի մեջ։
Ինչ է սպասվում Հայաստանին եւ Արցախին՝ գիտի մի քանի մարդ, մյուսներս կարող ենք կռահել եւ մռայլ մտքերի իրականացման հավանականությունը նվազեցնելու նպատակով զերծ մնալ դրանք բարձրաձայնելուց։ Միեւնույն ժամանակ հուսանք, որ ասուլիսում երկու նախարարների ներածական խոսքերի մեջ բանակցությունների կապակցությամբ արտահայտված գոհունակությունը միայն տուրք չէր դիվանագիտության դարավոր ավանդույթին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում