Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արարատ ցեմենտ» գործարանի հետ կապված` որեւէ քրեական գործ հարուցված չէ. լրագրողներին այսօր ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` պարզաբանելով, թե իրականում բնապահպանության նախարարության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալները ավելին են օրենքով նախատեսված առավելագույն չափաքանակից, այսինքն` առնվազն հիմքեր կան ենթադրելու, որ ջրօգտագործողների կողմից շահագործվում է ավելի շատ չափաքանակ, քան թույլատրելի է օրենքով:
Եվ այդ փաստի կապակցությամբ, նկատի ունենալով, որ առավել ջրառն ինքնին վնաս է հասցնում բնությանը եւ շրջակա միջավայրին, ընդերքին, հարուցվել են 2 քրեական գործեր' Արարատի եւ Արմավիրի մարզերում, պարզաբանեց գլխավոր դատախազը:
Այդ քրեական գործերի շրջանակներում այդ երկու մարզերի տնտեսական գործունեություն իրականացնող այն կազմակերպություններում, որոնց գործունեությունը ենթադրում է ջրօգտագործման մեծ ծավալներ, իրականացվել եւ իրականացվում են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում` նաեւ «Արարատ ցեմենտ» գործարանում:
«Այսինքն' բազմաթիվ տնտեսվարողներ' շուրջ 100-120 կազմակերպություններ, որ այս 2 քրեական գործի շրջանակներում թե' Արարատի եւ թե' Արմավիրի մարզում են գտնվում, այդ տեսադաշտում են հայտնվում: Քննարկման առարկա դառնում է 3 կարեւոր ուղղություն' առաջին' ապօրինի խորքային հորերի առկայություն եւ շահագործում, երկրորդ' առանց ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործման փաստերը, եւ երրորդ' ժամկետանց ջրօգտագործման պայմանագրերի առկայության պայմաններում ջրօգտագործումը: Այս երեք ուղղություններով քրեական գործերի շրջանակներում իրականացվում է քննություն եւ ոչ միայն «Արարատ ցեմենտ», այլեւ ավելի քան 120 կազմակերպություններում ու տնտեսվարող սուբյեկտների մոտ' լինեն դրանք ձկնաբուծական, թե այլ տնտեսություններ, որոնց ջրօգտագործման ծավալները մեծ են»,- նշեց գլխավոր դատախազը:
«Արարատ ցեմենտ» գործարանում իրականացված ցանկացած զննություն կամ քննություն, ըստ նրա, պայմանավորված է այդ քրեական գործի շրջանակներում բոլոր` տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում քննչական գործողությունը պարտադիր կատարելու հանգամանքով, եւ այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ կամ շարժառիթ չկա: Իսկ եթե մնացած տնտեսվարողների մոտ այդ քննությունը կատարվեր ու չկատարվեր «Արարատ ցեմենտ»ում` պայմանավորված ինչ-որ հնարավոր քաղաքական շահարկումներով, Գեւորգ Կոստանյանը դա անընդունելի կհամարեր:
«Այդ քննությունները իրականացվել ու իրականացվելու են: Ես չեմ կարծում, թե այս ամենը ներկայացնելուց հետո որեւէ մեկն ինչ-որ հիմնավոր հանգամանքներ կամ կասկածներ կարող է ունենալ այդ առթիվ, թե որեւէ քաղաքական ուղղորդում կամ խտրական մոտեցում կա: Ես վստահ եմ, որ այլ պայմաններում մենք կարող էինք խտրականության մասին խոսել, երբ բոլոր կազմակերպություններում իրականացնեինք այդ քննչական գործողությունը, իսկ կոնկրետ «Արարատ ցեմենտ» գործարանում չիրականացնեինք: Այդ դեպքում արդեն բոլորի մոտ կառաջանար խտրական մոտեցման պատճառների հարցը»,- նշեց Գեւորգ Կոստանյանը:
Գլխավոր դատախազը տեղեկացրեց նաեւ, որ այդ քրեական գործերում դեռեւս մեղադրյալներ չեն ներգրավված: