Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«168 ժամ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 19-ին՝ ժամը 18։33-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց. «Վաղը ժամը 12:00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։
Քիչ անց՝ 19։36-ին, նա հայտարարեց՝ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12:00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»։
Իսկ ահա նույն օրը երեկոյան, ինչպես փոխանցում են 168.am-ի աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում են ունենում Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» սրճարանում, ընդ որում՝ սրճարանի ոչ թե բացօթյա, այլ փակ հատվածում։
Ի՞նչ կարող էին քննարկել վարչապետի մամլո խոսնակն ու մեր երկրում Եվրամիության գլխավոր պաշտոնյան, միայն իրենք կիմանան։ Մենք, թերևս, կարող են ենթադրել, որ քննարկում էին հաջորդ օրվա օպերացիայի դետալների ու Սվիտալսկու արձագանքի թեման։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները հայտարարություն տարածեցին այն մասին, որ համարում են, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները, հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա, կենսական են Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար։
«Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառություններին, որոնք բխում են, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից և քաղաքացիական հասարակության և միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից: Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի և օրենքի գերակայության հիմնարար հենասյուն», – նշված էր հայտարարությունում:
ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած փոխադարձ պարտավորություններին համահունչ՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:
«Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների»,- ասված էր հայտարարությունում:
Այս հայտարությունը, թերևս, իր դիվանագիտական ենթատեքստով հանդերձ՝ ամենամեղմն էր դատարանների արգելափակման առիթով հնչած բոլոր տեսակետների մեջ, իսկ թե ինչո՞ւ և ի՞նչ գնով, կիմանանք առաջիկայում։
168.am-ը փորձեց վարչապետի խոսնակից ճշտել, թե դա ի՞նչ հանդիպում էր, ի՞նչ հարցեր են քննարկվել, և ինչո՞ւ այն չի հանրայնացվել։
Մեզ հետ հեռախոսազրույցում Վլադիմիր Կարապետյանը երկար ժամանակ փորձում էր ճշգրտել ամսաթիվը, շաբաթվա օրը։ Ի վերջո, մեր համառ պնդումներից հետո, այն մասին, որ այդ հանդիպումը հաստատ կայացել է, ու կայացել է մայիսի 19-ին՝ կիրակի օրը՝ ուշ երեկոյան, նա պատասխանեց՝ «Այո, հանդիպել եմ։ Ճիշտն ասած՝ չեմ հիշում արդեն՝ կիրակի օրը թե որ օրն է եղել, հանդիպում ունեցել եմ»։
Հարցապնդմանը, թե ինչո՞ւ այդ մասին չի հանրայնացվել, Կարապետյանը պատասխանեց.
«Չեմ կարևորել, որովհետև մասնավոր հանդիպում է եղել»։
Այնուամենայնիվ հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է մայիսի 19-ին, կիրակի օրը, ուշ երեկոյան, վարչապետի՝ երկուշաբթի առավոտյան դատարաններն արգելափակելու կոչից հետո։
Այլ մանրամասներ վարչապետի խոսնակը չհայտնեց։
Մայիսի 21-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով դատաիրավական համակարգի մասին Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությանը, լրագրողների հետ զրույցում ասել է.
«Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես՝ որպես հայտարարություն, կարծում եմ, այն, ինչ վարչապետը նշել է, մեզ համար շատ պարզ է: Այն շատ աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այսօր Արդարադատության նախարարը խոսել է վեթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: Ինչպես գիտեք, Եվրամիությունը սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով, այսպես կոչված, ալբանական մոդելը, և այսօր այդ վեթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Սա հայկական կողմի համար հաշվի առնելու հնարավորություն է»:
Սվիտալսկու խոսքով, ինչպես Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է նշել՝ բարեփոխումների այս մոդելն աջակցություն, հաստատում է ստացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, մասնավորապես, այն համարվել է դրական:
Փաստորեն, օգոստոսին պաշտոնավարման ժամկետն ավարտող Պյոտր Սվիտալսկուն ճիշտ չէին ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի տեսակետը, որի նախագահի նամակը խնամքով թաքցնում էին իշխանությունները և հրապարակեցին 168.am-ի հրապարակումից հետո միայն։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն մասնավորապես ընդգծել էր. «Ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը»՝ «հարգելով Հայաստանի Սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշերը»։
Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ դիվանագիտական լեզվով ասած՝ սա նշանակում է՝ Սահմանադրական կարգ է խախտվել, որն ընդունելի չէ»։