կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-10 22:21
Առանց Կատեգորիա

Զինվորի թիկունքում բնակիչ է պետք

Զինվորի թիկունքում բնակիչ է պետք

«Երկիր»-ի հարցազրույցը Արցախյան պատերազմի մասնակից, հրետանային գնդի հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Գեորգի Գասպարյանի հետ

- Պարո'ն Գասպարյան, Շուշիի ազատագրումից անցել է ուղիղ 19 տարի: Ի՞նչ էր այդ Հաղթանակը Ձեզ համար:

- Ինչպես իմ, այնպես էլ մեր հայ ազգի երազանքն էր՝ անկախ լինել ու ապրել մեր կամքով: Շուշիի ազատագրումը այդ գործում մեծ դեր խաղաց: Ճիշտ է, դեռեւս մեր հանրապետությունը ճանաչված չէ, Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորված չէ, բայց, կարծում եմ, մեզ կհաջողվի հասնել մեր անկախության ճանաչմանը կամ էլ Հայաստանին վերամիավորմանը: Որպես 25 տարվա զինվորական` չէի պատկերացնում, որ այդ պայմաններում եւ զենքի նման քիչ պաշարով կարող ենք հաղթանակի հասնել, բայց մեր տղաներն իրենց հայրենասիրությամբ, հայրենիքի նկատմամբ նվիրվածությամբ կարողացան հաղթանակել: Մինչեւ հիմա, երբ ամեն անգամ Շուշի եմ բարձրանում եւ իջնում՝ նորից եմ զարմանում, թե ոնց է հնարավոր այդ բերդն ազատագրել: Շուշին շատ բարդ գրավման կետ էր, ուղղակի մեզնից յուրաքանչյուրը գիտեր, թե ինչ պետք է անի:

- Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում աճել է միջադեպերի ու զոհերի քանակը: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ փաստը եւ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անի ղարաբաղյան կողմը:

- Շատ բարդ հարց է: Ես համաձայն չեմ, երբ ասում են, որ խաղաղ պայմաններում ենք ապրում: Ինչպե՞ս ենք խաղաղ պայմաններում ապրում, երբ հիմնախնդիրը դեռ լուծված չէ եւ անկախությունը չճանաչված: Մենք, փաստորեն, գտնվում ենք պաշտպանության, իսկ ադրբեջանցիները հարձակողական վիճակում: Իհարկե, նրանց կողմից պրովոկացիոն քայլեր միշտ էլ կան ու կլինեն, բայց մեր զինվորները պետք է ավելի ուշադիր լինեն՝ չմոռանալով, որ գտնվում են առաջնային գծում, եւ դիպուկահարները նպատակային աշխատում են: Մեր դիրքերն այնպիսին են, որ դիպուկահարի համար հասանելի չեն, իսկ երբ զինվորը խախտում է կարգապահության կանոնները, հայտնվում է դիպուկահարի նշանառության տակ: Դա մի կողմն է, իսկ մյուս կողմից՝ միշտ դիվերսիոն գործողություններ են լինում, որոնք ստիպում են ավելի զգոն եւ ուշադիր լինել: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին համարժեք պատասխան տալուն, ապա, իհարկե, դեպքեր կան, որ պատասխանելն անհրաժեշտ է, ինչպես ասում են՝ թշնամուն տեղը դնելը, այլապես ամեն օր կարող են մարդ սպանել: Համարժեք պատասխան պետք է տալ, բայց որոշ դիապազոնի շրջանակներում:

- Իսկ մեր բանակը, ըստ Ձեզ, պատրա՞ստ է հակահարված տալու, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ:

- Ասացվածք կա. գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Հայը միշտ էլ հաղթող է դուրս եկել, բայց ներքին թշնամությունը մեզ մատնել է: Չնայած ես թոշակի եմ անցել, բայց մինչ օրս սերտ կապեր ունեմ Պաշտպանության բանակի հետ, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Չէի ասի, որ թույլ ենք, քանի որ զենքի, սննդի, հագուստի մատակարարումը բարձր մակարդակի վրա է գտնվում: Բանակն այսօր կարելի է ասել` շատ մարտունակ է: Աստված չանի, որ հարկ լինի, բայց մեր զինվորները ի վիճակի են առաջին ժամերին պաշտպանվել՝ մինչեւ հիմնական ուժերը միանան ու հակահարված տան: Հիմա այն ժամանակվա բանակը չէ՝ այն շատ ավելի է կատարելագործվել: Հետո՝ սուտ են այն խոսքերը, թե պատերազմի վերսկսման դեպքում մեր ազատամարտիկները չեն մասնակցի: Հիշեցի պատերազմի տարիները. Ստեփանակերտով քայլելիս քաղաքը դատարկ էր, նույնիսկ լվացքի պարաններից շոր չկար կախված: Լացս գալիս էր, ու ինքս ինձ հարցնում էի՝ ե՞րբ կլինի, որ լվացքի պարաններից նորից կախվեն երեխաների շորերը: Մի անգամ էլ, դեռ պատերազմը չավարտված, հանդիպեցի երկու երեխայի՝ պայուսակները ուսերին գցած, հարցրեցի՝ ո՞ւր եք գնում, պատասխանեցին, որ արդեն դասերը սկսվել են: Պատկերացրեք իմ ուրախության չափը: Կարծում եմ, որ ներկա դրությամբ մեր բանակը մարտունակ է եւ համարժեք հակահարված տալու ընդունակ, բայց չի կարելի նաեւ թշնամուն թերագնահատել, նրանց համար այս քսան տարին քիչ ժամանակ չէր, նրանք էլ են կատարելագործվել, ահագին զենք գնել:

- Հետեւելով տարածաշրջանի վերջին զարգացումներին եւ հաշվի առնելով սահմանում  հրադադարի հաճախակի խախտումները, որքանո՞վ եք հավանական համարում պատերազմի վերսկսումը:

- Այդ հարցին նույնիսկ Աստված չի կարող պատասխանել, ուր մնաց ես: Ամեն դեպքում, միշտ էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Սխալ եմ համարում այն, որ ասում են հակամարտությունը դեռ լուծված չէ ու պետք չէ այս կամ այն տարածքում շենք կամ մեկ այլ շինություն կառուցել: Իսրայելը կռվի ժամանակ, երբ հող էր ազատագրում կամ գրավում, մեկ ամսվա ընթացքում այդ տարածքներում շենք էր կառուցում ու անվճար բաժանում երիտասարդ ընտանիքներին: Մեր կառավարությունն իր ուժերի չափով անում է, բայց դա շատ քիչ է: Վերաբնակեցումը շատ դանդաղ է ընթանում, բայց, իմ կարծիքով, դիրքում կանգնած զինվորը պետք է զգա, որ թիկունքում մարդ կա: Զինվորի գլխավոր խնդիրը թիկունքում բնակվողների պաշտպանությունը պետք է լինի, իսկ որ տեսնում է 20 կմ-ի վրա բնակչություն չկա, կարող է մտածել նաեւ հետ գնալու մասին:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ