կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 12:21
Հասարակություն

Կճոյանի «Բենթլին» ազատվա՞ծ է գույքահարկից

Կճոյանի «Բենթլին» ազատվա՞ծ է գույքահարկից

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը ներկայացրեց պարզաբանումներ HSBC բանկում կաթողիկոսի հաշվեհամարի շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ:

 

Ըստ այդմ` այդ հաշվեհամարը ոչ թե կաթողիկոսի անձնական հաշվեհամարն է, այլ նախորդ կաթողիկոսի՝ Գարեգին Առաջինի գահակալության օրոք բացված հաշվեհամարն է, և Գարեգին Առաջինի մահից հետո տեղի է ունեցել անվանափոխություն ներկայիս կաթողիկոսի անունով: Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Վազգեն Առաջին կաթողիկոսն էլ իր գահակալության ժամանակ ունեցել է հաշվեհամար: Մեկ հաշվեհամար էլ կա, որը բացվել է 2014թ. Գարեգին Երկրորդի կողմից՝ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու համար: 

 

«Դա անձնական հաշիվ չէ, պարզապես այն տնօրինելու իրավունք ունի կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հաշվեհամարի տնօրինումը կատարվում է կաթողիկոսի ստորագրությամբ և գիտությամբ: Այդ հաշիվների օգնությամբ իրականացվում է Մայր Աթոռի գործունեությունը»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը՝ հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցին, առավել քան երբևէ, գումարները ծախսում է կանոնավոր, և տեղեկատվությունը ծախսերի վերաբերյալ բաց է ու մատչելի:

 

Լրագրողները հետաքրքրվեցին` ուրեմն եկեղեցին կարո՞ղ է հրապարակել հաշվետվություն իր ծախսերի մասին: «Եթե դուք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եք, կարող եք գալ Մայր Աթոռ կամ պաշտոնական հարցում կատարել, և եթե զգանք, որ պարտավորված ենք ձեզ ներկայացնելու այդ հաշվետվությունը, ուրեմն այն կներկայացնենք»,- պատասխանեց Վահրամ քահանա Մելիքյանը:

 

Լրագրողները փորձեցին հասկանալ` իսկ ինչպե՞ս է եկեղեցին դա զգալու, Մայր Աթոռի ներկայացուցիչը պատասխանեց. «Դա իմ պարտավորությունների մեջ չի մտնում»:

 

Հարցին, թե կաթողիկոսն ունի՞ անձնական հաշվեհամարներ, նա պատասխանեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, դա իր իրավասությունների սահմանում չէ, ապա հավելեց. «Կաթողիկոսը բնակվում է Մայր Աթոռում, և հենց Մայր Աթոռն է հոգում նրա կարիքները»:

 

Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է, որ կրկնվում է Կճոյանի օֆշորային սկանդալը: «Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի, ես շրջանառվող լուրերը չեմ մեկնաբանում»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

 

«Իսկ Կճոյանի «Բենթլին» նույնպե՞ս ազատված է գույքահարկից» հարցին, պատասխանեց. «Ես այդ մասին չունեմ պարզաբանումներ: Դիմեք Արարատյան թեմ, կստանաք պարզաբանումներ»: