կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 14:00
Հասարակություն

Հնարավոր է՝ սատկած խոզի միսը հայտնվի մսավաճառի մոտ. նախարար

Հնարավոր է՝ սատկած խոզի միսը հայտնվի մսավաճառի մոտ. նախարար

 

Այսօր` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, լրագրողները գյուղնախարար Սերգո Կարապետյանին հարցրեցին վերջին օրերին սննդի շուկայում արձանագրված` սատկած խոզի մսի վաճառքի մասին: Ինչո՞ւ է սատկած խոզի միսը հասել մինչև վաճառակետ, ինչո՞ւ մինչ այդ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվել: Ինչո՞ւ է գյուղնախարարության ենթակայության ներքո գործող` սննդի պետական անվտանգության պետական ծառայությունը միայն ոստիկանության հետ միաժամանակ հասնում ահազանգի հետքերով, այսինքն` ուշացած:


Նախարարը նշեց, որ սննդի անվտանգության պետական ծառայությունն իր գործառույթները կատարում է: «Եթե մենք խոսում ենք սատկած խոզի մսի վաճառքի մասին, այո, ահազանգ է եղել ոստիկանություն, իսկ ոստիկանությունը հետո դիմել է սննդի պետական անվտանգության ծառայությանը, որ փորձանմուշ վերցնի ու եզրակացություն տա: Պարզվել է, որ այդ կենդանիները սատկած են եղել, և անմիջապես դադարեցվել է դրանց վաճառքը: Հիմա այդ գործը դատաքննչական մարմիններում է քննվում»,- ասաց նախարարը:


Նա նշեց, որ ահազանգն առաջինը եղել է ոստիկանություն, դրա համար էլ առաջինը ոստիկանությունն է արձագանքել, այսինքն` կախված է այն հանգամանքից, թե քաղաքացին որ մարմնին է դիմել:


Լրագրողները խնդրեցին պատասխանել, թե ինչո՞ւ սննդի անվտանգության պետական տեսչությունը նախապես չի արձանագրում փաստը, որ սատկած խոզի միսը հայտնվում է վաճառքի կետերում:


«Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգում է և տալիս վաճառքի թույլտվություն, բայց մեր երկրում որոշ տեղեր վաճառողներն այդ  կարգը խախտում են: Հնարավոր է, որ սատկած խոզի միսը, այո, հայտնվի մսավաճառի մոտ, և անբարեխիղճ աշխատողները ժամանակին չհայտնեն անասնաբույժերին, որպեսզի նրանք եզրակացություն տան ու միսը ստուգեն: Այդպիսի դեպքեր լինում են, նախորդ տարի էլ նման դեպք եղել է, երբ ձիու միս են վաճառել տավարի մսի անվան տակ: Սննդի անվտանգության պետական ծառայությունը հնարավորություն չունի, որ ամեն մսավաճառի  մոտ մի անասնաբույժ կանգնեցնի: Դրա համար կան մարզային, համայնքային անասնաբույժներ, որոնք տալիս են եզրակացություն»,- ասաց նախարարը` խուսափելով պատասխանել հարցին` գուցե արժե, որ փակվի սննդի անվտանգության պետական ծառայությունը: