Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատերը կփորձեն օգտվել Բերձորում կատարվածից եւ Արցախի ու ՀՀ-ի միջեւ սեպը խորացնել, բայց արցախցին այդ միջադեպի հետ կապ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա պատմեց, որ իրեն, նախքան ավտոերթը՝ դեկտեմբերին, զանգահարել է ԼՂՀ ոստիկանապետը: «Նա խնդրում էր, որ մենք մտքափոխվենք: Ես բացատրում էի, որ դա հնարավոր չէ: Մի քանի անգամ է զանգել»,- ասաց Սեֆիլյանը եւ պատմեց, որ դրանից հետո արդեն ԼՂՀ-ում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԼՂՀ նախագահը եւս համոզել է՝ հրաժարվել ավտոերթից: Եղել է նաեւ ընդլայնված հանդիպում՝ ԱԱԾ պետի, փոխվարչապետի, պաշտպանության փոխնախարարի, գլխավոր դատախազի մասնակցությամբ:
«Այդ երկու-երեք ժամվա մեջ անընդհատ փորձում էին խնդրել, անընդհատ մեզ փորձում էին ընկերական խնդրել, որ մենք մտքափոխվենք եւ հրաժարվենք ավտոերթից»,- ասաց նա եւ հավելեց, որ, հարգելով դիմացինների անցած ուղին, պարզապես բաժանվել են՝ առանց ասելու, որ հրաժարվում են ավտոերթից: Հետո արդեն որոշել են, որ դեկտեմբերին նախատեսված ավտոերթից կհրաժարվեն:
Սեֆիլյանը հայտնեց, որ իրականությանը համապատասխանում է նաեւ այն տեղեկությունը, որ իր հետ հանդիպել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բայց ոչ Սեֆիլյանի տանը: «Հանդիպում եղել է ոչ պաշտոնական վայրում: Առաջին հանդիպումը եղել է դեկտեմբերի վերջին՝ Նոր տարվա նախօրիեն: Երկու ժամվա ընթացքում մենք չենք խոսել ավտոերթից, խոսել ենք տարբեր հարցերից, որոնք վերաբերում են մեր երկրի ապագային: Երկրորդ հանդիպման ժամանակ՝ ավտոերթից օրեր առաջ, բացի այլ կարեւոր հարցերից, խոսել է նաեւ ավտոերթից, փոխանցել Բակո Սահակյանի խնդրանքը՝ չեղյալ համարել ավտոերթը: Ես բացատրել եմ, որ չեմ կարող»,- պատմեց Սեֆիլյանը: