Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն տարածեց մեկուկես տարի առաջ հայ-իրանական սահմանին հայտնաբերված` տարածաշրջանի պատմության մեջ աննախադեպ քանակության հերոինի ոչնչացման վերաբերյալ:
Հերոինի ոչնչացումն իրականացվել է ՀՀ վերաքննիչ դատարանի՝ այս գործով երկու մեղադրյալների վերաբերյալ դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նշենք, որ այս գործով վճռաբեկ դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել 17 տարվա ազատազրկման դատապարտված` 63-ամյա վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպանների բողոքը: Թմրամիջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կազմակերպելու համար 19 տարվա ազատազրկման դատապարտված` «Հովո Լոջիստիք» ընկերության տնօրեն, Թուրքիայի 41-ամյա քաղաքացի Օսման Ուղուրլուն վերաքննիչի որոշումը չէր բողոքարկել վերադաս ատյանին:
Բացի հիշյալ հաղորդագրությունից, հերոինի ոչնչացման մասին տեղեկանում ենք մի քանի հեռուստաընկերությունների պատրաստած ռեպորտաժներից, որոնցից երևում է, թե ինչպես են ԱԱԾ-ի պահոցում ստուգում չհրկիզվող պահարանների կնիքների ամբողջականությունը, բացում դրանք, հերոինով լի պարկերը մեքենաներով տեղափոխում Արարատի ցեմենտի գործարան և վառարանում այրում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այրման «արարողակարգին» մասնակցել են ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ:
Հատկանշական է, որ պատկան մարմինները հերոինի ոչնչացման օրվա և ժամի մասին հարկ չեն համարել իրազեկել էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ցանկացել են խուսափել որոշ լրագրողների՝ իրենց համար անցանկալի հարցադրումներից:
Հերոինով լի տոպրակների պահման վայրը գաղտնազերծվեց
Հերոինի պահման վայրն ու պայմանները հանրության համար գաղտնի էին պահվել գործի ողջ նախաքննության և դատաքննության ընթացքում: Դրա վերաբերյալ մեր հարցադրումներին ԱԱԾ-ն ընդամենը պատասխանել էր, որ թմրամիջոցի նկատմամբ ԱԱԾ-ն իրականացնում է ուժեղացված հսկողություն` իրեղեն ապացույցների պահման կարգի համաձայն:
Հերոինի ոչնչացման գործընթացին հետևած անձանցից մեկը, նկարագրելով թմրամիջոցի պահման վայրը, նշեց, որ դրանով պարկերը պահվել են խորհրդային արտադրության երկաթյա չհրկիզվող պահարաններում, որոնք հերմետիկ փակ չէին: Սա նշանակում է, որ հերոինով լի տոպրակները և չհրկիզվող պահարանի ներսը մեկուկես տարվա ընթացքում պետք է որ փոշեպատ լինեին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահարանը հերմետիկ փակ չէր: Սակայն, մեր զրուցակցի խոսքով, փոշին այնքան աննշան էր, որ տպավորություն էր, թե բեռը մեկ կամ մի քանի ամիս առաջ է տեղադրվել:
Դրանում համոզվելու համար փորձեցինք մի փորձարկում կատարել: Բացեցինք մոտ մեկ ամիս փակ պահված «սեյֆի» դարակներից մեկը, մատներով ստուգեցինք պահարանի կողպեքի՝ ներսի կողմից դուրս ցցված հատվածը, արդյունքում` մատները պատվեցին սև փոշով…
Իսկ մեր զրուցակցի հավաստիացումներից և մեր ձեռքի տակ հայտնված լուսանկարներից երևում է, որ մեկուկես տարի պահարանում մնացած տոպրակները տեղափոխող աշխատակիցների ոչ միայն մատները փոշոտված չեն, այլև նրանց հագուստները տեղափոխման ընթացքում չեն կեղտոտվել:
Ինչևէ…
Հերոինի ոչնչացումը ՝ կասկածի տակ
Yerkir.am-ի հետ զրույցում այս գործով դատապարտված Մարտիաշվիլիի հանրային պաշտպան Հրաչ Հակոբյանն ու վրացի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն հայտնեցին, որ իրենք ներկա չեն գտնվել հերոինի ոչնչացման գործընթացին, ավելին` իրենցից որևէ մեկին տեղյակ չեն պահել այդ մասին, մինչդեռ` հենց իրենք են այս գործով շահագրգիռ անձինք և, բնականաբար, իրավունք ունեին տեսնելու, թե ինչպես է ոչնչացվում այն բեռը, որի պատճառով իրենց պաշտպանյալը ստիպված է 17 տարի անցկացնել բանտում:
Մեր տեղեկություններով՝ հերոինի ոչնչացման ընթացքում որևէ պարկ չի բացվել և չի ստուգվել` արդյո՞ք դա նույն հերոինն է, թե՞ պարկում այլ փոշենման զանգված է:
«Հազարավոր կնիքներ կարելի է նկարահանել, հեռուստատեսությամբ ցուցադրել, բայց կարելի է նաև հերոինի փոխարեն պարկերում շաքարափոշի լցնել, որն արտաքնապես չի տարբերվում հերոինից»,- yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ որպեսզի ոչնչացումն արժանահավատ լիներ, պատկան մարմիններն այդ գործընթացին մասնակից պետք է դարձնեին հասարակական տարբեր սեկտորների ներկայացուցիչների, ինչու չէ` նաև ընդդիմադիր գործիչների:
«Օրինակ, ինչ-որ ընդդիմադիր գործչի ձեռքով կարելի էր պատռել տարբեր պահարաններից հանված մի քանի տոպրակներ և փորձագետի ներկայությամբ վերստին ստուգել դրա պարունակությունը՝ համոզվելու համար` արդյո՞ք դաս հերոին է, թե՞ ոչ: Ոչ թե` կնիքները բացել ու տանել այրելու: Դա մոտավորապես կլիներ լուրջ վերաբերմունք, քանի որ մենք գործ ունենք միլիոնավոր դոլարների արժողությամբ թմրանյութի հետ, որի ամեն գրամը չարիք է, իսկ միայն 100 կգ-ը՝ կարող է 1000 նոր թմրամոլ «ծնել»»,- ասաց նա՝ կասկածի տակ դնելով թմրանյութը ոչնչացնելու փաստը:
Բացի այդ, ըստ նրա, հերոինը ոչնչացնելու համար ստեղծված հանձնաժողովն այն իրականացրել է սովորական ընթացակարգով, մինչդեռ` այս դեպքն առանձնահատուկ էր, հետևաբար, մոտեցումը ևս պետք է առանձնահատուկ լիներ:
Գործընթացը կանոնակարգող մասնագետների հատուկ մոտեցումը սահմանափակվել է` ընդամենը ՄԱԿ-ից ներկայացուցիչներ հրավիրելով և, միջազգային փորձը համաձայն, թմրանյութը կիզման վառարանում ոչնչացնելով:
Թե ինչպես 927 կգ հերոինը դարձավ 850 կգ
Համաձայն ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ «հերոին» տեսակի թմրանյութը, որը կազմել է 927,6 կիլոգրամ ոչնչացվել է հունիսի 6-ին Արարատի ցեմենտի գործարանի վառարանում:
Ուշագրավ է, որ հաղորդագրության մեջ նշված է հերոինի հենց այս քանակը, մինչդեռ` հայտնաբերելուց հետո անցկացված փորձաքննության արդյունքներով` հերոինի քաշը իբր նվազել էր՝ հասնելով 850 կգ-ի:
ԱԱԾ պաշտոնյաները, սակայն, հավաստիացնում են, որ քաշի փոփոխությունը պայմանավորված է եղել նրանով, որ թմրանյութը փաթեթավորված է եղել 47 ստվարաթղթե տուփերով և ժապավեններով, որոնցից ամեն մեկը մեկուկեսից երկու կիլոգրամ է: Կարճ ասած՝ հերոինի քաշի վրա ազդել է «ցելոֆանը»:
Ինչո՞ւ չէր կարելի հայտնաբերված հերոինն օգտագործել բժշկության մեջ
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ մենք գտնվում ենք մի երկրում, որի համար անգամ 1000 դոլարն է լրջագույն թիվ, իսկ հայտնաբերված հերոինը համապատասխան մշակման ենթարկելու դեպքում պետությունը կարող էր այն կիրառել բժշկության մեջ, արդյունքում` այնպիսի ցավազրկող ստանալ, ինչպսին մորֆինն է, որը կիրառվում է ծանր հիվանդությունների դեպքում:
Սակայն պարզվում է` Հայաստաննն ունի միջազգային պարտավորություններ, բացի այդ` դատարանն անկախ մարմին է և ինքն է որոշում կայացնում` ոչնչացնել իրեղեն ապացույցները:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի խոսքով՝ բոլոր երկրներում հայտնաբերված թմրանյութը ոչնչացվում է:
Սակայն այս առումով Գուրգեն Եղիազարյանն այլ կարծիքի է. «Մենք երկիր ենք, որը որոշում կայացնելու հնարավորություն ունի, և նա է որոշում` ինչ անել իր երկրում գտնվող բեռի հետ»:
Հերոինի մութ գործարքը, կամ նարկոբարոնների «նվերը» Հայաստանին
Այս գործով 19 տարվա ազատազրկման դատապարտված` Թուրքիայի քաղաքացու պնդմամբ` հերոինի գործարքի հետևում կանգնած են թուրք նարկոբարոններ Մուստաֆա և Իսմայիլ Նարգիզները: Տեղեկություններ կան, որ այս գործից առանձնացված մաս կա, որի շրջանակներում հետախուզում է հայտարարված պատվիրատուների նկատմամբ, սակայն այս կապակցությամբ որևէ պաշտոնական տեղեկություն հայտնի չէ: Բուն գործի դատաքննության ընթացքում պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են պատվիրատուների մասին, սակայն երբևէ դրան ընթացք չի տրվել:
Հաշվի առնելով հայտնաբերված թմրանյութի շուկայական արժեքը` առնվազն տարօրինակ է, որ դրա պատվիրատուները հետաքրքրված չլինեին դրա ճակատագրով և համակերպվեին այն հենց այնպես ինչ-որ պետության, հնարավոր է նաև ինչ-որ անձանց «նվիրելու» հանգամանքի հետ:
Հիշեցնենք, որ Օսման Ուղուրլուն իր վերջին խոսքում ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով, որ հերոինի գործարքի մասին տեղյակ են եղել թե\' Թուրքիայի, թե\' Հայաստանի իշխանությունները:
«Իհարկե, սրա արդյուքնում մի երկու հանցագործներ կստանան լուրջ եկամուտներ, բայց գործարքի մյուս ծայրում մինիմում 1000 թմրամոլ ի հայտ կգա»,- համոզված է ԱԱԾ նախկին պաշտոնյան:
Օդում կախված հարցեր…
Այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան հերոինի մութ գործարքի մասին, անգամ` այն կապվեց քրեական հեղինակությունների անվան հետ: Որքանով են արժանահավատ գործարքի հետ կապված վարկածները, ոչ ոք չի կարող ասել, սակայն մի բան ակնհայտ է` այս գործով դատապարտված այլազգիները պարզապես դարձան քավության նոխազ մի քանիսի մութ գործարքի ու կեղտոտ շահերի համար: Նրանց մասին շուտով կմոռանան բոլորը՝ հասարակությունը, մարդիկ… Չէ՞ որ հենց սկզբից այս մարդկանց ներկայացրել են որպես չարագործների, որոնց պատժեցին «օրինապաշտ» երկրի օրենքի ողջ խստությամբ, իսկ նրանց բերած չարիքն այրեցին՝ աղտոտելով օդն ու բազմաթիվ հարցեր թողնելով օդում…
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ