կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 02:52
Հասարակություն

Բարեհոգի գտնվեցին...

Բարեհոգի գտնվեցին...

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին, ովքեր ի վիճակի չեն մաքսազերծել իրենց ավտոմեքենաները:

 

Ինչպես նիստի ժամանակ նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, փետրվարի 5-ին ուժի մեջ մտած օրենքը որոշակի խնդիրներ էր առաջացրել անապահով խավի շրջանում, եւ սոցիալական ուղղվածության այս ծրագիրը ենթադրում է արտոնյալ վարկային միջոցների տրամադրում, որպեսզի, առանց օրենքը փոփոխելու, անապահով քաղաքացիները հնարավորություն ստանան մաքսազերծել իրենց մեքենաները:

 

«Մենք պարտավոր ենք օգնել մեր սոցիալապես անապահով խավերին եւ այն քաղաքացիներին, ովքեր ժամանակավոր դժվարություններ ունեն: Մենք գործ ենք ունենալու 2000 քաղաքացու հետ, որոնք ֆինանսական դժվարությունների պատճառով ի վիճակի չեն միանգամից մաքսազերծել իրենց մեքենաները: Հիմնականում դրանք Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերն են: Պետությունը կտրամադրի այդ ֆինանսական օժանդակությունը, եւ նրանք կկարողանան իրենց գործառույթն իրականացնել ամբողջ ծավալով` հնարավորություն ունենալով 6 ամսվա ընթացքում վերադարձնել այդ գումարը»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Վարկերի տրամադրումը մարզերում կկատարվի մարզպետարանների, իսկ Երեւան քաղաքում` ֆինանսների նախարարության միջոցով: «Հաշվառումն իրականացվելու է մարզպետների կողմից` հեշտացված կարգով, որպեսզի նոր ռեժիմին անցումը քաղաքացիների համար հնարավորինս անցավ լինի»,- հավելել է վարչապետը:

 

Նշենք, որ Հայաստանում վրացական պետհամարանիշերով շուրջ 4000 ավտոմեքենա կա, բայց պետության օժանդակությունից կօգտվեն 2000-ը: Խոսքը վերաբերում է մինչեւ 2005 թվականի արտադրության ավտոմեքենաներին, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը: