|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Տարօրինակ» զուգադիպությամբ` հենց այն ժամանակ, երբ ոչ իշխանական եռյակի տունը կռիվ ընկավ համաժողովրդական շարժումը հանրահավաքային գործունեությամբ առաջ տանելու նպատակահարմարության կապակցությամբ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ չափազանց հետաքրքրական հարցազրույցով:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը կատարում է երկու հիմնական շեշտադրում, որոնք ոչ միայն բխում են եռյակում տիրող մթնոլորտից, այլեւ, ըստ էության, ուղղված են այդ ձևաչափում առաջացած հակասությունները խորացնելուն: Առաջին ուղերձը, որը հղում է Սերժ Սարգսյանը, ոչ իշխանական քառյակի կողմից ներկայացված 12 պահանջները իշխանության կողմից վերստին քննարկման առնելու պատրաստակամությունն է: «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ պատասխանին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Դեռևս սեպտեմբերի վերջին կառավարությունը պատասխանել էր 12 կետանոց այդ պահանջներին և բավական ցինիկ ինքնագոհությամբ մերժել անխտիր բոլոր պահանջների՝ այս կամ այն չափով կատարումը: Այս ամբողջ ընթացքում, սակայն, Սերժ Սարգսյանը հարկ չէր համարել զգուշացնել կառավարությանը կամ հանձնարարել «փշերով չընդունել» այդ պահանջները, ինչը նշանակում է, որ հարցազրույցում այս կապակցությամբ նրա դիտարկումները, անդրադարձը պահանջներին և կառավարությանը տված հանձնարարությունը պայմանավորված են քաղաքական վերջին զարգացումներով և ունեն տակտիկական նշանակություն:
Հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է ոչ թե այդ պահանջների շուտափույթ կատարման` իշխանությանը հանձնարարության մասին, այլ ընդամենը պահանջները հերթականությամբ կատարելու «ճանապարհային քարտեզը» ոչ իշխանական ուժերի հետ քննարկելու և համաձայնեցնելու: Այսպիսով` Սերժ Սարգսյանն առաջարկում է ոչ միայն քաղաքական նոր օրակարգ, այլեւ ոչ իշխանական եռյակին փորձում է ներքաշել յուրօրինակ երկխոսության կամ բանակցությունների թակարդի մեջ, որից ելք կարող է և չլինել առհասարակ և որը բացարձակապես չի խոստանում այդ պահանջների անվերապահ կատարում:
Այստեղ էականը նման առաջարկ անելու համար ընտրված պահն էր: Փաստացի ԲՀԿ-ն ընտրում է տակտիկական դադար վերցնելու մարտավարությունը, որը եռյակին կանգնեցնում է փլուզման եզրին: Խնդիրը ոչ միայն կամ ոչ այնքան շտաբներ ձեւավորելու անվան տակ շարժումը սառեցնելու մեջ է, որքան դադարի այդ ողջ ժամանակահատվածը ինչ-որ բովանդակությամբ լցնելու, վակուումը լրացնելու:
Եվ ահա Սերժ Սարգսյանը եռյակի համար այս դժվարին պահին առաջարկում է այդ վակուումը լցնել 12 պահանջների կատարման «ճանապարհաջին քարտեզը» գծելու շուրջ համատեղ աշխատանքով, որը տվյալ դեպքում ավելի շատ ֆիկցիա է թվում: Որովհետև առողջ տրամաբանությունը հուշում է, որ այն, ինչ ընդամենը մեկուկես ամիս առաջ կարավարությունը համարում էր անիրագործելի, չի կարող հանկարծ, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դառնալ իրագործելի: Նման մոտեցման պարագայում ստացվում է, որ կա'մ կառավարությունն է անհիմն մերժել, կա'մ Սերժ Սարգսյանն է հիմա դրանք անհիմն իրագործելի համարում:
Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանի այս քայլը նոր դիլեմայի առաջ է կանգնեցնում եռյակին: Մի կողմից` սա հնարավորություն է կառչել այդ առաջարկից և գոնե քիչ, թե շատ հասկանալի բացատրել հանրահավաքային պայքարից առժամանակ հրաժարվելու` ԲՀԿ-ի որոշումը: Սա նաեւ ինչ-որ ելք է մարգինալացումից փրկվելու առումով՝ ՀԱԿ-ի և «Ժառանգության» համար:
Բայց մյուս կողմից` հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ 12 պահանջների թեման փակված է, եւ քառյակն այնքան միամիտ չէր, որ դրանք ներկայացնելիս հավատար, թե իշխանությունը կատարելու է: Այս հայտարարությունից հետո ոչ ոք չի հասկանա, եթե կոնկրետ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հանկարծ հայտարարեն, թե նախագահի առաջարկն ընդունելի է իրենց համար: Այնպես որ` չի բացառվում մի այնպիսի իրավիճակի առաջացում, երբ ԲՀԿ-ն կգնա իշխանության հետ այդ երկխոսությանը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» կմերժեն, ինչով գործնականում եռյակի ձեւաչափը կփլուզվի վերջնականապես:
Սերժ Սարգսյանի երկրորդ ուղերձը պայմանավորված էր սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունից չհրաժարվելու մտադրությամբ: Նա նշում է, թե մինչև 2015թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածը օգտագործվելու է քաղաքական կոնսենսուսի հասնելու համար, ինչը իշխանության համար շատ կարևոր է: Առայժմ այս պնդումը թվում է պոպուլիստական, քանի որ հոկտեմբերի սկզբից, երբ իր խոսնակի միջոցով Սերժ Սարգսյանը հայտնեց հաջորդ տարվա փետրվարին կամ մարտին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին իր դիրքորոշումը հստակեցնելու մասին, առ այսօր քաղաքական նման կոնսուլտացիաներ, դեբատներ կազմակերպելու ուղղությամբ իշխանությունը ոչինչ չի ձեռնարկել:
Եվ սա ցույց է տալիս, որ նման հավաստիացումները ապագա իշխանության ձեւավորման շուրջ ընթացող խոշոր խաղի դետալներից մեկն է ընդամենը: Բայց հարցն, իհարկե, դա չէ, այլ այն, որ Սերժ Սարգսյանի կողմից սա հնչում է որպես 12 պահանջներին վերադառնալու իր որոշման դիմաց ոչ իշխանական ուժերից իր հիմնական ակնկալիք: Այսինքն՝ դուք համաձայնում եք ընդգրկվել սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ քաղաքական դիսկուրսում' այդպիսով մեծացնելով նախաձեռնության լեգիտիմությունը, որի դիմաց մենք վերադառնում ենք 12 պահանջներին: Ընդ որում` Սերժ Սարգսյանը գրեթե թափանցիկ ակնարկում է, որ այդ դիսկուրսի ելքը, այսինքն` պարտադիր կոնսենսուսի հասնելը, իր համար նշանակություն չունի: Կարեւորը գործընթացն է:
Սա, իհարկե, եռյակին ոչինչ չի տալիս: Բայց էականն այն է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է պահպանել ինտրիգը իր կողմից անակնկալ որոշումների կայացման հնարավորության շուրջ: Եվ հենց այդ ինտրիգը, անորոշությունն է մեծ հաշվով ԲՀԿ-ին այսպիսի մանևրներ կատարելու հիմք տալիս` միաժամանակ, խորացնելով ճգնաժամը եռյակում:
Թեեւ չի բացառվում, որ այստեղ ինտրիգը միայն հասարակության և ԲՀԿ-ի արբանյակ ուժերի համար է: Մինչդեռ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի համար այլևս գաղտնիքներ չկան: Համենայն դեպս, գոնե առաջին հայացքից ԲՀԿ-ի և իշխանության առաջնորդների հայտարարությունների ու գործողությունների առավել քան ակնհայտ ներդաշնակությունը թվում է կասկածելի, առնվազն` կասկածելի:
Գևորգ Աղաբաբյան