Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցության ավելի քան 1000 անդամ այսօր մեկնել է Արցախ։ «Արցախը` գերխնդիր» կարգախոսի ներքո այս այցի առաջին կանգառը եղել է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Ինչպես տեղեկացնում են «Երկիրն մեդիա» հեռուստաընկերության մեր գործընկերները, հյուրերին դիմավորել են Դաշնակցության Արցախի կառույցի ներկայացուցիչներ, տեղի բնակիչները։
Հայաստանի բոլոր մարզերից ժամանած հարյուրավոր կուսակցականների, երիտասարդական, ուսանողական միությունների, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի անդամների առջեւ հանդես գալով՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մասնավորապես ասել է. «Անելիքներ շատ ունենք, պատվախնդրությամբ իրականացնենք մեր ուխտագնացությունը: Արցախում եղել ենք պատերազմի տարիներին` հազարներով, ազատագրել ենք մեր հայրենիքը շատ զոհերի գնով, եւ Ղարաբաղը սրբություն է մեզ համար: Գնում ենք, քանի որ մեր շարքերից ութից մեկը մարտիրոսվել է Արցախում: Արցախը մեր գերխնդիրն է: Հայկական իրականության մեջ կան կարմիր գծեր, որոնք ոչ մեկը խախտելու իրավունք չունի, այդ գծերից է նաեւ Արցախը»:
Արցախագնացության մասնակիցներն արդեն ժամանել են Ստեփանակերտ եւ վաղը մասնակցելու են Արցախում սումգայիթյան ողբերգության նվիրված միջոցառումներին, նախատեսված է մեծաթիվ պատվիրակության հանդիպում նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նախատեսվում են այցելություններ նաեւ զորամասեր: Քիչ առաջ նաեւ պաշտոնապես տեղեկացվեց, որ ԼՂՀ nախագահ Բակո Սահակյանն արդեն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: