Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-12-12 12:16
Իրավական

Եթե պետք լինի, ես նրան կպաշտպանեմ. գյումրեցի փաստաբանն` իր տան ուղղությամբ կրակած աշխատակցի մասին

Եթե պետք լինի, ես նրան կպաշտպանեմ. գյումրեցի փաստաբանն` իր տան ուղղությամբ կրակած աշխատակցի մասին

Երեկ Գյումրիում փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ արձակված կրակոցը մի կաթիլ մեղրի պատմության պես մեծ աղմուկ բարձրացրեց: Խոսվում էր, որ դիտավորություն է, նպատակ են ունեցել վախեցնել նրան և այլն: Սակայն երեկ yerkir.am-ը գրեց, որ իրականում կատարվածը պատահականություն է` քաղաքի թափառող շներին անհաջող վնասազերծելու հետևանք:

 

Այսօր էլ տեղեկացանք, որ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող` թափառող շների վնասազերծման և տեղափոխման հարցերով զբաղվող «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի աշխատակիցը քննչական բաժնում խոստովանել է, որ երեկ առավոտյան փաստաբանի տան տարածքում փորձել է շուն վնասազերծել:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղանման զանգված, որն, ամենայն հավանականությամբ, որսորդական հրացանից արձակված գնդակի մնացորդ է: Նշանակվել է փորձաքննության` պարզելու համար` արդյո՞ք հայտնաբերվածը համապատասխանում է հրացանի գնդակին, թե՞ ոչ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Թամարա Յայլոյանը նշեց, որ ի սկզբանե մտադրություն չի ունեցել հայտարարություն տալու, սակայն, քանի որ լրատվամիջոցներում լուր է տարածվել, ստիպված է եղել ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տալ, այնուհետև իրեն են այցելել քննիչն ու դատախազը:

 

«Բոլորն անհանգստացած էին, բայց ես հենց սկզբից ասել եմ, որ որևէ մեկի հանդեպ կասկած չունեմ, քանի որ քաղաքում որևէ մեկի հետ պրոբլեմ չունեմ: Ես նույնիսկ մաքրել էի հետքերը, պատուհանը կպչուն ժապավենով փակել, քանի որ չեմ մտածել, որ պետք է հետազոտվի հետո»,- ասաց նա և հավելեց, որ որևէ մեկի դեմ բողոք չունի:

 

«Եթե պարզվի այդ տղան է եղել, թող չանհանգստանա, եթե պետք է` ինքս էլ նրա պաշտպանությամբ կզբաղվեմ, որ Նոր տարվա օրով պրոբլեմ չունենա»,- ասաց Յայլոյանը` միաժամանակ խորհուրդ տալով ավելի զգույշ լինել: