կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 11:55
Առանց Կատեգորիա

Ինչու է Սերժ Սարգսյանը կայծակնային արագություն վերցրել

Ինչու է Սերժ Սարգսյանը կայծակնային արագություն վերցրել

Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերի հետ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ ակտիվ քննարկումների նոր շարք է սկսել: Սակայն դատելով քննարկումների ինտենսիվությունից՝ այն կարելի է ոչ թե ակտիվ, այլև նույնիսկ ռեակտիվ համարել:

 

Միայն մեկ օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրեց սահմանադրական բարեփոխումների թեմայով հանդիպումներ ունենալ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն» եւ ՄԱԿ կուսակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Իսկ մինչ այդ նման հանդիպում էր եղել նաև ՀՅԴ-ի հետ:

 

Դեռ անցած տարվա նոյեմբերին էր հայտարարվել, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի և դրա հետ կապված պլանների մասին իր դիրքորոշումը կարտահայտի այս տարվա փետրվար-մարտ ամիսներին: Բանակցությունների անցկացումն ինքնին այդ դիրքորոշման գործնական դրսևորումն է, ըստ որի` պարզ է դառնում, որ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու որոշումը Սերժ Սարգսյանը չի վերանայել:

 

Եվ դա առավել քան հասկանալի է. չեզոքացնելով «Ժառանգություն»-ՀԱԿ-ԲՀԿ «հրաշալի եռյակ»-ը՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, վերացրեց սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության դեմ «կույր դիմադրության» հիմնական օջախը և հիմա որևէ լուրջ խոչընդոտ այդ ճանապարհին չունի: Քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներն անցկացվում են ոչ թե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի շրջանակներում, այլ անձամբ նախագահի նախաձեռնությամբ և նրա մասնակցությամբ:

 

Թեեւ, այսպիսով, տպավորություն է ստեղծվում, թե գործընթացը դեռևս գտնվում է քաղաքական համաձայնությունների ձեռք բերման դաշտում, սակայն սեղանին արդեն առկա է բարեփոխումների մշակված, հրապարակված հայեցակարգ: Այսինքն` քաղաքական կոնսենսուսի հասնելու խնդիրը, որը պետք է լուծվեր պրոցեսն սկսելու նախնական փուլում, իրականացվում է հիմա:

 

Բայց, հաշվի առնելով հայաստանյան քաղաքական դաշտի ունիկալությունը, օրումեջ տեսակետ փոխելու` քաղաքական ուժերի վարքագիծը, այս հարցում պրոցեսը պոչից սկսելը թվում է հասկանալի: Առավել ևս, որ դա կախված է ոչ միայն նախագահի, այլ նաև քաղաքական ուժերի ցանկություններից և հակվածությունից:

 

Այն հանգամանքը, որ նրանք հանդիպել են նախագահի հետ հենց այս օրակարգով, վկայում է քննարկումների` ինչ-որ բան ունենալու մասին՝ անկախ նրանից` նախագահի հետ քննարկում են Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու նպատակահարմարությա՞ն հարցը, թե՞ փոփոխությունների ուղղվածությունը: Էականը քննարկմանը գալու փաստն է:

 

Նախագահի հետ հանդիպելուց հետո ԲՀԿ-ից հայտարարեցին, թե դա չի նշանակում, որ իրենց դիրքորոշումը փոխվել է: Բայց եթե չի փոխվել, կուսակցության նորընծա նախագահը թիմակիցների հետ ընդհանրապես պիտի նախագահական չմտներ: Որովհետև ԲՀԿ-ն մինչև փլուզումը նույն համոզմունքով հայտարարում էր, թե այդ հարցով ընդհանրապես քննարկելու բան չունի: Նույնը, ի դեպ, վերաբերում է նաև «Ժառանգությանը» և ՕԵԿ-ին: Միայն այն տարբերությամբ, որ դրանք ի սկզբանե սկզբունքորեն կողմ էին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն և մինչ այս դիմադրում էին՝ մեկը` եռյակից դուրս չմնալու, մյուսը՝ եռյակի պոչից կախված մնալու և այդպես աստիճանաբար ընդդիմադիր դաշտում ինքնահաստատվելու համար:

 

Ինչևէ, ենթադրելի է, որ առաջիկայում այս ուժերը հանդես կգան սահմանադրական փոփոխությունների և նախագահի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հստակ դիրքորոշումներով և գոնե հիմա դրանք կբխեն ոչ թե իրավիճակային նախապատվություններից, այլ ծրագրային ու գաղափարական մոտեցումներից:

 

Մամուլում երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ նախագահը մտադիր է սահմանադրական հանրաքվեն անցկացնել ոչ թե 2016թ.-ին, այլ արդեն այս տարվա աշնանը: Այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել կամ հերքվել, ու դժվար է ասել՝ սա բամբասա՞նք է, հանրային տրամադրությունները ստուգելու համար նետված տեղեկատվական խա՞յծ, թե՞, այնուամենայնիվ, իրականություն: Մինչդեռ սա այնքան էլ երկրորդական հարց չէ:

 

Բանն այն է, որ սեղանին դրված է փոփոխությունների հայեցակարգ, որի շուրջ քաղաքական քննարկումները ժամանակին բավարար մակարդակով չեն կայացել: Հիմա` փոփոխությունների նախագծի մշակման նախօրեին, այդ հնարավորությունը ստեղծվել է, եթե խնդիրն իսկապես կոնսենսուսային փաթեթ ներկայացնելն է և փոփոխությունները քաղաքական համաձայնությունների հիման վրա հանրաքվեի ներկայացնելը: Մյուս կողմից՝ սահմանադրության նախագծի մշակման փուլը շատ ավելի բարդ, աշխատատար պրոցես է ենթադրում, քանի որ, ինչպես ասում են, սատանան հենց մանրամասնությունների մեջ է թաքնված: Այս հարցում ավելորդ շտապողականությունը կարող է հանգեցնել պրոցեսի նկատմամբ հանրային ու քաղաքական վստահության կորստի՝ տպավորություն ստեղծելով, թե իշխանությունը պարզապես ցանկանում է քաղաքական կոնսոլիդացիայի ծխածածկույթի ներքո անցկացնել իր հագով կարված նոր Սահմանադրություն: Այսինքն` առավել քան որևէ այլ փուլում, հենց հիմա է անհրաժեշտ հրապարակային, դետալային քննարկումներ, բանավեճեր:

 

Նման շտապողականությունը տարակուսելի է նաև սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը, հանրաքվեի նկատմամբ հանրային վստահությունն ապահովելու առումով, ինչը հնարավոր չէ առանց ընտրական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման: Սա էլ, իր հերթին, հնարավոր չէ առանց ընտրական օրենսդրությունը զուգահեռաբար բարեփոխելու: Հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է վստահ լինեն, որ սա չի լինելու հանրաքվե այն մեխանիզմներով, որոնցով Հայաստանում Ազգային ժողովի մեծամասնություն է ձևավորվում, և որոնց արդյունքում այդպես էլ հնարավոր չի լինում իշխանության լեգիտիմության հարցը հանել քաղաքական օրակարգից: Մինչդեռ` ընտրական համակարգի խեղաթյուրվածության մասին հիմա կարծես ոչ ոք հիշել չի ուզում: Ահա այս պատճառով իշխանությունը պետք է հանրությանը հստակեցնի իր պլանները և սահմանադրական փոփոխությունների իրականացման «ճանապարհային քարտեզը»:

 

Եթե որոշվել է հանրաքվեն մեկ տարի ավելի շուտ անցկացնել, ապա պետք է առավել քան հիմնավոր բացատրեն՝ ի վերջո, ո՞րն է ներկայումս վերցված այս ռեակտիվ արագության պատճառը` զուտ սահմանադրական հանրաքվե անցկացնելո՞ւ շուրջ քաղաքական ուժերի համաձայնությունն ստանա՞լը և այն շահագործե՞լը, բուն փոփոխությունների բովանդակությա՞ն շուրջ կոնսենսուսի ձևավորումը, որի խորքային և հրապարակային քննարկումներ է ենթադրում, թե՞ այս ամենն ընդամենը հանրության և քաղաքական ուժերի կարծիքի հետ հաշվի նստելու տպավորություն թողնելու համար է արվում:

 

Գևորգ Աղաբաբյան