Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չորսժամանոց փակ հանդիպում է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը եղել է լայն ֆորմատով, մասնակցել են նաեւ կառավարության անդամ ՔՊ-ականներ, այդ թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երկու փոխվարչապետերը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ այլք։
Մի քանի օր առաջ նույն վայրում, նույն ֆորմատով կայացած նախորդ հանդիպմանը Փաշինյանը պատգամավորներին հայտնել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու մտադրության մասին ու պատգամավորներին հանձնարարել էր՝ գնացեք-մտածեք-ուսումնասիրեք, մի քանի օրից կհանդիպենք, ձեր կարծիքն ու հիմնավորումները կհայտնեք` կողմ եք այդ հայտին, թե ոչ եւ ինչու։ Ուստի նախօրեի հանդիպմանը ներածական ելույթով վարչապետը հանդես չի եկել, այլ միայն լսել է թիմակիցների կարծիքները:
Ավելի քան երեսուն պատգամավոր ելույթ է ունեցել, հարցադրումներ, մտահոգություններ են հնչեցրել։ Մեզ պատմեցին, որ տարօրինակ պասիվ է եղել ՔՊ-ի սորոսական թեւը, շատերը անգամ չեն ներկայացել հանդիպմանը: Դեպի Արեւմուտք անվերապահ շարժվելու դիրքորոշումը պաշտպանել են հիմնականում երկու պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղման պատճառով չի մասնակցել հանդիպմանը։
Մեզ պատմեցին, որ մեծամասնությունն ավելի շատ մտահոգություն է հայտնել հնարավոր վտանգների ու զարգացումների մասին, մի քանիսը ԱԽՔ Արմեն Գրիգորյանին են նույնիսկ հղում արել, ասելով, որ ընդգծված արեւմտամետ հայացքներ ունեցող սույն պաշտոնյան իրենց հետ վերջին փակ հանդիպման ժամանակ նույնպես կանխատեսել է ռիսկեր եւ Հայաստանին սպառնացող վտանգների դեպքում դիվերսիֆիկայի բացակայության մասին է խոսել, այն է՝ Արեւմուտքը որեւէ տարբերակով այլընտրանք չի առաջարկում Հայաստանին՝ ոչ դրամական աջակցության, ոչ էլ անվտանգային միջավայրի ապահովման, դիցուք` եթե Լարսը փակվի եւ տնտեսական ճգնաժամ առաջանա, արդյո՞ք եվրոպական շուկաները կընդունեն հայկական ապրանքները եւ այլն։
Մեր զրուցակիցներից մեկը ստացած տպավորությունն ամփոփեց այսպես. «Նիկոլը զադնի ա դրել, բայց չգիտենք, թե ինչն է ստիպել: Մի քանի օր առաջ շատ մարտական էր տրամադրված: Լուր ունենք, որ առաջիկայում անգամ Մոսկվա է գնալու»: