կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-19 17:50
Քաղաքական

Ռուսերենի հարցն անհասկանալի ձևով անընդհատ փորձում են քաղաքականացնել. Լևոն Մկրտչյան

Ռուսերենի հարցն անհասկանալի ձևով անընդհատ փորձում են քաղաքականացնել. Լևոն Մկրտչյան

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին, թե լեզուների զարգացման հայեցակարգում ինչու է այնպես ստացվել, որ ռուսերենն առանձին հայեցակարգ ունի, իսկ մնացած լեզուներն` առանձին:

Ի պատասխան` ԿԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բխում է այն հանգամանքից, որ մյուս օտար լեզուները լատինատառ հիմքի վրա են, իսկ ռուսերենը` կիրիլիցայի: Բացի այդ` ԿԳ նախարարը հիշեցրեց` ռուսերենը մեր դպրոցներում, որպես օտար լեզու, երկրորդ դասարանից են սովորեցնում, իսկ անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը դպրոցներն ընտրում են:

«Բացի այդ` մեր մասնագիտական գրականության բացարձակ մեծամասնությունը ռուսալեզու է` դրան գումարած փաստը, որ ունենք մեծ Սփյուռք ՌԴ-ում, որն ակտիվ կապի մեջ է ՀՀ-ի հետ: Մեզ մոտ տարածվածության մասշտաբով ռուսերենին մոտ է անգլերենը, սակայն մենք մտահոգ ենք ֆրանսերենի և գերմաներենի պահպանման հարցով: Բոլոր լեզուներն էլ դրված են «Օտար լեզուների հայեցակարգ»-երի տակ, այսինքն` պետք չի քաղաքականացնել այս ամենը»,- ասաց նախարարը:

Նրա մեկնաբանմամբ` եթե ուզում ենք, որ Հայաստանի կրթական համակարգը հենվի գիտության վրա, պարտավոր ենք օտար լեզուների դասավանդումն ուժեղացնել:

Ըստ ԿԳ նախարարի` խնդիրն այն է, որ օտար լեզվի իմացությունն է պարտավոր, այլ ոչ թե կոնկրետ ռուսերենի իմացությունը: «Փոքր երկրներն իրենց ազգային լեզվով չեն կարող ստանալ տեխնիկական թարգմանության այն պաշարները, որոնք կան: Դուք մեր գիտնականներից ցանկացած մեկին հարցրեք, թե որ լեզվով է իրենց ավելի մատչելի ու պարզ նյութեր ստանալը: Լեզուների զարգացման հայեցակարգը նոր չէ, որ ընդունում ենք, ուղղակի անընդհատ փորձում են քաղաքականացնել ռուսերենը»,- ասաց Մկրտչյանը: