կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 15:17
Հասարակություն

Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորման առեղծվածը. հակասություններ

Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորման առեղծվածը. հակասություններ

Երեկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր հայտարարությունում նշել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարված հավի մսի, ձվի, տավարի մսի, կարագի, պանրի ուսումնասիրություններից պարզվել է, որ որակի անհամապատասխանություն չի եղել, իսկ տոմատի մածուկի ու խտացրած կաթի ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են: Հայտարարությունում նշված էր նաև, որ թունավորման նախորդ օրը երեխաներին տրվել է «Մուշ» ընկերության արտադրած նրբերշիկ, եւ որ ծառայության «պետի կողմից հանձնարարական է տրվել` «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում»: Հայտարարության տեքստից ստացվում էր, որ ստուգումը «Մուշ» ընկերությունում պայմանավորված է հենց թունավորման դեպքով:

 

«Մուշ» ընկերության փոխտնօրեն Նորայր Ավետիսյանը, սակայն, տեղեկացրեց, որ իրենց ընկերությունում այս պահին իրականացվող ստուգումը պարզապես զուգադիպել է թունավորման դեպքի հետ: «Մեզ մոտ այս պահին իրականացվում է հերթական պլանային ստուգումը, որը Սննդամթերքի անվտանգության ծառայությունն իրականացնում է տարին մեկ անգամ: Հիմա ուղղակի մարդիկ փորձում են այդ փաստը կապել վերջին դեպքի հետ»,- ասաց նա:

 

Անհամապատասխանությունը փորձեցինք բանավոր ճշտել Սննդի անվտանգության ծառայությունից, և մեզ հայտնեցին, որ, իրոք, «Մուշ» ընկերությունում իրականացվող ստուգումը սովորական տարեկան ստուգում է և պայմանավորված չէ թունավորման դեպքով:

 

«Մուշ» ընկերության փոխտնօրենը վստահեցնում է, որ իրենց արտադրանքը թունավորման պատճառ չէր կարող դառնալ: «Մեր նրբերշիկի բաղադրությունն այնպիսին չէ, որ կարող է վնասել մարդու առողջությանը: Այլ հարց է, թե այդ նրբերշիկն ինչ պայմաններում է պահվել, որը հարցի երկրորդ կողմն է արդեն»,- ասաց նա:

 

Մրցույթը շահած «Հայկազունք» ընկերությունից էլ, որը նաև տվյալ մանկապարտեզի սննդի որոշ տեսակների մատակարարն է, մեզ հայտնեցին, որ մանկապարտեզ մատակարարված նրբերշիկն իրենք ձեռք են բերել մանկապարտեզ տեղափոխելու օրը՝ առավոտյան, «Մուշ» ընկերությունից, և մոտավորապես 30 րոպե հետո այն արդեն եղել է մանկապարտեզում:

 

Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ ընկերության արտադրած նրբերշիկը համապատասխանում է որակի չափանիշներին, կստացվի, որ կա'մ տենդերը շահած ընկերությունում, կա'մ մանկապարտեզում այն պահվել է վատ պայմաններում: Նրբերշիկի վերաբերյալ բոլոր վարկածները, սակայն, կարող են վերանալ, եթե պարզվի, որ թունավորման պատճառն այլ սննդատեսակ է:

 

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել երեխաներ: Մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել էր: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել էր 54 երեխա։

 

Գեւորգ Խաչատրյան