կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 16:16
Իրավական

Երկարատև պայքարից հետո «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը հաջողության հասավ

Երկարատև պայքարից հետո «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը հաջողության հասավ

Երկարատև պայքարից հետո «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունու պատժի կրման ռեժիմը փոխվել է: Շուրջ երկու ամիս է` նա պատիժը կրում է բաց տիպի ռեժիմում, ապրում «Կոշ» ՔԿՀ-ին մոտ բնակավայրում և  աշխատում «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի հացաթխման մասնաճյուղում:

Ամատունին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատժի կրման ավարտին մնացել է 4 ամիս: Մինչ այդ նա պատրաստվում է գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ռուբեն Ամատունին շնորհակալություն հայտնեց իր խնդրով հետաքրքրված լրատվամիջոցներին:

Հիշեցնենք որ, դեռևս նախորդ տարի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն աննախադեպ վճիռ էր կայացրել` վերացնելով «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի` Ամատունու պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մերժելու մասին որոշումը և պարտավորեցրել՝ Ամատունուն վաղաժամկետ ազատելու միջնորդությունը ներկայացնել անկախ հանձնաժողովին: Սակայն, հակառակ կալանավորի սպասումներին, հանձնաժողովը մերժել էր նրան: Ամատունին, օգտվելով հանձնաժողովի որոշումները բողոքարկելու` օրենքով տրված հնարավորությունից, կրկին դիմել էր Արագածոտնի մարզի դատարան: Սակայն դատավոր Սուրիկ Մնոյանը մերժել էր նրան: Այնուհետև Ամատունին դիմել էր Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժել էր նրա բողոքը, բայց նա դիմել էր Վճռաբեկ  դատարան: