կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 16:30
Իրավական

Պետք է ուրիշների նման մի երկուսին էլ սպանել, որ պաշտոն բարձրացնեն. նախկին ոստիկանապետի մայրը` որդու գործի մասին

Պետք է ուրիշների նման մի երկուսին էլ սպանել,  որ պաշտոն բարձրացնեն. նախկին ոստիկանապետի մայրը` որդու գործի մասին

Արդեն հայտնել ենք, որ երեկ Իջևանի նախկին ոստիկանապետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանի և ևս երկուսի գործով դատական նիստում պետք է ցուցմունք տար ոստիկանության Տավուշի մարզի վարչության պետ Արշավիր Գևորգյանը, սակայն նա դատարան ուղարկած գրությամբ հայտնել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ, բացի այդ` բացակայում է մարզից:

 

Սակայն yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Ազիբեկյանի մայրը` Զեմֆիրա Հարությունյանը, հավաստիացրեց, որ երեկվա դատավարությունից առաջ անձամբ է տեսել վարչության պետին: Տիկնոջը մտահոգում էր, թե ի՞նչն է պատճառը, որ վկան չի ներկայանում նիստերին, և անտեղի ձգձգվում է գործը:

 

Խոսելով գործի մասին` Զեմֆիրա Հարությունյանը խոստովանեց, որ որդին, որպես աշխատող, հնարավոր է` մեղքեր ունենա, սակայն համոզված է, որ նա կապ չունի այն հանցանքի հետ, որի մեջ մեղադրվում է:

 

«Ինքը շատ էր սիրում իր մասնագիտությունը, նվիրված էր, էնքան է եղել` զանգել եմ, ասել է` դեպքի վայրում եմ, անգամ իր ծննդյան օրը դեպքի վայրում է եղել: Ես գիտեմ` իմ տղեն անմեղ ա, նա ո'չ սպանել ա, ո'չ գողացել ա: 20 տարի համակարգում ա եղել, իր ուժերով հասել է փոխգնդապետի աստիճանի, հիմա 7 ամիս նստած է չգիտես` ինչի համար»,- ասաց նա:

 

Ի դեպ, Անդրանիկի եղբայրը ևս ոստիկան է եղել, զոհվել է Արցախյան ազատամարտում, իսկ նրա որդին այժմ ծառայում է ՀՀ զինված ուժերում:

 

«Երեք որդի ունի` երեք զինվոր, փոքրը մեկուկես տարեկան է, չգիտես` երբ հորը կտեսնի»,- ասաց Զեմֆիրա Հարությունյանը:

 

Նա համոզված է, որ այս գործի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած: «Իմ էրեխեն հանցագործ չի, որ բռնեցին, ուրեմն մեկին պետք էր, որ իմ երեխեն բանտում նստի, իրանք էլ նրա տեղը զբաղեցնեն: Ես առավոտից իրիկուն տելեվիզրով մտիկ եմ անում, որ ասում են` պետք ա լավ աշխատեք: Ինչ ասել են, իմ տղեն էդ ա արել, բայց էսօր դուրս ա գալիս, որ դա պետք չի անել, պետք է ուրիշի պես մի երկու հոգու էլ սպանել, որ պաշտոնն ավելի բարձրացնեն»,- ասաց մայրը և հույս հայտնեց, որ արդար դատաքննություն կլինի, և իր որդին ազատ կարձակվի: «Կսպասեմ դատաքննության ավարտին, հետո կորոշեմ անելիքներս»,- նշեց նա:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: