կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 11:27
Տարածաշրջան

Այս պետությունը երբևէ խտրականություն դրե՞լ է. Էրդողան

Այս պետությունը երբևէ խտրականություն դրե՞լ է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Բալըքեսիրի 2015-ի տնտեսական մրցանակների» միջոցառման ընթացքում. տեղեկացնում է Demokrathaber-ը՝ վկայակոչելով Hurriyet-ը:

 

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել օգոստոսի 10-ի նախագահական ընտրությունների ընթացքում իրեն ցուցաբերված աջակցության համար: Նաեւ հայտարարել է, որ մտահոգվելու հարկ չկա, քանի որ «Թուրքիան 2023-ից հետո ամբողջովին այլ Թուրքիա է լինելու, ինչպես՝ 2002-ից հետո»:

 

Թուրքիայի նախագահը, սակայն, բողոքել է բոլորի ցուցաբերած դժգոհությունից և նվաստացուցիչ հայտարարություններից: «Նստելով՝ ոչ մի տեղ չես հասնի: Մեր նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատենք: Ոմանք փորձում են Թուրքիան վերադարձնել վատ օրերին: Դրանցից են Գեզի այգու և դեկտեմբերի 17-25-ի դեպքերը: Տարբեր հոդվածներում գրում են Գյուլի, իմ կամ վարչապետի մասին՝ մեզ միմյանց դեմ դուրս բերելու նպատակով: Իզուր մի’ փորձեք, չեք հաջողի»,- ասել է նա:

 

Նշելով նաև, թե իբր իրենք գործ ունեն ցույցերի միջոցով երկրին վնաս հասցնող «հիվանդ» մտածելակերպ ունեցողների հետ, Էրդողանն ասել է. «Ակնհայտ է՝ մենք ինչեր ենք կորցնում ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում: Եթե կորուստներ չունենայինք՝ հիմա շատ ավելի տարբեր տեղերում կլինեինք: Հիմա ուր նայում ես՝ քրդական հարցն է: Ա’յ եղբայր, ի՞նչ քրդական հարց: Չկա նման բան: 2005 թվականին Տիգրանակերտում հայտնեցի, որ յուրաքանչյուր էթնիկական տարր ունի ուրույն խնդիրներ: Աստծո սիրույն, ի՞նչ պակաս ունես: Ունեցել ես վարչապետ, նախարար, ԶՈՒ-ում կաս, էլ ի՞նչ ես ուզում: Մեզանից ինչո՞վ եք տարբերվում: Ճանապարհ չունեիք, ձեր ճանապարհը կառուցեցինք: Փորձում ենք օդանավակայան կառուցել, չեն թողնում: Գործարարների կապալառուների մեքենաներն են այրում, ինչո՞ւ: Իգդիրում, Աղրըյում, Կարսում օդանավակայան կառուցեցինք: Այս պետությունը երբևէ խտրականություն դրե՞լ է: Դեռ վարչապետ եղած ժամանակվանից թուրքին էլ «եղբայրս» ասացի, քուրդին էլ, լազին էլ: Այսօր էլ է այդպես»: