Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր, որ Չեխովի անվան թիվ 55 դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր։ Ըստ նախարարի՝ դպրոցը, չունենալով արտոնագիր, մի քանի հերթով դասեր է անցկացրել՝ հակամրցակցային պայմաններ ստեղծելով մյուս դպրոցների համար։ «Կոչ եմ անում երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցնել, թե արդյո՞ք ունեն կրթական գործընթաց կազմակերպելու արտոնագիր, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք»,- ասել էր նախարարը՝ հավելելով, որ Չեխովի դպրոցն էլ կա'մ պետք է շտկի դա, կա'մ խնդիրներ է ունենալու:
Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 2008-ին, կառավարության մի շարք որոշումների համաձայն, հանրակրթական դպրոցները վերակազմավորվեցին հիմնական և ավագ դպրոցների, և այդ կապակցությամբ առաջացավ անհրաժեշտություն ուսումնական հաստատություններին տրված լիցենզիաներում կատարել վերաձևակերպում: Տնօրենի խոսքով՝ դպրոցները, երբ դարձան ՊՈԱԿ, ու տարանջատվեցին ավագ և հիմնական դպրոցները, լիցենզիայի վերաձևակերպումն ավտոմատ եղավ, քանի որ այն պարզ ընթացակարգ էր և միայն փաստաթղթային աշխատանք էր պահանջում:
«Հետո արդեն սկսվեց նոր գործընթաց, որի վերաբերյալ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հայտնելով, թե, կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել լիցենզավորված ուսումնական հաստատություններին տրված լիցենզիաներում կատարել համապատասխան վերաձևակերպում: Այնտեղ նաև նշված էր, որ որոշ դպրոցների պարագայում վերաձևակերպում չի կատարվել: Նախարարը հանձնարարական էր տվել, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրեններն օրենսդրությամբ սահմանված վերաձևակերպումներն անեն: Կից ներկայացված էր նաև ուղեցույց՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ գործընթացն ապահովելու համար»,- ասաց Սարուխանյանը:
Նրա խոսքով` իրենք էլ հանձնարարականը ստանալուց հետո սահմանված ժամկետում ներկայացրել են տարրական հանրակրթական ծրագրով լիցենզիա ստանալու հայտը: Սակայն որոշ ժամանակ անց, ըստ տնօրենի, դպրոցը մերժում է ստանում, բայց ոչ թե դպրոցի լիցենզիան էր դադարեցվում, կամ գործունեությունը` կասեցվում, այլ ուղղակի ծրագրի հաստատման լիցենզիայի հայտի մերժում են ստացել՝ կազմակերպության անվան անհապատասխանության հիմքերով: «Պետական ռեգիստրի և կադաստրի վկայարաններում որևէ անհամապատասխանություն չկա և չի կարող լինել, քանի որ դրանք պետական մարմինների կողմից դպրոցներին տրված վկայականներ են: Կա ուղղում, որը կատարվել է կադաստրի կողմից, և ուղղակի ուշադիր չեն եղել երևի, որ ուղղումը ոչ թե ես եմ կատարել կամ վրիպակ է, այլ կա կնիքով հաստատված տեղեկատվություն, որ այն կատարված է կադաստրի կողմից: Ինչևէ: Հայտը մերժելուն պետք է հետևեր նախարարության լիցենզավորման գործակալության կողմից կազմակերպված ընթացակարգ, քանի որ Լևոն Մկրտչյանի հրամանի մեջ նշվում էր, որ հրամանի կազմակերպումը հանձնարարվել է ԿԳՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին, իսկ գործընթացի հսկողությունն էլ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին էր հանձնարարված»:
Դպրոցի տնօրենի ներկայացմամբ՝ լիցենզավորման գործակալությունը ոչ թե պետք է նստեր ու սպասեր, թե հետո ինչ է լինելու, այլ նախարարի հանձնարարությունը կատարեր և դպրոցին ասեր, թե կոնկրետ ինչ խնդիրներ կան փաստաթղթերի հետ կապված: Սարուխանյանի գնահատմամբ՝ ծրագրի լիցենզավորման մերժումը լիցենզավորման գործակալության անբարեխիղճ, ոչ հետևողական գործունեության հետևանք է: «Նրանց գործունեությունը, առհասարակ, ուսումնասիրության կարիք ունի: Այս ամբողջ գործընթացը սկսվել է 2017-ի դեկտեմբեր ամսին: Դրանից հետո ես զրուցել եմ Մովսես Մովսիսյանի հետ ու խնդրել պարզաբանել՝ ի՞նչ անճշտություն կա մեր հայտի մեջ, բայց նա ոչ մի որոշակի պատասխան չի տվել»,- ասաց նա:
Հարցին, թե` այս ընթացքում, քանի դեռ հայտը մերժել են, դպրոցը պե՞տք է դադարեցներ ծրագրի իրականացումը, Սարուխանյանը պատասխանեց` ոչ, քանի որ դպրոցի գործունեության կասեցում կամ դադարեցում տեղի չի ունեցել:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա, տնօրենի խոսքով, քանի որ հայտատուն՝ դպրոցը, իրավունք ունի նաև ընդհանուր կարգով նոր հայտ ներկայացնելու, իրենք, տեսնելով, որ լիցենզավորման գործակալությունից որևէ արձագանք չկա, այս տարվա մայիս ամսին նոր հայտ են ներկայացրել: «Այստեղ երկու խնդիր է եղել. նախ՝ մեր հայտը մերժելու պատճառը հիմնավոր չէր, բացի այդ՝ ԿԳ նախարարի հանձնարարականը չի կատարվել: Սրան պետք է հետևեն գործողություններ, որոնց պատասխանատուն լիցենզավորման գործակալության պետն է, իսկ կատարման հսկողության պատասխանատուն՝ Մանուկ Մկրտչյանը: Այն, ինչ կատարվեց, որևէ կերպ չէի ուզի բնութագրել: Սակայն կուզենայի, որ զրույց և հանդիպում տեղի ունենար ԿԳ նոր նախարարի հետ, քանի որ ես շատ ավելի մանրամասներ կարող եմ ներկայացնել, և չի բացառվում, որ դա կփոխի նախարարի՝ իրավիճակին տրված գնահատականը: Թյուրիմացություն կա, ամեն ինչ չի ներկայացվել այնպես, ինչպես կա»,- ասաց Սարուխանյանը: