կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-11 22:17
Հասարակություն

Սրբազան "Բենթլին"

Սրբազան "Բենթլին"

Եթե Երեւանի փողոցներում «Բենթլի» մակնիշի մի մեքենա տեսնեք, որ «ճռռցնելով» սլանում է Մաշտոցի պողոտայով, հանգիստ կարող եք մտածել, որ ձեր կողքով հենց նոր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանն անցավ ու շտապում է Սուրբ Սարգիս` իր հավատավոր հոտին առաջնորդելու:


Հե~յ գիտի ժամանակներ: Ոնց անցան: Եկեղեցականների փոխադրամիջոցն էշն էր, էշը: Ու ձի չէին նստում, որ իրենց ժուժկալությամբ տարբերվեն իշխաններից: Հիմա հոգեւոր դասը իշխանների ու իշխանական տներից չի էլ ուզում տարբերվել: Չենք ասում բիզնեսի, բանի բնագավառում են մրցման մեջ, թեեւ դա էլ կա, բայց մրցությունն արդեն թեւակոխել է կյանքի հաճույքների ու վայելքների սֆերան:


Կարող է մեկը հարցնել` մի՞թե չի կարող թեմի առաջնորդը «Բենթլի» նստել` էն էլ նվիրած: Կարող է: Թող ավելի լավերը մաշի, եթե այդքան շատ է ցանկանում: Բայց երբ նրան իր հոտից մեկը հարցնում է այդ մասին, առնվազն պետք է բացատրի, որ այդ նվերը Աստծուն եւ եկեղեցուն մատուցած ազնիվ ծառայության, իր հոտը հովվելու անդուլ աշխատանքի համար է, այլ ոչ թե իր անձի բարեկեցության, ինչը, անշուշտ, աստվածահաճո բան չէ, եթե, մանավանդ, հովվածդ հոտը աղանդավորի կեսբերան հորդորից հետո նրա գիրկն է թռչում:


«Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը քանդելու եւ նրա տեղում եկեղեցի կառուցելու անհաջող փորձից հետո, Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես տեսնում ենք, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել հասարակական կարծիքի հետ: Տպավորություն կա, որ մի տեսակ հակասություն է ստեղծվել եկեղեցու եւ հասարակության միջեւ, ինչն ընդհանրապես չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ: Չի կարող նման բան լինել: Եկեղեցին պետք է գնա ժողովրդի մոտ, լինի նրա առօրյայի մասնիկը, նրա դժվարություններն ու հոգսը կիսողը, նրան վատ ճանապարհներից հետ պահողը:

 

Մինչդեռ Սրբազան հայրը մեզ հեռացնում է իրենից` ի՞նչ գործ ունեք, թե ես ինչպես եմ վարվելու նվեր ստացած մեքենայի հետ: Իսկ մեքենան, ինչպես պնդում են մի շարք լրատվամիջոցներ, ոչ ավել ոչ պակաս 180-200 հազար ամերիկյան դոլարի է ձգում: Նվեր տվողն, ի դեպ, ուրիշ մարդ չէ, առաջնորդական փոխանորդի սանիկն է, ում նա երեւի կարող էր խնդրել, որ մանավանդ պահքի այս օրերին իրեն չգայթակղի նման բաներով ու գումարը նվիրաբերի եկեղեցուն` ի շահ Հայ Առաքելական հավատի ամրապնդմանը:


Բայց, ինչպես տեսնում ենք, հոգեւոր հայրերն էլ դեմ չեն անձնական շքեղություններին, ինչն անպայման իր ազդեցությունը կունենա վերջին դրամներով մոմ առնող հավատացյալի ենթագիտակցության վրա: Իսկ որ ավելի վատ է, բարձրաստիճան կրոնավորն արդեն չի կարողանում տիրապետել իր անձն ու անցնում է խոսելու աշխարհիկ ոճերին` հավասարվելով փողատեր տղերքին, ովքեր, եթե ամոթ չլինի, եկեղեցում նույնիսկ գինարբուք կսարքեն:


Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ