|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այս գիշեր բազմաթիվ հայ հավատացյալներ Նոր տարին դիմավարել են հայ առաքելական եկեղեցիներում, ուր առաջին անգամ կատարվել է օրհնության նոր կարգ՝ նռնօրհնեք: Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սուրբ Աստվածածինը, Ամանորի գիշերը նույնպես մարդաշատ էր:
Նռնօրհնեքի արարողությունը սկսվեց գիշերային ժամերգությամբ` 23:00-ից, և շարունակվեց մինչև 24:30-ն: Կատարվեց «Վասն Հանրապետութեան Հայաստան աշխարհի» մաղթանքը: Նախ աղոթքներն ուղղվեցին հանրապետության նախագահին ու մյուս բարձր պաշտոնյաներին, ողջ հայ ժողովրդին:
«Եւ արդ՝ մեք ամենեքեան խոնարհեալ անկանիմք առաջի Քո եւ հայցեմք յամենառատ ողորմութենէդ քումմէ, Տէ՛ր Աստուած մեր, զի պահեսցես եւ պահպանեսցես զՀանրապետութիւն Հայաստան աշխարհի ի խաղաղութեան, ի բարօրութեան եւ յանսասանութեան»:
Հանրապետական մաղթանքից հետո Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ամանորյա իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին.
«Ես էլ իմ սրտագին աղոթքներն եմ ուղղում մեր Բազմագութ Հորը, աղաչում եմ, որպեսզի գալիք Նոր Տարում աստվածային լույսը սփռվի ողջ Հայոց Աշխարհի վրա և պայծառ մնա բոլորիս սրտերում: Թող 2015թ-ը սիրո, խաղաղության և համերաշխության տարի լինի համայն աշխարհի, հայ ազգիս և Սուրբ Եկեղեցուս համար: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի կապակցությամբ և ցանկանում, որ այս տարին ձեր շեմերից ներս մտնի սիրո, հույսի և հավատի հետ միասին և ձեր սրտերում իրական երջանկության լույսը փայլի: Որպեսզի աշխարհը նայելով մեզ` քրիստոնյաներիս, հիանա այն մեծ սիրով, որ ունենք մեր սրտերում և տածում ենք միմյանց հանդեպ: Թող Աստծո սերը, մեր Տիրոջ խաղաղությունը և Սուրբ Հոգու շնորհները միշտ մեզ հետ լինեն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»:
Այնուհետև օրհնված նուռը բաժանվեց ներկաներին:
Քրիստոնեության մեջ նուռը խորհրդանշում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերը՝ իր՝ գավաթում հեղված արյամբ: Նուռը նաև խորհրդանշում է աստվածային շնորհների բազմազանությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշեց, որ այուհետ միշտ Ամանորի գիշերը լինելու է նռան օրհնության կարգ, որը նոր տարվա պես կյանքի խորհրդանիշն է:
Հետաքրքրական էր, որ եկեղեցում հավաքված և հոտնկայս աղոթող ժողովուրդը միայն հրավառության բարձր ձայներից իմացավ, որ Նոր տարվա գալստյան համազարկերն արդեն հնչել են:
Մելանյա Մելքումյան