Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
927 կգ հերոինի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն կատարած որոշ արարքների համար զղջում է և ներողություն խնդրում հայ ժողովրդից: Այս մասին yerkir.am-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Արտակ Գարոյանը և նշեց, որ Թուրքիայի Հանրապետությունը տեղյակ է դեպքի մասին:
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն օրեր առաջ հարցաքննության ընթացքում դժգոհել էր, թե առողջական խնդիրներ ունի, և ինքը միջնորդել էր նախաքննական մարմնին` իր պաշտպանյալին բուժզննության ենթարկել: «Այսօր քննիչը հայտնեց, որ նա բուժզննում է անցել, սակայն պարզվել է, որ նրա առողջությանը որևէ լուրջ բան չի սպառնում»,- ասաց փաստաբանը:
Նա նախաքննության ավարտի վերաբերյալ թեև հստակ ժամկետ չկարողացավ նշել, սակայն, հաշվի առնելով գործի աննախադեպ լինելն ու մեղադրյալների` օտարերկրյա քաղաքացի լինելու հանգամանքը, կարծիք հայտնեց, որ առնվազն 4-5 ամիս կտևի:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից ՀՀ-ի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում` հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Իրեղեն ապացույց համարվող` առգրավված մոտ մեկ տոննա հերոինը, որի գինը տարբեր հաշվարկներով սև շուկայում կարող է լինել 80-ից 200 մլն դոլար, կոչնչացվի այս գործով վերջնական դատական ակտ կայացնելուց հետո: