կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 18:02
Քաղաքական

Առանց հայի մեջլի՞ս

Առանց հայի մեջլի՞ս

Արիս Նալջը

Խորհրդարանական համակարգին անցում խոստացող ընտրությունները հավանաբար առանց հայ պատգամավորի թեկնածուի գրանցման անցկացվեն։ Քանի որ մենք չկանք, եթե Քըլըչդարօղլուն ընտրվի, «թողություն տվողների» իրավունքների պատասխանատվությունը  նրա ուսերին կըկնի։

Մայիսի 14-ի ընտրություններին ընդառաջ՝ արդեն պատգամավորի թեկնածուներին որոշելու վերջին շրջադարձում ենք։

Մեկը մյուսի հետևից որոշ թեկնածուներ առաջադրվում էին իրենք իրենց, մյուսներն էլ՝ կուսակցությունների կողմից, և ներսումս տարօրինակ անհանգստություն զգացի։

Հրանտ Դինքի սպանությունից հետո մի քանի հայ պատգամավոր ունեցած այս խորհրդարանը հիմա՝ խորհրդարանական համակարգին անցում խոստացող այս ընտրություններին, հավանաբար, առանց հայ պատգամավորի թեկնածուի կմնա։

Ինչպես գիտեք, 2007-ից հետո ԹԱՄԺ-ում նախ Կարո Փայլանը (ԺԺԿ), ապա Սելինա Դողանը (ԺՀԿ) և Մարգար Եսայանը (ԱԶԿ) պատգամավորական մանդատներ ստանձնեցին։ Վերջին ընտրություններում Սելինա Դողանը թեկնածու չդարձավ, ԱԶԿ-ի Մարգար Եսայանը մահացավ, իսկ Կարո Փայլանը, կուսակցության երկու ժամկետի կանոնին հավատարիմ մնալով, թեկնածու չի լինի, եթե ​​ճկունություն չցուցաբերվի:

Առաջին ժամկետը Ստամբուլից, իսկ երկրորդ ժամկետը Դիարբեքիրից առաջադրված Կարո Փայլանը թե՛ Թուրքիայի, թե՛ սփյուռքի ձայնազուրկների ձայնն է դարձել։ Կարծում եմ՝ սոցիալիստական ​​շրջանակներն էլ են ընդունում, որ նա լավ պատգամավորություն է արել։ Նա դարձավ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ Թուրքիայում ճնշվածների ձայնը, հարցեր բարձրացրեց ու տեղում քննեց բազմաթիվ իրավունքների խախտումներ։

Եվ դա արել է այն ժամանակ, երբ խորհրդարանը չեզոքացվել է Սարայի (նախագահական պալատի՝ Էրդողանի-Ակունքի խմբագրություն) ​​քաղաքականությամբ։ Տեսանելի դարձրեց շատ հարցեր և մեր հարցերը։ Իհարկե, մենակ չէր։ Խորհրդականներին ու կուսակցական ընկերներին էլ չմոռանանք։

Եթե ​​նա հիմա չվերաառաջադրվի, կարծում եմ մենք՝ հայերս, մեծ կորստի ու խնդրի առաջ կկանգնենք։ Եվ դրա պատասխանատուն դարձյալ մենք կլինենք։

Դուք կարող եք սա դիտել որպես ԺԺԿ-ի քննադատություն, բայց ես կարծում եմ, որ ամենաճիշտը մի փոքր խորանալն ու պատճառը քննելն է: Բայց նաև եկեք պահենք քննադատելու մեր իրավունքը։

ՍՐՏՆԵՐՍ ՁԱԽ Է, ԱՉՔՆԵՐՍ՝ ԱՋ

Հայերն այս երկրում երկար ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չէին զբաղվում։ 1960-ականներից հետո խորհրդարանում ներկայացուցիչ տեսնելը երազանք էր, իսկ 2007-ից հետո «միասնության» բարձրացող ոգին մեզ որոշակի կյանք տվեց։

Նույն կերպ, ԺԺԿ-ի ջանքերով փոքրամասնությունների համայնքներից, հատկապես ասորիներից ու հայերից, կուսակցության ներսում տարբեր պաշտոններում կարեւոր աշխատանքներ կատարողներ եղան։

Թուրքիայի քաղաքականության մեջ հայ համայնքի սիրտը ձախակողմյան է, իսկ աչքը` աջակողմյան:

Այսինքն՝ գիտենք, որ մեր պատմական խնդիրներն ու մեր ներսում վերքը փակելու անհրաժեշտ պահանջը «ձախն» է արտահայտելու, բայց լուծումը տալու է «աջը»։

(Դրանք չակերտների մեջ եմ դնում, որպեսզի հասկանաք, թե որ հատվածները նկատի ունեմ, այլապես շատ հատվածներում այսօր դեռ քննարկում են, որ ձախն ու աջը դասական իմաստով այլեւս վավեր չեն):

Սա հավանաբար նրանից է, որ իշխանությունը երկար ժամանակ աջ կողմում է:

Ահա թե ինչու մարդիկ, ովքեր ասում էին «գուցե այս կրոնավորները տարբեր են», ԱԶԿ-ի կողմնակից դուրս եկան:

Բայց նրա ջուրն էլ արագ եռաց։

Էրդողանի ՏԻՄ ընտրություններից հետո ԱԶԿ-ի քաղաքականությունում հայերը տեսանելի են։ Ընթացքում նրանք այցելում և լսում են նրանց բողոքները, որպեսզի դրանք գրվեն ԵՄ զեկույցներում։ Սակայն ավելի հեռուն չգնաց։ Մշտական ​​լուծումների փոխարեն ստեղծվել են ԱԶԿ-ի հետ կապված լուծումներ, որպեսզի մեր ոտքը միշտ դրանց կապված լինի։

Փաստացի երբ իշխանությունը փոխվում է, խնդիրը չի փոխվում․ ԱԶԿ-ն մշտապես հետաձգել է մշտական ​​լուծումները։

Ցավոք, վերջին շրջանում հարաբերությունները ավելի խորքային կառույցներում զարգացան։ Լուսանկարներ են արվել Սուլեյման Սոյլուի հետ, քանի որ նա ներքին գործերի նախարարն է, քանզի լուծումը նրա մոտ էր։

Ինչպես գիտեք, համայնքի որոշ անդամների անուններ Սեդաթ Փեքերի հետ էլ էին նշվել, Սոյլուի հետ էլ։

«ՔՈՒՅՐԵՐ-ԱԽՊԵՐՆԵՐԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ ԺՀԿ-ի տեսակետը մեր մասին միշտ գտնում էի։ Ինչքան գիտեմ, հայերին ճանապարհ տված առաջին ԺՀԿ համայնքը Շիշլին էր։ Մուստաֆա Սարըգյուլի հետ Վազգեն Բարընի ընտրվելը մեզ համար մեծ իրադարձություն էր։

Նայեք՝ այսօր Սարըգյուլը որտե՞ղ է։ Ինչե՞ր է խոսում։

Հայ համայնքի մտքում Սարըգյուլի «քույրիգներս և ախպարիկներս»-ի և «ձեզի կը սիրեմ»-ի վրա հիմնված քաղաքականությունը դուրս եկավ Շիշլիի փողոցներ և քաղաքական գործիչների կողմից երկար ժամանակ անտեսված հայերին մոտեցրեց ԺՀԿ-ին։

Քիչ էր մնում ինձ էլ հիմարացներ։ ԺՀԿ-ն թուրքական հասարակության համար ձեռք բերեց Վազգեն Բարընի պես ճարտարապետ և մեծ ներդրում ունեցավ Շիշլիի շրջանի հայ համայնքի կառույցներում։

Իրականում դա առանձնահատուկ վիճակ չէր։ Սարըգյուլին սիրում էին, քանի որ նա հայերին առանց բացառության նույն ծառայությունն էր մատուցում, ինչպես՝ բոլորին։ Նա ոչ մի առանձնահատուկ բան չի արել, պարզապես գործարկել է համակարգը, բայց եթե Վազգեն Բարընը չլիներ, նա էլ չէր լինի։

Նա է առաջինն ստացել մեր իրավունքը։

ՄԵՐ ԱՐՏԱՌՈՑ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ահա այս մտածելակերպով ձախական կամ ձախի նմանվող թեկնածուներին բոլորը նայում էին որպես «չընտրվողի»։ Նախքան Կարոն։ Երբ Կարոն ընտրվեց, քանի որ նրա կուսակցությունը ԺԺԿ-ն էր, Թուրքիայի հայ համայնքը մինչ օրս «աչքը աջ» ղեկավարներից տարածություն էր պահում:

Քանզի իշխանության կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող ԺԺԿ-ի հետ կողք կողքի հայտնվելը շատ ավելի վնաս կհասցներ, քան օգուտ մի հասարակության, որն արդեն տարիներ շարունակ ջախջախված է Թուրքիայում։

Մեջբերեմ կարևոր կառույցի ղեկավար մեր ախպերներից մեկի խոսքերը. «Խորհրդարանում իրավունք փնտրելը մի տաղանդ է, իրավունք ստանալը՝ մեկ այլ տաղանդ։ Երբ հոգնում ենք տևական իշխանությունից այն բաների համար, որոնք չենք կարող ստանալ, նույնիսկ եթե ձեններս գլուխներս գցենք, նրանց հետ մեր ընդհանուր զրույցներում մեզ քննադատում են, թե «ձեր համայնքից այս մարդը մեջլիսում մեզ այսպես է ասում»։

Ենթագիտակցական մեսիջն ստացա՞ք:

Եթե ​​այս երկրում իշխանությունը չի ճանաչում Ցեղասպանությունը, և քո հասարակության որևէ անդամ խորհրդարանում դա բերում է օրակարգ, նշանակում է, որ քո գործը կարող է առաջ չգնալ։

Բայց դրա մասին գիտի նաև այս իշխանությունը։

Այն օրը, երբ ապրիլի 24-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները դրվեցին խորհրդարանի նստարաններին, և հարգանքի տուրք մատուցեցին, բազմաթիվ հայեր կրկին զգացին 2007 թ․ հունվարին «Բոլորս հայ ենք» կարգախոսներով փողոց դուրս եկածների աջակցությունը։

Նման արարքները մեզ՝ հայերիս համար մի քիչ բուժում են մեր սրտի վերքը։

Ահա այսպես է սիրտը ձախ կողմում, իսկ աչքերը աջ կողմում:

Գանք անկազմակերպվածությանը։

Մենք՝ հայերս, որ շատ կազմակերպված ու խորը կառույց ունենք, լինի դա կրթական հաստատություններում, թե հիմնադրամների տնօրինության տակ, քաղաքականության հարցում այնքան էլ կազմակերպված չենք։ Անհատական ​​նախաձեռնություններով աջ ու ձախ բազում քաղաքական կազմավորումների ենք մասնակցել։ Բայց մենք երբեք չենք կարողացել մեր մեջ քաղաքական բարձր միտք ձևավորել, որ կազմակերպվենք կուսակցության ներսում։

Բացատրենք օրինակով։

Ասորի ժողովուրդը ԺԺԿ-ի կազմում կազմակերպված է գործում։ Այդ պատճառով թեև ընտրություններում նրանցից պատգամավոր չի կարող ընտրվել, փոխարենը առաջադրվող նոր «թեկնածուի» առաջարկը գալիս է ԺԺԿ-ի ասորական բաղադրիչից։ Դա էլ, ձեզ դուր գա թե չէ՝ վերջին երեք շրջանում ապահովել է համայնքի համաձայնությամբ խորհրդարանում ասորի պատգամավորի ընտրությունը։

Իսկ հայերի դեպքում խոսքն անկազմակերպության մասին է։ Թեև նրանք ԺԺԿ-ի ներքին շատ ոլորտներում աշխատել են անհատապես, ինստիտուցիոնալ կազմակերպություն դառնալ չկարողացան: Մեր 100-ամյա կայացած կազմակերպությունները «ինստիտուցիոնալ» կերպով չկարողացան/չցանկացան կանգնել որևէ թեկնածուի թիկունքում՝ որպես քանի որ նրանց «աչքը աջ էր»։

Ահա թե ինչու այս նոր շրջանում, երբ մեջլիսն ամենաակտիվն է լինելու, միգուցե այս ընթացքում որևէ հայ չկարողանա պատգամավոր լինել։

ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

Այս իրավիճակը մեզնից ոմանց համար ժխտելու բան չէ։ Թուրքիայի ձախերը մեզ՝ հայերիս, հեռակա կարգով միշտ այս ուղերձն են հղել․

«Եթե թողնեք ձեր ինքնության քաղաքականությունը և դառնաք մեր քաղաքականության մի մասը, ձեր ճանապարհը կբացվի»:

Հիշում եք, որ Հրանտ Դինքի կազմակերպության անդամ եղած ժամանակ «Ֆըրաթ Դինք» էր… Իսկ հիմա շատ ուրիշները, որոնց անուններն առանց իրենց թույլտվության այստեղ չեմ ներկայացնի։

Ի վերջո խնդիրն այն է, որ մեր իրավունքները կարելի է պաշտպանել մի խորհրդարանում, որտեղ հայեր չկան։ Միգուցե դա, առանց մեր ասելու և առանց շեշտադրելու, մեր ցավի ըմբռնումն է ու մեր խնդիրները ճանաչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:

ԺԺԿ-ն այս հարցում մինչ օրս ամենահամարձակ քայլերը կատարած կուսակցությունն է․․․

Երբ հիմնադրվեց IMC հեռուստատեսությունը, մենք այդ նպատակով լրատվական կենտրոնում դասընթացներ էինք անցկացնում։ Արդյո՞ք լրատվական կենտրոնում, առանց հայերի անունը տալու, հայկական տոները ճիշտ ձևով են հաղորդվում։ Հնարավո՞ր է հիշատակել հույների ու թուրքերի փոխանակումը՝ առանց հույն ասելու: Տղամարդիկ կարո՞ղ են ճիշտ գրել ոտնձգությունների մասին լուրերը` առանց կին ասելու:

Սրանք մեզ հասնելու համար անհրաժեշտ լրատվության իդեալական ճիշտ կոդերն էին:

Կարծում եմ որոշ մակարդակով հասել ենք այս կոդերին։ Որովհետև Ռամադան ամսին հենց եզդին ու հայն էին, էկրանին հաճախակի երևալով, մարդկանց հիշեցնում ծոմապահության ժամերը և տոնի ուղերձների անհրաժեշտությունը: (Ժպիտով հիշում եմ այդ օրը)։

Սրանք այն կոդերն են, որոնց պետք է հասնենք մեջլիսում։ Հնարավո՞ր է արդյոք ապրիլի 24-ը հիշատակել՝ առանց հայ ասելու:

Թուրքիայի ամենամեծ փոքրամասնություն ունեցող համայնքի խնդիրները կլինե՞ն օրակարգում։

Գանձագողերի պեղումների վերաբերյալ հարցեր կառաջադրվե՞ն։

Առաջիկա այս խորհրդարանը օրակարգ կբերի՞ հայի, հույնի կամ ասորու նկատմամբ իրականացված իրավունքների ոտնահարումները։

Սյստեղ ընտրվող նախագահի հավանական թեկնածուի վրա մեծ աշխատանք է ընկնում։ Քանի որ մենք չկանք, «թողություն տվողների» իրավունքների պատասխանատվությունը ընկնելու է նրա ուսերին։

Այսպես, նիհալ-աթսըզներ, թյուրքեշներ հիշեցնող օգնականների հետ որքան կկարողանան սրանք անել․․․

Կամ էլ «ԼԱՎ» կուսակցության նման կառույցների հետ…

Դրա մասին էլ՝ հաջորդ հոդվածում։

https://artigercek.com/makale/ermenisiz-meclis-245287?fbclid=IwAR0VxtpLGRCvD1ZWb4Ckl4L-vWcvzp6c0TVPCcHcfWHPY-l4i9J4wTs2Hhc

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net