կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-05 15:58
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքները չեն հակասում եռյակին. ԲՀԿ

Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքները չեն հակասում եռյակին. ԲՀԿ

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները հարց ուղղեցին ԲՀԿ խմբակցության անդամներին, թե ինչպե՞ս կբացատրեն այն հանգամանքը, որ եռյակի գործընկեր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը շարունակում է պնդել, որ եթե եռյակի լիդերներից մեկը դեմ լինի լիդերների հաճախակի հանդիպմանը, ուրեմն նա այլ նպատակներ է հետապնդում` նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին:

 

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ինչի՞ց է երեւում, որ խոսքը հենց Գագիկ Ծառուկյանի մասին է»:

 

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ գիտի, թե ինչ է ասել Ռուբիկ Հակոբյանը: Ըստ ԲՀԿ-ականների` նա ասել է, որ դրանք տեխնիկական հարցեր են:

 

«Եռյակի ձեւաչափը թույլ է տալիս, որպեսզի եթե տվյալ պահին առաջնորդները չեն հանդիպել` եռյակի ներկայացուցիչներն այդ հարցերն օրակարգում քննարկեն: Որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Միքայել Մելքումյանը:

 

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ինչպես եռյակում կարող են լինել տարաձայնություններ, այնպես էլ եռյակի լիդերները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ: «Ղեկավարների հանդիպումն այնպիսի միջոցառում է, որից հետո որոշակի, կոնկրետ ինչ-որ քայլի ենք մենք գնում: Երկկողմանի հանդիպումներ մշտապես են տեղի ունենում, տեղի են ունենում նաեւ եռակողմ հանդիպումներ, բայց եռակողմ հանդիպումները մենք աշխատում ենք կազմակերպել այն ժամանակ, երբ նախապես աշխատել ենք, որ հասցնենք մինչեւ ղեկավարների մակարդակի»,- ասաց նա:

 

Հարցին` եթե պարզվի, որ ԵՏՄ-ին միանալու որոշումը սխալ է եղել, ԲՀԿ-ն պատրաստ կլինի՞ ներողություն խնդրել այդ որոշման համար, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ներողություն խնդրելն ուժեղի հատկանիշ է: Եթե մենք տեսնենք, որ մի քայլ ենք արել, որից երկիրը տուժել է, անշուշտ, կխնդրենք ներողություն, բայց ես այս պահին չեմ տեսնում այդ տեղը»:

 

Հարցին, թե այսօր ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մենք այդ միջոցառումը չենք ընկալում որպես եռյակի գործունեությունից շատ կտրված: Եռյակի ձեւաչափում կուսակցությունները չեն դադարում իրենց քաղաքական գործունեությունն իրականացնել: Ես գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռնարկած միջոցառումը որեւէ կերպ չի վնասում կամ հակասության մեջ չէ եռյակի ռազմավարական գործունեության հետ: Իսկ մասնակցությունը կարող է լինել անհատական: Եթե մեր շարքերից կա ցանկություն` կարող են մասնակցել: Եթե մարդիկ զբաղված են այլ կուսակցական գործունեությամբ, իրենց որոշելիքն է»:

 

Հարցին՝ Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք, նա պատասխանեց. «Ես այդ պահին նիստի եմ լինելու: Եթե այդ նիստից ազատված կլինեմ, կարող եմ լսել, տեսնել, թե ինչ է կատարվում»: Իսկ Ստեփան Մարգարյանն էլ հավելեց. «Դե, եթե պարոն Մելքումյանը նիստ ունի, ես էլ ունեմ»: