Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ ասում էր, որ եռյակից դուրս գալու խնդիր չի տեսնում, բայց, միեւնույն ժամանակ, քննադատում է եռյակին, պատասխանեց. «Ճիշտ է ասել Րաֆֆի Հովհաննիսյանը, նման խնդիր դրված չէ, որ «Ժառանգությունը» դուրս գա եռյակի ձևաչափից»:
Նա շեշտեց, որ դեռևս ամբողջությամբ ծանոթ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսի ընթացքում հնչած ձևակերպումներին, քանի որ մասնակցում էր ԱԺ նիստերին:
Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցնում է անընդհատ, որ եռյակի իր գործընկերները մինչև հիմա չեն միացել իր կողմից մշակված հուշագրին, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Եռյակի խորհրդարանական ձևաչափը բավական արդյունավետ գործեց` ազատ ու անկաշկանդ, և բոլոր ձևակերպումները, որոնք արվում էին եռյակի որևէ ներկայացուցչի կողմից, ըստ էության` միասնական տեսակետ էր: Եվ բնական է, երբ եռյակի ձևաչափը դուրս եկավ խորհրդարանական շրջանակներից ու դարձավ կուսակցական, առաջ եկան որոշակի պրոբլեմներ: Եթե մինչ այդ ճշտվում էր միասնական ասելիքը, ապա միջկուսակցական ձևաչափում կուսակցության ղեկավարները երբեմն կարող էին հայտարարություն անել, որոնք հակասում էին եռյակի խորհրդարանական ձևաչափի ընդունած խաղականոններին: Եթե իսկապես խոսում ենք համաժողովրդական շարժման մասին, ապա դրա առանցքը պետք է լինի այն, որ երեք ուժերի ղեկավարները առնվազն պետք է կարողանան ճիշտ համագործակցության դաշտ ապահովել: Ցավոք, մենք դա դեռ չունենք: Այն, որ մինչ այժմ միայն մեկ անգամ է եղել լիդերների եռակողմ հանդիպում, վկայում է այն մասին, որ կա պրոբլեմ, որը պետք է լուծվի: Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ է կողմ եղել լիդերների եռակողմ հանդիպմանը, ինքն էլ է նախաձեռնել, բայց կա այն խնդիրը, որ լիդերների եռակողմ հանդիպումը պակասում է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև պահանջում է հրապարակային գործունեություն: Ռուբիկ Հակոբյանի խոսքով` հրապարակային ասելով` Րաֆֆի Հովհաննիսյանը նկատի ունի, որ պետք է փաստաթղթավորվի եռյակի միասնական համագործակցությունը, որտեղ քաղաքական ուժերը, իրենց առաջնորդների ստորագրությամբ, պետք է հստակեցնեն իրենց անցնելիք ճանապարհը:
«Դա աքսիոմա է: Դա առայժմ մենք չունենք: Չեմ կարծում, թե այդ հարցը չի լուծվի, պարզապես որքան շուտ լուծվի, այնքան լավ»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` եթե լիդերների մակարդակով հանդիպումը դեռ երկար ժամանակ տեղի չունենա, ի՞նչ է կանխատեսվում «Ժառանգության» պարագայում, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Իմ տարբերակը կարող եմ ասել, որ եռյակը` լիդերների մակարդակով, պետք է վերացնի թյուրիմացությունները, պետք է տեր կանգնի շարժմանը, որպեսզի այն ունենա հաջողություն: Պետք է հաճախակի հանդիպեն, միասնական դարձնեն ձևակերպումները, որ տարընթերցումների խնդիր չլինի: Եվ եթե եռյակի լիդերներից մեկը կարող է դեմ լինել դրան կամ խոչընդոտել, ուրեմն կարելի է դատել, որ տվյալ առաջնորդն այլ խնդիր է լուծում: Որովհետև չի կարելի ժողովրդին ներկայանալ որպես միասնական թիմ, բայց չունենալ միասնական ձևակերպումներ»:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ասածը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ, որ եթե կան հակասություններ կամ պայքարի մեթոդների փոփոխություն, ապա ինչո՞ւ «Ժառանգության» ներկայացուցիչները դրա մասին չեն խոսում եռյակի հանդիպումների ժամանակ, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Միքայել Մելքումյանը երևի ներկա չի եղել եռյակի հանդիպումներին, որովհետև այդ հարցերը մշտապես բարձրացվել են եռյակի քննարկումների ժամանակ»: