Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկարատև ընդմիջումից հետո ոչ իշխանական եռյակը վերջապես նիստ հրավիրեց` որոշակիացնելով իր առաջիկա անելիքները:
Եռյակը, ըստ այդմ, նախ վերջնական որոշում է կայացրել մերժել նախկին քառյակի ձևաչափով ներկայացված 12 կետանոց պահանջների շուրջ երկխոսություն սկսելու` վարչապետի առաջարկությունը, ապա հայտարարել է դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք «հզորագույն» հանրահավաք-երթի մասին:
Ճգնաժամ ապրող եռյակից դեռ որոշակի սպասելիքներ ունեցող հասարակական-քաղաքական շրջանակների համար, իհարկե, այս կոնկրետացումները որոշակի նշանակություն ունեն, քանի որ հույս են ներշնչում, թե հնարավոր է հաղթահարել ձևաչափի ներսում առկա մարտավարական լուրջ տարաձայնությունները:
Եռյակի այս` դեռևս «հում» ձեռքբերման իրական պատճառն իշխանության երկու կոպիտ մարտավարական սխալներն են: Նախ` պահանջների` հերթականությամբ կատարման ռեժիմ սահմանելու և, առավել ևս, կատարման «ճանապարհային քարտեզ» մշակելու գաղափարը բավականաչափ թափանցիկ մատնում էին եռյակին ձգձգվող երկխոսության մեջ ներքաշելու մտադրությունը: Իշխանության երկրորդ տակտիկական սխալը թույլ տվեց արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 12 կետերի շուրջ կառավարության մոտեցումները փոխելու և ոչ իշխանական ուժերի հետ համագործակցելու վերաբերյալ իր արած հայտարարության մեջ նա նշում էր, թե այդ կետերից յուրաքանչյուրի շուրջ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներից եռյակներ ստեղծելու նպատակը «յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելն» է:
Բոլոր դեպքերում և' նախագահը և' վարչապետը, կարծես, արեցին ամեն ինչ եռյակին համագործակցությունից վանելու համար: Իշխանությունը, կամա թե ակամա, եռյակին դրդեց ոչ միայն վերակոնսոլիդացվելու, այլև ինչ-որ չափով բովանդակություն հաղորդելու ներքին ճգնաժամի պատճառով անելիքների և ծրագրերի հարթությունում առաջացած դատարկությանը: Դրա դրսևորումը դեկտեմբերի 10-ին կազմակերպվող հանրահավաքն է: Արդեն կարելի է չկասկածել, որ այն քաղաքական մասով կառուցված է լինելու իշխանության այս նոր, թվում է, թե ձախողված երկխոսության նախաձեռնությունը էլ ավելի մերկացնելու շուրջ ասելիքի վրա:
Բայց, միաժամանակ, ակնհայտ է նաև, որ այս կոնսոլիդացումը դեռևս չի նշանակում ներքին մարտավարական ճգնաժամի հաղթահարում, որովհետև պայքարը շարունակելու` համընդունելի տակտիկա գտնելու հետ կապված, բոլոր հիմնական խնդրահարույց հարցերը մնում են ակտուալ: Այս տեսակետից դեկտեմբերի 10-ին հրավիրվելիք հանրահավաք-երթը խիստ հարաբերականորեն կարելի է էական ձեռքբերում համարել:
Խնդիրն այն է, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, և ինչպես ամեն տարի, այս անգամ ևս ՀԱԿ-ը պլանավորել էր օրվա խորհրդի շրջանակներում երթ անցկացնել: ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», ըստ էության, ընդամենը միանում են քաղաքական ռեզոնանսների հարուցման տեսանկյունից միանգամայն անմեղ այդ ակցիային: Բայց քանի որ մասշտաբները մեծանում են, ապա խիստ տրամաբանական է դառնում ձեռքի հետ այդ օրը նաև հանրահավաք անցկացնելը և ակցիային քիչ, թե շատ քաղաքական պաստառ տալը:
Պատահական չէր եռյակի վերջին նիստից հետո ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի այն մեկնաբանությունը, թե հանրահավաք-երթը կազմակերպվում է հիմնականում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հիմնահարցերի օրակարգով: Զուրաբյանն, իհարկե, չմոռացավ նաև շեշտել, որ օրակարգային մյուս հարցը լինելու է շարժման հետագա անելիքները ներկայացնելը: Եթե այդ ուղերձը նա չհնչեցներ, մատնելու էր հանրահավաքը զուտ օրվա խորհրդի մոտիվներով հրավիրելու իրողությունը: Հանգամանք, որը ամենամեծ դերն է կատարել հանրահավաք հրավիրելու կոնսենսուսային որոշման կայացումը հեշտացնելու հարցում: Ուշագրավ է, որ նիստի մասնակիցներից որևէ մեկը չի ավետել, թե մարտավարության հստակեցման առումով տարաձանությունները հաղթահարված են:
Այդ դեպքում ԲՀԿ-ն պետք է հայտարարեր, թե վերանայել է առժամանակ հանրահավաքային պայքարից հրաժարվելու և տարածքներում շտաբների ձևավորման վրա կենտրոնանալու իր որոշումը: Նման բան, գոնե առայժմ, տեղի չունեցավ, ինչը ցույց է տալիս, որ առայժմ ներքին ճգնաժամի հաղթահարման առումով որևէ էական փոփոխություն եռյակի ներսում տեղի չի ուենցել, իսկ հանրահավաքի հրավիրումն ավելի շատ այդ խնդիրները քողարկելու և եռյակի կենսունակությունը հավաստելու միջոց է հանդիսանում:
Այս ֆոնին դեկտեմբերի 10-ի հանրահավաքը, բովանդակային առումով, ընդամենը լինելու է հերթականը: Բայց դրա կազմակերպման շուրջ համաձայնության կայացումն էական է այնքանով, որ գոնե թողնելու է եռյակի կողմից հանրային տրամադրությունները «տաք» պահել կարողանալու էֆեկտ: Հաշվի առնելով եռյակում առկա վիճակը` սա էլ քիչ բան չէ:
Գևորգ Դարբինյան