Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանի վկայությունը
1915թ.,Կիլիկիա
Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանը Գևորգ Ե կաթողիկոսին ուղղված նամակում գրում է, որ Կիլիկիայի ոչ մի քաղաքում ու գյուղում հայ չի մնացել` մեծից փոքր բոլորին տեղահանել են և քշել անապատ: «Հայաստանն առանց հայի»` այս է օսմանյան կառավարության ծրագիրը»,- ասվում է նամակում: Հայերի տներում արդեն սկսել են թուրքեր բնակվել: Կեսարիայում,Պոլսում, Տիգրանակերտում շատ են կախաղան հանելու դեպքերը:
Վեհափառ Սրբազան Հայրապետ
Կը հաստատեմք մեր յղած անցեալ ամսուայ 11 թուակիր և 236 թուահամար գրութիւնն: Այս անգամ ևս Պոլսէն մահասարսուռ տեղեկութիւններ ստացած ըլլալով ի մասին մերազնէից կրած անլուր և աննախընթաց տառապանքներուն և թուրք կառավարութեան դժոխային ծրագիրներու գործադրութեան, ներփակ հարկ համարեցինք յղել Ձերդ Վեհափառութեան ստացուած նամակին իսկական պատճէնը:
Խնդրելով, որ հաճիք ծանուցանել տալ մեզ սոյն և նախընթաց մեր յղած նամակներուն ստացուած ըլլալը,
Կը մնամ անձնուէր
Ձեր Վեհափառութեան և տառապեալ ազգիս
Ղևոնդ Եպիսկոպոս Դուրեան
30/13 յուլիսի 1915 թ.
Կ. Պոլիս
Գերապատիւ Տ[էր] Ղևոնդ եպ. Դուրեան
Առաջնորդ Պուլկարիոյ Հայոց ի Ֆիլիպէ
Մայիս 25-էն ի վեր դէպքերը գահավիժօրէն իրար յաջորդեցին և ազգին վիճակը իր դառնագոյն և թշուառագոյն աստիճանին հասաւ: Մինչ այն օրը միայն Կիլիկիոյ քանի մը քաղաքներու և գիւղերու ժողովրդեան բռնի տարագրումը գիտէինք, իսկ Կարնոյ մասին շշուկներ միայն հասած էին մեզի. այսօր ստոյգապէս գիտենք, թէ Կիլիկիոյ բոլոր քաղաքներու և գիւղերու հայ ժողովուրդը ամբողջովին արդէն տեղահան եղած է և Հալէպի հարաւային անապատները քշուած: Կարնոյ ժողովուրդը մայիս 1-էն ի վեր և ապա ամբողջ նահանգը հետզհետէ ճամբայ հանուած են Սամսոնէն ու Կեսարիայէն սկսեալ մինչև Տիգրանակերտ և Եդեսիա, մէջն ըլլալով Տրապիզոնի, Սեբաստիոյ, Խարբերդի, Բաղէշի, Վանա և Տիգրանակերտի ամբողջ հայութիւնը, մեծէն մինչև պզտիկ, առանց մէկ մարդ իսկ թողելու, և քշուած դէպի Միջագետաց անապատները, Հալէպի հարաւային կողմերէն մինչև Մուսուլ և Պաղտատ:
«Հայաստան առանց հայու». այս է օսմանեան կառավարութեան ծրագիրը: Եւ արդէն սկսուած է հայոց հողերուն և տուներուն մէջ իսլամներ բնակեցնել: Հարկ չկայ ըսելու, որ տարագրուողները գրեթէ ոչ մէկ բան կրնան առնել իրենց հետ կառավարութեան կողմէ թոյլ չտրուելուն պատճառաւ: Հայ գաղթականները պարտաւոր են մէկէն երկու ամիս և աւելի հետիոտն ճամբորդէլ հասնելու համար անապատի այն անկիւնը, որ որոշուած է անոնց գերեզմանն ըլլալու: Արդէն լուրեր կը հասնին, թէ ճամբուն երկայնքը և Եփրատի ջուրերը լեցուն են դիակներով այն թշուառ գաղթականներուն, որոնց մնացորդներն ալ անապատներու մէջ հետզհետէ մեռնելու դատապարտուած են: Հայութիւնը ամբողջովին բնաջինջ ընելու ծրագիր մըն է այս` առանց աղմուկի, առանց կոտորած անունը տալու, ահռելի նախճիր մըն է այս: Պէտք է գիտնալ, թէ 20- 45 տարեկանները զէնքի տակ առնուելէ յետոյ 15-20 և 45-60 տարեկան արուներն ալ զինուորական պէտքերու փոխադրութեան համար վար դրուած են:
Հետևաբար հայ գաղթականները կը ճամբորդեն միայն ծեր, կին և մանուկ ունենալով, և այնպիսի տեղերէ պիտի անցնին, ուր խաղաղութեան ժամանակ անգամ առանց կողոպտուելու կամ սպաննուելու կարելի չէր անցնիլ: Թուրք չէթէներն և այլ աւազակները, ու նոյն իսկ ժանտարմներն ու կառավարութեան պաշտօնեաները զանոնք կողոպտելու, կիներն ու աղջիկները բռնաբարելու և առևանգելու համար ազատօրէն կը գործեն: Զանազան տեղերէ իսլամացումներու լուրեր ալ կը հասնին մեզի:
Պատերազմական ատեանները անխնայ կը գործեն ամէնուրեք, Պոլսոյ մէջ 20 հնչակեաններու կախաղան հանուիլը իմացաք, անշուշտ, լրագիրներէն: Նոյն օրը Կեսարիոյ մէջ ալ 12 հոգի կախաղան հանուած են «Պուքրէշի մէջ հնչակեան և դաշնակցական կուսակցութեանց ըրած գաղտնի ժողովէւն հրահանգներուն հնազանդած ըլլալնուն համար»: Կիլիկիոյ կողմերն ալ 12 հոգի կախուած են: Ծեծի տակ սպաննութիւնները շատ են. Տիգրանակերտ՝ 13 հոգի, Կեսարիա՝ 6 և այլն, իսկ կան, որ և ոչ իսկ պատերազմական ատեաններուն կը յանձնուին՝ ճամփան սպաննուելով: Ո՛չ մէկ տուն մնացած է առանց խուզարկութեան, ո՛չ Առաջնորդարան, ո՛չ եկեղեցի և ո՛չ վարժարան, հարիւրաւոր կիներ, աղջիկներ և մանուկներ անգամ բանտերու մէջ կը հեծեն այսօր: Եկեղեցիներ ու վանքեր կողոպտուած, քանդուած և սրբապղծուած են: Առաջնորդներուն անգամ չի խնայուիր, Պուրսայի առաջնորդ` Պարգև, վրդ. Դանիէլեան, Տրապիզոնի առաջնորդ` Գէորգ վրդ. Թուրեան, Կեսարիոյ առաջնորդ` Խոսրով եպս. Պեհրիկեան, Շ. Գարահիսարի` Վաղինակ վրդ. Թորիկեան , Չարսանճագի` Գէորգ վրդ. Նալպանտեան և այլն: Ամբողջ հայութիւնը Թուրքիոյ մէջ այժմ բերդարգել եղած է, թղթակցութիւն և հեռագրական հաղորդակցութիւն բոլորովին դադրած է:
Կը տեսնեք, թէ Թուրքիոյ հայութիւնը իր կեանքին վերջին օրերը կ՚ապրի, մահը ուշացնելու որևէ միջոց չէ մնացած մեզի, արտասահմանի հայութիւնն ալ եթէ անկարող ըլլայ չէզոք պետութեանց գութը շարժելու, քանի մը ամսէն յետոյ մէկ ու կէս միլիոն հայութիւնէն շատ քիչ բան պիտի մնայ, փճացումը անխուսափելի է … :
ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 96, թթ. 33-36, պատճեն, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 303 – 305: