կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-22 14:46
Հասարակություն

Հայաստանում դեռևս կա ազնիվ պայքար. Ժիրայր Սեֆիլյան

Հայաստանում դեռևս կա ազնիվ պայքար. Ժիրայր Սեֆիլյան

Ազատության հրապարակում «Դեմ եմ պարտադիրին» շարժման նախաձեռնած հանրահավաքը սկսվեց ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածի հնչեցմամբ` ՀՀ օրհներգի ներքո:


«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հպարտ ենք, որ այստեղ հավաքվել են մեկ հարցի շուրջ համախմբված` ՀՀ քաղաքացիները, կեցցեք»,- ասաց «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը` ողջունելով հանրահավաքի մասնակիցներին:

 

Շարժման մեկ այլ անդամ` Հայկ Ավետիսյանը, կարդաց աշխարհի տարբեր երկրների ափյուռքահայ կազմակերպությունների ողջույնի խոսքը` ուղղված հանրահավաքի մասնակիցներին:

 

«Դեմ եմ» շարժման անդամ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Ազատության հրապարակում հավաքված  հազարավոր քաղաքացիները ապացուցում են, որ «Դեմ եմ»-ը մի քանի «արկածախնդիրների» շարժում չէ, այլ մի ամբողջ ժողովրդի դիրքորոշում: «Մենք միայն ժխտող չենք, մենք նաև կողմ ենք բարեկեցիկ, ազատ ու ժողովրդավար պետությանը, կողմ ենք, որ հայը հետ դառնա իր հայրենիք, որ հայը շենացնի իր տունը ու պահպանի իր տեսակը: Եկեք պարզապես տեր լինենք մեր երկրին` լինելով միասնական»,- ասաց նա:


Ելույթ ունեցավ նաև Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ Արցախյան պատերազմի տարիներին քչերն էին համոզված, որ կազատագրեն Արցախը, բայց Արցախը ազատագրվեց, սակայն կռիվն ավարտված չէ, այսօր նոր սերունդը խնդիր է դրել ազատագրել Երևանն ու ՀՀ-ն ամբողջությամբ: «Հուսահատ ելույթներ են հնչում, թե այսօր ազնիվ պայքար Հայաստանում չի մնացել: Սակայն «Դեմ եմ» շարժումը հակառակն է ապացուցում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: