կարևոր
3181 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-07 11:54
Քաղաքական

Ղարաբաղի լիդերները գերության մեջ են, ի՞նչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ․ «Հրապարակ»

Ղարաբաղի լիդերները գերության մեջ են, ի՞նչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանին իրապես շատ է հուզում: Տեղի ունեցածը եւ տեղի ունեցողը խիստ վտանգավոր են ու մտահոգիչ, բայց Ռուսաստանին մեղադրելուց առաջ պետք է հասկանալ` մենք մաքսիմալ արեցինք ամեն հնարավորը՝ Հայաստանն ու հայկական շահը փրկելու, նրանց պաշտպանելու համար: Այդ մասին հայտարարել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը»,-  մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: 

Նրա խոսքով` եթե Հայաստանի ներկա եւ նախկին իշխանությունները որոշակի զիջումների գնային, պատերազմ գուցե չլիներ, իսկ Հայաստանն էլ շատ հնարավոր է՝ շահած դուրս գար իրավիճակից. «Թե՛ նախքան 44-օրյա պատերազմը եւ թե՛ դրանից հետո Ռուսաստանը խոսել է հնարավոր լուծումների, որոշակի զիջումների մասին, սակայն հայկական կողմը, առանց Մոսկվայի հետ խորհրդակցելու, գնաց որոշակի քայլերի, խոսեց ինչ-որ նոր փաստաթղթերի մասին, որոնք ոչ մի կապ չունեին Ռուսաստանի հետ, ՌԴ-ին զրկելով միջնորդ լինելու հնարավորությունից»: 

Բայց ռուսական կողմը նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված իր պարտականությունները պատշաճ չկատարեց։ «Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո բանակցությունները տեղափոխվեցին Բրյուսել, Վաշինգտոն: Ռուսական կողմը կարծում է, որ եթե հայ ժողովուրդը, Հայաստանի իշխանություններն իրենց հետագա անելիքները տեսնում են Արեւմուտքի հետ, ապա, ի սեր Աստծո, թող այդպես էլ լինի: Հայ-ռուսական հարաբերությունները շատ հին են, պատմական: Եթե ուսումնասիրում ենք մեր մշակույթները, ապա տեսնում ենք, թե որքան շատ են մեր ընդհանրությունները, այնպես որ՝ մենք ոչ միայն քաղաքական դաշնակիցներ ենք, այլեւ` բարեկամ ազգեր, բայց Հայաստանի այսօրվա իշխանությունները լրիվ այլ գիծ են առաջ տանում։ Այդ պարագայում մենք ի՞նչ կարող ենք անել: Հայաստանի համար, ի վերջո, Ռուսաստանը պետք է լիներ անվտանգության երաշխավոր, սակայն Փաշինյանի իշխանությունը կարծում է, որ դա այդպես չէ: Հայաստանում որոշ շրջանակներ փորձում են Հայաստանի պատմությունը կեղծել, բայց եկեք հիշենք՝ ո՞ւմ օգնությամբ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան երկիր ձեւավորվեց. Ռուսաստանի՞, թե՞ Թուրքիայի: Ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ Արեւմուտքը Հայաստանին երբեք չեն օգնել որեւէ հարցում, այսօր էլ, իմ խորին համոզմամբ, չեն օգնելու, բայց եթե ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայ ժողովուրդը գտնում է, որ իր փրկությունն Արեւմուտքի հետ է, ապա մենք ոչինչ անել չենք կարող, բարին հայ ժողովրդի հետ»,- նշեց նա: 

Հռոմի ստատուտի վավերացմանն ինչպե՞ս է արձագանքել ռուսական կողմը, Հայաստանում մտավախություն կա, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին զրկել գազի մատակարարումից եւ այլ խնդիրներ առաջացնել։

«Դա իսկական խուլիգանություն էր, վերջին խուլիգանությունը, որ կարող էր անել Փաշինյանի իշխանությունը: Շատ պետություններ, որոնք մեր ռազմավարական դաշնակիցը չեն, հրաժարվում են Հռոմի ստատուտի վավերացումից, սակայն Հայաստանը գնաց այդ քայլին: Նիկոլ Փաշինյանը սրում է իրավիճակը: Դա շատ վտանգավոր քայլ էր, Վլադիմիր Պուտինի դեմ կոնկրետ քայլ, Նիկոլ Փաշինյանը երեւի մոռացել է, թե քանի անգամ է զանգահարել Պուտինին եւ օգնություն խնդրել, այն ժամանակ, երբ սահմաններում կրակոցներ էին: Ինչ վերաբերում է Հայաստանում գազամատակարարումն անջատելուն, ապա ես նման խոսակցություն չեմ լսել: Ռուսական կողմը Հայաստանի վարած քաղաքականությունից վրդովված է, թե դա ինչպես կազդի, ասել չեմ կարող: Չեմ կարծում, թե նման քայլի գնա ՌԴ-ն եւ Հայաստանին զրկի գազամատակարարումից: Հայաստանի իմիջը Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում շատ է ընկել` հատկապես Ռուսաստանում: Ընդունեք, թե ոչ, ռուս ժողովուրդը մշտապես հայերին համակրել է` բոլոր ժամանակներում: Ղարաբաղի հայերին ռուսական կողմը վերջին շրջանում ավելի շատ է օգնել, քան պաշտոնական Երեւանը: Այն ժամանակ, երբ Հայաստանը ոչինչ չէր անում ղարաբաղահայերի համար, քայլեր ձեռնարկում էր Ռուսաստանը: Այսօր Ղարաբաղի նախկին եւ ներկա լիդերները գերության մեջ են հայտնվել, իսկ ի՞նչ է արել Հայաստանն այդ ուղղությամբ, փորձո՞ւմ է այդ մարդկանց գերությունից ազատել, ինչպե՞ս հասկանանք հայկական կողմի այս տեսակ պասիվությունը….»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում