կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 12:13
Քաղաքական

Պետք չէ քաղաքականացնել, որովհետև հետևանքները կկրեն հենց այդ քաղաքական ուժերը. ՀՀԿ

Պետք չէ քաղաքականացնել, որովհետև հետևանքները կկրեն հենց այդ քաղաքական ուժերը. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության մասին, որում դիտարկվում է ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու միջադեպի կապակցությամբ ԱԺ աշխատանքները բոյկոտելու տարբերակը, ասաց. «ԱԺ նիստերը բոյկոտելը քաղաքական գործողությունների ամենավերին, ծայրահեղ քայլերից մեկն է: Ես չէի ցանկանա այս միջադեպը որևիցե կերպ քաղաքականացնել: Մենք` ինքներս, ոչ միայն այս ամենը քննադատում ենք, այլև վստահ ենք, որ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն այս միջադեպի հետեւում կանգնած մարդկանց ու կտան հստակ գնահատական: Ուրեմն պետք է հորդորեմ իմ գործընկերներին` այս փուլում ձեռնպահ մնալ ԱԺ աշխատանքները բոյկոտելու փորձից»:

 

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ ազատ է իր գործողություններում:

 

Նրա խոսքով` եթե դիտարկենք ծեծվելու միջադեպը, թե երբ է այն տեղի ունեցել, նաև դիտարկենք ծեծվողին, ով զբաղվել է հասարակական որոշակի ակտիվ գործունեությամբ որոշակի ժամանակահատվածում` դա «Կասեցում» նախաձեռնությունն է, ապա այդ նախաձեռնությունն իր նպատակին հասել է, այսինքն` ԱԺ-ն հետաձգեց այդ օրենքի` գործողության մեջ մտնելու ժամկետը, այսինքն` չէր կարող խնդիր առաջանալ` կասեցնել այդ շարժումը:

 

«Իշխանություններին էլ ավելի կոշտ քննադատություններ են եղել թե' ԱԺ-ում, թե' ԱԺ-ից դուրս, և որևիցե մեկին իշխանությունը չի պատժել: Ուստի, որպեսզի մենք ենթադրությունների ու կասկածների տիրույթում չհայտնվենք, պետք է հույս հայտնենք, որ իրավապահ համակարգը շուտափույթ բացահայտի դեպքը, իսկ քաղաքական այս կամ այն ուժերը չփորձեն քաղաքական շահարկումներ անել ու դրա տակ ինչ-որ քաղաքական պրոցեսներ տանել: Պետք չէ այդ միջադեպը քաղաքականացնել, այն իրավական դաշտում է: Երբ այն կբացահայտվի, նոր կփորձենք գնահատական տալ: Պետք չէ քաղաքականացնել, որովհետև դրա հետևանքները կկրեն հենց այդ քաղաքական ուժերը»,- ասաց Հովհաննես Սահակյանը: