Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Եվրոպական խորհրդարանում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն լայն հասարակությանը ներկայացնել մեկ դար առաջ տեղի ունեցած` մարդկության դեմ կատարված առաջին հանցագործությունը, այլեւ իրավական եւ քաղաքական ճանապարհով պահանջել ճանաչում եւ հատուցում: «Արմենպրես»ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ շեշտել, որ ներկա դրությամբ հանձնախումբը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ մշակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ, որը մինչեւ ապրիլի 24ը պետք է դրվի քվեարկությանը:
«Բանաձեւի մանրամասները ներկա դրությամբ չեմ կարող հաղորդել, քանի որ ընթանում է աշխատանք, եւ տեքստի վերջնական տարբերակը դեռեւս չի մշակվել: Բանաձեւը պետք է դատապարտի Թուրքիային մեկ դար առաջ կատարած Ցեղասպանության համար: Մենք նաեւ ցանկանում ենք, որ բանաձեւով իրավական փոխհատուցման պահանջ դրվի: Բանաձեւը կոչ է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Տարբեր առաջարկություններ կան, եւ մենք դրանք քննարկում ենք` ավելի լավ տարբերակի հասնելու համար: Հիմնականում մեծ կուսակցությունների հետ ենք աշխատում, որպեսզի ունենանք անհրաժեշտ ձայներ, եւ բանաձեւը խորհրդարանում կարողանանք անցկացնել»,- ասել է Գասպար Կարապետյանը` հավելելով, որ դեռեւս 1987թ. Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ Հայոց ցեղասպանության մասին եւ Թուրքիայի մասին զեկույցներում մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
«Որոշ չափով լավատես եմ, որ բանաձեւի ընդունումը կհաջողվի: Կա Հայաստան- Եվրոպական խորհրդարան բարեկամության լավ եւ ամուր խումբ: Խմբի անդամները հիսունյոթն են: Սովորաբար, Հայաստանի նման փոքր պետությունների բարեկամության խմբերում առավելագույնը տասը-տասնհինգ հոգի է ընդգրկված լինում: Կարծում եմ` բարեկամության խմբի հետ պետք է կարողանանք հաջողեցնել մեր ծրագրերը: Օրինակ` վերջերս ադրբեջանցիներն էլ կազմեցին Բարեկամության խումբ, բայց գաղտնի են պահում կազմը: Խմբի անդամների թիվն, ամենայն հավանականությամբ, շատ փոքր է: Բացի այդ` Եվրախորհրդարանում այդքան էլ պատվաբեր չէ Ադրբեջանի բարեկամը լինելը»,- նշել է Գասպար Կարապետյանը:
Բացի բանաձեւի ընդունումից, նախատեսվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունն ապրիլին կգա Հայաստան եւ հայ ժողովրդի հետ կոգեկոչի Հայոց ցեղասպանության տարելիցը: «Կազմել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախնական ցանկ, ովքեր կայցելեն Հայաստան: Խմբում ընդգրկված կլիեն ոչ միայն Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի անդամները, այլեւ այլ պատգամավորներ: Բնականաբար, կազմում կլինեն խմբի նախագահ Էլենի Թեոհարիուսը, փոխնախագահներ, ովքեր հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- հայտնել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահը:
Ապրիլի 24-ից հետո էլ Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները կշարունակվեն: Մայիսին տեղի կունենա հուշարձանագետ Սամվել Կարապետյանի` «Եղեռնը Եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը, ներկայացված կլինեն հուշարձանագետի արած լուսանկարները: Աշնանը Հայ դատի հանձնախումբը կնախաձեռնի միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանությանը:
«Գիտաժողովը կունենա ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական բաժին: Ներկա կլինեն միջազգային իրավունքի մասնագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ: Մենք նաեւ ցանկանում ենք, որ հասարակ քաղաքացիներ էլ ներկա գտնվեն, որ լսեն քննարկումները: Այս ուղղությամբ ներկա դրությամբ ընթանում են աշխատանքներ»,- հայտնել է Գասպար Կարապետյանը` հավելելով, որ մինչեւ ապրիլի 24-ը մի քանի լեզուներով կհրատարակվի Հայոց ցեղասպանության մասին ամփոփ գիրք, որը կպարունակի քարտեզներ, լուսանկարներ: Գիրքը, որը կլինի գերմաներեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով, կբաժանվի Եվրախորհրդարանի պատգամավորներին: