կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-18 10:38
Սպորտ

Ծանրամարտ. Տիգրան Գ. Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Ծանրամարտ. Տիգրան Գ. Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի կունենան ծանրամարտի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնք  2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար վարկանիշային են: 


Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ` ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արդեն հրապարակել է մասնակից երկրների ներկայացրած վերջանական կազմերը: Դրանց համաձայն՝ մարզաձևի համար մրցաշրջանի գլխավոր ստուգատեսին Ալմաթիում պատրաստվում են մասնակցել 71 երկրի 647 մարզիկներ, կանանց մրցաշարում՝ 51 երկրի 261 ծանրորդուհի, տղամարդկանց առաջնությունում՝ 63  երկրի 386 ծանրորդ:

 


Տարվա ամենակարևոր այս մրցաշարում Հայաստանի մարզական պատիվը, համաձայն ներկայացված վերջնական ցուցակների, կպաշտպանեն 14 մարզիկներ՝ 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի:


Պողոս Պողոսյանի ղեկավարած տղամարդկանց Հայաստանի ընտրանու կազմում Ղազախստան կմեկնեն և 2016 թվականի Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Նանկինի պատանեկան ամառային 2-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, Արա Խաչատրյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), երիտասարդների աշխարհի առաջնության և Նանկինի պատանեկան օլիմպիադայի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց Հայաստանի հավաքականում ընդգրկվել են Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Մելինե Դալուզյանն (69 կգ) ու Հռիփսիմե Խուրշուդյանը (+75կգ):

Եթե կանանց ՀՀ ընտրանին մրցավայր է մեկնում մարտական կազմով, ապա տղամարդկանց հավաքականի կազմում բացակայելու է ընտրանու առաջատար Տիգրան Գ. Մարտիորսյանը:  Պողոսյանի խոսքով՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Գ. Մարտիրոսյանը Գերմանիայում ուսի վնասվածքն է բուժում, ուստի մարզչական խորհուրդը նպատակահարմար է գտել, որ նա մասնակցի հաջորդ տարվա առաջնություններին:

 

Մեր երկու հավաքականների համար էլ գերխնդիրը թիմային պայքարում հաշվարկային հնարավորինս ավելի շատ միավորներ վաստակելն ու թիմային պայքարում առավել բարձր տեղեր զբաղեցնելու շնորհիվ որքան հնարավոր է շատ օլիմպիական ուղեգրեր ապահովելն է:


Այդ խնդիրը մեր պատվիրակներին, կարծում ենք, կհաջողվի կատարել, քանի մարզիչները փորձառու մարզիկների կողքին հավաքականներում ընդգրկել են նաև հեռանկարային երիատասարդ ու խոստումնալի մի քանի ծանրորդների, որոնցից ևս ակնկալիքները բավական մեծ են: 

 

Պատասխանտու ստուգատեսին լավագույնս նախապաստվելու, տեղում պայմաններին ավելի լավ ծանոթնալու, ինչպես նաև կլիմայփոխվելու նպատակով Հայասատանի հավաքականը հոկտեմբերի 20-ին կմեկնի Ղազախստան, որտեղ էլ մինչև առաջնության մեկնարկը կանցկացնի վերջին  ուսումնամարզական հավաքը:

 


Նշենք, որ  ծանրորդների պայքարը սկսվելու է նոյեմբերի 8-ինԱյդ օրը, համաձայն առաջնության ժամանակացույցի, Ղազախստանի ժամանակով ժամը 17:30-ին կկայանա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ժամը 19-ին առաջնության առաջին մեդալները կխաղարկեն 56 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբում հանդես եկող ծանորդները, որոնց թվում կլինի նաև Սմբատ Մարգարյանը, ով այս տարի իրեն լավագույն կողմերով դրսևորեց Եվրոպայի առաջնությունում: 

 

Ստուգատեսի եզրափակիչ ակորդը կլինի նոյեմբերի 16-ին, երբ մեդալների վերջին հավաքածուները կվիճարկեն կանանց և տղամարդկանց գերծնար ՝ +75 և +105 կգ քաշային կարգի ուժեղագույնների ՝ Ա խմբի մասնակիցները: