կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 16:03
Քաղաքական

Ինչ կանի Գալուստ Սահակյանը, եթե նրա ներկայությամբ հայհոյեն Սերժ Սարգսյանին

Ինչ կանի Գալուստ Սահակյանը, եթե նրա ներկայությամբ հայհոյեն Սերժ Սարգսյանին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով չորս ոչ իշխանական խմբակցությունների կողմից արտահերթ նիստի բոյկոտմանը, նշեց, որ այդ խմբակցություններն այդպիսով պարզապես ցանկացան ընդդիմադիր նոր որակներ հաղորդել հասարակությանը:

 

«Հայտարարության տեքստը կազմեք, արտահերթ նիստ հրավիրեք, կողմ արտահայտվեք նիստին: Այս պահին էլ ես դեմ չեմ արտահերթ նիստին, բայց դեմ եմ, որ Ազգային ժողովը դարձրել են շուկա, իրենց մաղձն են ներկայացնում` մոռանալով ինչի համար են հավաքվել»,- ասաց նա:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության դեպքերը հարվածում են օրվա իշխանություններին: Նա հավելեց, որ շղթայական կապ չի տեսնում այդ միջադեպերի մեջ:

 

Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությանը, որ ով իր ներկայությամբ հայհոյի նախագահին, ականջները կկտրի, Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ նա պարզապես կոշտ է արտահայտվել: «Ես էլ եմ դատապարտում, ու պետական չինովնիկները պետք է զուսպ լինեն»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի, եթե իր մոտ Սերժ Սարգսյանին հայհոյեն, ասաց, որ ինքը կոշտ, բայց, միևնույն ժամանակ, իրավաչափ պատասխան կտա. ««Ռեակցիաս կլինի ուժեղ և տեղը տեղին»:

 

ԱԺ այսօրվա նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթում մեղադրեց Գալուստ Սահակյանին, որ նա պատգամավորներին պատշաճ չի տեղեկացրել դեպքերի մասին: Մեկնաբանելով Ֆարմանյանի ելույթը` Գալուստ Սահակյանն ասաց. «Նա էլ ձեզանից մեկն է, ինչ կուզենա` կխոսա, ինչ կուզենա` չի խոսա, դրա համար խորհրդարան գալուց առաջ պետք է լավ ուսումնասիրել բոլորի լիազորությունների շրջանակը, և անհիմն հայտարարություններով հանդես գալը, կարծում եմ, հանրապետականի տեսակետ չէ»: