Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որն ամբողջությամբ վերաբերում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, այլ կերպ, քան վերջինիս կողմից նախագահին նետված ձեռնոցը վերցնելու և ԲՀԿ ղեկավարի «դեմքին նետելու» քայլ, դժվար է որակել: Հայաստանում այլևս նոր, խիստ անկանխատեսելի ելքով հղի քաղաքական իրավիճակ է:
Քաղաքական, թե իրավական հետապնդում
Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց անձամբ Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ նա չարիք է երկրի, քաղաքական դաշտի համար, իսկ չարիքից, ինչպես հայտնի է, փորձում են ազատվել, որքան հնարավոր է շուտ: Եվ ազատվելու համար Սերժ Սարգսյանն ընտրեց ամենակարճ և հատու ճանապարհը՝ քրեական և տնտեսական հետապնդում սկսելը: Նա Ծառուկյանին ազատեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, ԱԺ նախագահին և ՀՀԿ խմբակցությանը հրահանգեց բացակայությունների հիման վրա սկսել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը, վարչապետին հանձնարարեց փաստացի տոտալ ստուգումներ սկսել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում, այսօր իր կողմից հրավիրվող ԱԱԽ-ի նիստի շրջանակում կհրահանգի ուսումնասիրել Ծառուկյանի կողմից «քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: Սա նշանակում է, որ բացվելու են թղթապանակները, «գզրոցներից» հանվելու են կոմպրոմատային նշանակության գործեր, և պայքարը Ծառուկյանի դեմ լինելու է ոչ այնքան քաղաքական, որքան իրավական հարթության մեջ:
Թիրախում Քոչարյա՞նն է, Ծառուկյա՞նը, թե՞ ԲՀԿ-ն:
Եթե խնդիրը Քոչարյան-Սարգսյան սրվող դիմակայությունն է, ապա պետք է ենթադրել, որ թիրախում ոչ թե զուտ անձամբ Ծառուկյանն է, ինչպես ներկայացվում է, այլ ԲՀԿ-ն` ամբողջությամբ: Որ առանցքում կարող է ԲՀԿ-ն «պայթեցնելու» սցենարը լինել, վկայում է այն հանգամանքը, որ նախագահը, ընտրելով հանդերձ արագ և միանգամից գործելու, այսպես կոչված` «բլից քրիգ»-ի մարտավարությունը, նախ հայտարարում է իր անելիքների մասին, ապա նոր, փաստորեն, անդրադառնում դրանց իրագործմանը: Այսպիսի մոտեցումը կարող է տրամաբանական լինել միայն այն դեպքում, եթե նպատակը «հակառակորդի» ճամբարում խուճապի և դասալքության սերմեր ցանելն է, որը կոնկրետ այս դեպքում դրսևորվում է Ծառուկյանին շրջապատող գործարար շրջանակներին կողմնորոշվելու և «ռացիոնալ» ընտրություն կատարելու ժամանակ տալու միջոցով: Նախագահն իր ելույթում պատահական չի նշում, թե ԲՀԿ-ում կան ուժեր և անհատներ, որոնց հետ կարող են աշխատել, ինչը բաց ակնարկ է առ այն, որ եթե ԲՀԿ-ում ծվարած բիզնեսմեններն ու կիսաօլիգարխիկ շրջանակները չեն ցանկանում խորտակվել տորպեդահարվող ծառուկյանական նավի կառամատույցին, ապա ճիշտը խորտակվող նավը լքելն է: Սա կարող է ԲՀԿ-ից առնետավազքի տեղիք տալ, պառակտում առաջացնել Ծառուկյանի թիկունքում:
Թեև մի կողմից սա հնարավորություն է ԲՀԿ ղեկավարի համար` թիմը անվստահելիներից ազատելու և կուսակցությունը քաղաքական օրգանիզմ դարձնելու առումով, սակայն նաև շատ լուրջ ռեսուրսի կորուստ կլինի, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը Ծառուկյանն առհասարակ ունենա՝ հաշվի առնելով, որ այդ ընթացքում կարող է նաև ձերբակալվել: Նման սցենարը կկանխորոշի այլընտրանքի խաղն առհասարակ կամ այն կտեղափոխի որակապես նոր հարթություն՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ին շրջապատող ուժերը, հատկապես` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» (վերջինս` մասամբ) կձգտեն այդ դեպքում Ծառուկյանից քաղաքական հալածյալի կերպար ձևավորել և դա դարձնել պայքարի լեյտմոտիվ: Որպեսզի իշխանությունը դա թույլ չտա, պետք է Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու, քրեական հանցագործություններ կատարելու այնպիսի անհերքելի փաստեր ներկայացնել, որոնք անհնարին կդարձնեն նրա կողքին կանգնելու` անգամ տեսական հնարավորությունը:
Մյուս կողմից՝ չի կարելի բացառել նաև, որ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ից, այլ անձամբ Ծառուկյանից ազատվելու մեջ է: Այնուամենայնիվ, թե'Սերժ Սարգսյանը և թե' ՀՀԿ-ն խոսում են ոչ թե ԲՀԿ-ի, այլ հենց Ծառուկյանի՝ չարիք լինելու և քաղաքականությունը նրանից ազատելու մասին: Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, թե փաստացի ինքն է հանդիսացել Ծառուկյանի հովանավորը, նրան «աճեցնողը», նրա կապրիզները համբերատար տանողը, խոսում է այն մասին, որ Ծառուկյանի վերջին գործողությունների ու հայտարարությունների տակ տեսնում է իշխանության և անձամբ իր վերահսկողությունցի դուրս գալու, ավելին՝ արդեն իր դիրքերին սպառնալիք դառնալու միտում ու փորձում է, պոկելով ԲՀԿ-ի գլուխը, վերացնելով իր համար այդ պոտենցիալ վտանգավոր էլեմենտը, չափավորել ԲՀԿ-ի հավակնությունները՝ նրան դիտարկելով որպես ուժեղ, բայց կառավարելի ընդդիմություն: Այս դեպքում հարվածը կհասցվի ԲՀԿ-ի քաղաքական կամ արմատական թևին, ինչը նշանակում է, որ իշխանությունը շահագրգռված չի լինի այնտեղից լուրջ արտահոսքով:
Ինչո՞ւ ապրիլի 24-ից առաջ
Ծառուկյանին «նվիրված»` Սերժ Սարգսյանի ելույթը բազմաթիվ հարցեր է առաջացրել, նաեւ՝ թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ նման կտրուկ գործողությունների անցնելու համար ընտրվեց հենց այս պահը: Դժվար է հավատալ, որ դա պայմանավորված էր զուտ փետրվարի 5-ին Ծառուկյանի ելույթն այդքան ծանր տանելու հանգամանքով: Առջևում ապրիլի 24-ն է, և դա պետք է որ լրջագույն զսպող հանգամանք լիներ, մանավանդ, որ Ծառուկյանը ոչ մի ակնարկ չէր արել մինչ այդ ինչ-որ շրջադարձային գործընթացներ սկսելու մասին: Եթե, այդքանով հանդերձ, Սերժ Սարգսյանը սպասել չի ցանկանում և դիմում է մի քայլի, որն, ըստ էության, նշանակում է գնալ «վա բանկ» և ներքաղաքական իրավիճակի հնարավոր սուր ապակայունացման՝ բախումների միանգամայն հնարավոր հեռանկարով, նշանակում է դրա համար ունի առավել քան լուրջ պատճառներ: Որո՞նք են դրանք, թերևս պարզ կլինի առաջիկայում:
Իհարկե, կարելի է Սերժ Սարգսյանի ելույթում տեսնել Ծառուկյանին անձնավորելու ընդգծված միտում: Մանավանդ` այն առումով, որ նրան ուղղված որոշ որակումներ ու գնահատականներ հանգիստ կարող էր տալ նաև իր թիմակիցներից շատերին: Գոնե քաղաքականությունն ապաքաղաքական տարրերից մաքրելու մտադրության մասով թերևս նաև ՀՀԿ-ի ներսը նայելու և այնտեղ ևս վերանայումներ կատարելու անհրաժեշտություն կա, որը չանելու դեպքում ոչ օբյեկտիվ գտնվելու հետ կապված հարցերը կարող են մնալ ՀՀԿ-ի կոկորդում և լայն հասարակությանը թույլ տալ մտածել, թե այս ամենն ընդամենը ուղղված է ուժեղ մրցակցից ազատվելուն:
Պետք է, ի վերջո, հասկանալ՝ սկզբունքը «Ծառուկյա՞ն չարիքից» ազատվելն է, թե՞, առհասարակ, քաղաքականությունից «հարուստ տգիտությունը» վերացնելը կամ բոլոր քրեական ու տնտեսական հանցագործներին բացահայտելը՝ անկախ կուասկցական պատկանելությունից: Հետևաբար, պետք է հուսալ, որ սրանով սկսվում է վերաարժևորման շատ ավելի մասշտաբային մի պրոցես՝ դուրս զուտ հակածառուկյանականության նեղ սահմաններից:
Գևորգ Աղաբաբյան
Հ.Գ. Այս ամենում խիստ հետաքրքրական է դառնում նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործոնը: Նախագահը նրան հերթական փորձությանն է ենթարկում՝ հենց նրան հանձնարարելով գտնել իր խնամու կողմից հարկային պարտավորություններից խուսափելու կոնկրետ փաստեր և ներկայացնել: Սերժ Սարգսյանը Աբրահամյանին հանում է Ծառուկյանի դեմ՝ նրան կանգնեցնելով կոնկրետ ընտրություն կատարելու խնդրի առջև` հրաժարական կամ Ծառուկյանից «հրաժարում»: Աբրահամյանը, կարծես, կատարել է ընտրությունը՝ փետրվարի 9-ին Ծառուկյանին ուղղված սթափության և կուսակցությանը սանձելու հայտնի կոչով, որով առաջին հերթին հավաստեց հավատարմությունը նախագահին: Մարդկայնորեն կարելի է հասկանալ Աբրահամյանի վիճակը: Հարցն այն է՝ կհասկանա՞ նրան խնամին: