կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 14:51
Իրավական

Դատապարտյալը համոզված է` իր դեմ մահափորձը ծրագրել է ՔԿՀ վարչության նախկին պետը

Դատապարտյալը համոզված է` իր դեմ մահափորձը ծրագրել է ՔԿՀ վարչության նախկին պետը

Անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը: ՔԿՀ վարչության նախկին պետը մեղադրվում էր մեկ այլ դատապարտյալի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանի մահափորձը նախապատրաստելու մեջ: 

 

Ս. Հովհաննիսյանին նմանօրինակ մեղադրանք էլ առաջադրվել նաև  «Գորիս» ՔԿՀ-ում  դատապարտյալ Արթուր Այվազյանի դեմ մահափորձ իրականացնելու համար, սակայն գործը մի քանի անգամ կարճվել է, իսկ  վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի կայացրած վճիռը: Այդ կապակցությամբ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը համապատասխան գանգատով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Դատապարտյալի խոսքով` իր նկատմամբ Սամվել Հովհաննիսյանի կողմից  կազմակերպված մահափորձն իրականացվել է «Գորիս» ՔԿՀ-ում 2006թ. ապրիլի 29-ին: Մահափորձի արդյունքում ինքը դաժան խոշտանգումների է ենթարկվել և ստացել միջին ծանրության վնասվածքներ: Այվազյանի համոզմամբ, սակայն, մինչ օրս այդ հանցագործությունը չի բացահայտվել, իսկ այն պատվիրած ու կազմակերպած անձինք չեն ենթարկվել համապատասխան քրեական հետապնդման ու պատժի:

 

Մտահոգություն հայտնելով սույն գործի վերաբերյալ` դատապարտյալը պահանջում է պետական մարմիներից` իրենց լիազորությունների շրջանակներում հետամուտ լինել, որպեսզի բացահայտվի հանցագործությունը, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: 

 

Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը ՔԿՀ վարչության պետի պաշտոնից ազատվել է 2006-ի հունիսին` ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: