կարևոր
499 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-08 21:30
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի առանց թիմի առաջատարի: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով ստիպված է բաց թողնել տարվա գլխավոր ստուգատեսը։ 97 կգ քաշային կարգում 34-ամյա անվանի ըմբիշին կփոխարինի մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այս տարի չէր մասնակցել նաև Եվրոպայի առաջնությանը։ Այն ժամանակ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել էր, որ օլիմպիական չեմպիոնը մրցաշարը բաց է թողնում վնասվածքից լիարժեք ապաքինվելու նպատակով:

Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):