Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի երեխաները որոշ ժամանակ ստիպված են տանը մնալ` մինչև մանկապարտեզի կնքված դռները բացվեն:
Yerkir.am-ի հետ զրույցում Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանը նշեց, որ տարածքում, ցավոք, չկա այլ մանկապարտեզ: Բացի այդ մանկապարտեզից, մեկն էլ կա` վերանորոգվում է, շենքային և գույքային պայմաններն են բարելավվում:
«Մանկապարտեզի բացումը մեզնից կախված չէ: Պատկան մարմինները փորձանմուշներ են վերցրել, պետք է թունավորման դեպքի արդյունքները պարզեն, հետո հայտարարեն, որ մանկապարտեզն այլևս բացիլազերծված է, արդեն կարող է գործել և նոր միայն այն կբացվի»,- ասաց նա:
Ըստ Մուրադխանյանի` մանկապարտեզի շենքային պայմանները գերազանց են, քանի որ այն նոր է վերանորոգվել, և ոչինչ չի խնայվել` ժամանակակից մանկապարտեզ ունենալու համար: Գույքից սկսած մինչև շենքային պայմաններ, լվացքատուն` ամեն ինչ ժամանակակից պահանջներին համապատասխան է: Նրա հավաստմամբ` մանկապարտեզը տեխնիկապես էլ է հագեցված:
«Նույնիսկ այն ժամանակ, երբ մանկապարտեզը վերանորոգված չէր, այսքան բարվոք չէին պայմանները, նման դեպք չէր գրանցվել: Սա անզգուշության հետևանք է, դիտավորության մասին խոսք անգամ լինել չի կարող: Պետք է հասկանալ` ինչպես է վարակը ներթափանցել մանկապարտեզ: Հնարավոր վարկածներից մեկն այն է, որ խոհանոցի աշխատողներից մեկը բացիլակիր է եղել, բայց չի իմացել այդ մասին: Հնարավոր է` առաքված սննդի մեջ է եղել վիրուսը, կամ հիգիենան չի պահպանվել: Մինչև այս ամենը չիմանանք` չենք կարող մեղավորներ փնտրել»,- ասաց Մուրադխանյանը` հավելելով, որ իրեն հաճախ հարցնում են, թե չի՞ պատրաստվում պատժել մեղավորներին, սակայն ինքը չգիտի` ո՞ւմ և ինչպե՞ս պատժի, երբ դեռ պարզ չէ` ո՞վ է մեղավոր: