կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 17:42
Իրավական

Վանաձորում ոստիկանների ուղղությամբ կրակած «գողերը» կալանավորվել են

Վանաձորում ոստիկանների ուղղությամբ կրակած «գողերը» կալանավորվել են

Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակիչներ` 1993թ. ծնված Ռ.Ռստակյանին, 1991 թ. ծնված Ա.Սարգսյանին և 1992թ. ծնված Ա.Գալստյանին:

Քննչական կոմիտեից yerkir.am-ին հայտնեցին, որ հիշյալ անձանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով, իսկ մեկին միայն ապօրինի զենք պահելու և գողության փորձ կատարելու համար:

Դատարանի որոշմամբ` երեք անձանց նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ, նախնական քննության տվյալներով,երեք անձ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, 2016 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկը: Նշված գողության վերաբերյալ ստացված ահազանգով օպերատիվ խմբի կազմում դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ 2 աշխատակից և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, ովքեր բնակարանում հայտնաբերել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց, որի պատճառով վերջիններս, իրենց կամքից անկախ հանգամանքներում, գողությունն ավարտին չեն հասցրել և կրակել են իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող` քրեական հետախուզության բաժանմունքի 2 աշխատակիցների ուղղությամբ ու դիմել փախուստի: