կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 16:41
Սպորտ

Ծանրամարտ. Ռուբեն Ալեքսանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտ. Ռուբեն Ալեքսանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ընտրանին, գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ, ապրիլի 9-18-ը Թբիլիսիում անցկացվելիք` տղամարդկանց ծանրամարտի Եվրոպայի 94-րդ առաջնության նախապատրաստության նախավերջին փուլում ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում:

Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Վրաստանի ստուգատեսին հայտավորվել էր Հայաստանի ընտրանու 9 ծանրորդ, սակայն այնտեղ հանդես է գալու նրանից միայն 8-ը:  Կայքի հաղորդմամբ` մարզչական շտաբը նպատակահարմար է համարել, որ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը բաց թողնի Եվրոպայի առաջնությունը:

«Ալեքսանյանի ձախ դաստակի վնասվածքը դեռ լիովին չի բուժվել, այդ պատճառով էլ մարզչական շտաբը որոշել է նրան չտանել Վրաստան: Մարզիկը հիմա բուժում է վնասվածքը: Նա կնախապատրաստվի նոյեմբերին Հյուստոնում (ԱՄՆ) տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր»,- ասել է  Փաշիկ Ալավերդյանը:

Գլխավոր մարզիչը հայտնել է նաև, որ 77 կգ քաշային կարգում հայտավորված մեր 3 ծանրորդներից՝ Տիգրան Գ. Մարտիրոսյան, Առաքել Միրզոյան, Անդրանիկ Կարապետյան, մեկը Աղասի Աղասյանի հետ միասին ելույթ կունենա 85 կգ քաշային կարգում: Այդ նպատակով այս եռյակի միջև շաբաթ օրը՝ մարտի 21-ին, փորձամրցում կանցակցվի, որի արդյունքով էլ կորոշվի, թե Թբիլիսիում նրանցից ով որ քաշային կարգում հանդես կգա:

Հավելենք,  որ մյուս քաշային կարգերում Թբիլիսիում Հայաստանը ներկայացնելու են Սմբատ Մարգարյանը (56 կգ), Ռուստամ Կարապետյանն ու Վանիկ Ավետիսյանը (երկուսն էլ 69 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ընտրանիները մրցավայր՝ Վրաստանի մայրաքաղաք են ուղևորվելու մարտի 27-ին, որպեսզի այնտեղ շարունակեն մարզումներն ու նախապատրաստությունը՝ կլիմայափոխվեն ու հարմարվեն տեղի պայմաններին: